Ինչպես հայտնի է բոլորին, 405 թվականին ստեղծված հայոց այբուբենի հեղինակն է Մեսրոպ Մաշտոցը։ Սակայն, որ մեր պետության տարածքում հայոց լեզվի համար ներկայումս հիմնականում գործածվող այբուբենը այնքան էլ Մեսրոպ Մաշտոցի հեղինակածը չէ, քաղաքացիների մեծագույն մասը չգիտի։
Բանն այն է, որ աշխարհի ամենակատարյալ այս այբուբենի մեկ եւ կես հազարամյա գրեթե անփոփոխ գործածումից հետո (այդ ընթացքում դրան ընդամենը հավելվել են «օ» եւ «ֆ» տառերը) 20-րդ դարի սկզբում այն կրեց մի շարք հարվածներ, որոնցից դեռ չի ապաքինվել առ այսօր՝ շուրջ մեկ դար անց։ Հայաստանի խորհրդայնացումից հետո՝ 1922 թվականին, հետեւելով դրանից 5 տարի առաջ հեղափոխական Ռուսաստանում կատարված այբուբենի բարեփոխման նախադեպին, Խորհրդային Հայաստանի իշխանությունները փոփոխություններ մտցրեցին հայոց այբուբենի եւ ուղղագրության մեջ։
Մասնավորապես, այբուբենից վտարվեցին «Է», «Ւ», «Օ» տառերը եւ դրանց դերը հանձնվեց ուրիշ տառերին, փոխվեց «Յ» տառի արժեքը։ «Է» հնչյունն այսուհետ պիտի արտահայտվեր «Ե» տառով, «Օ»-ն՝ «Ո» տառով, «Ւ»-ի բաղաձայնական կիրառման դեպքում գործածվեր «Վ»-ն, ձայնավորների շարքում՝ նույն այդ «Ւ»-ի տեղում հայտնվեց նոր տառ կազմված «Ո» եւ «Ւ» տառերի երկգրությամբ, իսկ այբուբենից փաստորեն վտարված «Ւ»-ը սկսեց ընկալվել այսուհետ, որպես «ու-ի պոչ»։
Ի տարբերություն ռուսական այբուբենի լեզվաբանորեն համեմատաբար հանդուրժելի բարեփոխման, հայկական «բարեփոխումը» արվեց հապճեպ եւ այնքան անհեթեթ՝ թե հնչյունաբանական եւ թե՝ գծապատկերային տեսակետից, որ շուտով դա պարզ դարձավ բոլորին եւ արդեն 1940 թվականին մասնակի վերադարձ կատարվեց ավանդական այբուբենին եւ ուղղագրությանը։
Կարդացեք նաև
Վերականգնվեցին «Է» եւ «Օ» տառերը, սակայն «Ւ»-ի տեղում մնաց «ՈՒ» երկգրությունը։ Բացի այդ, «ե»-ի եւ «ւ»-ի կցագրություն կազմող «և»-ը (որը համապատասխանում է լատինական գրի «&» նշանին) սկսեց դիտվել արդեն ոչ թե միայն սոսկ կրճատագրություն, այլ առանձին տառ, որը սակայն չունի համարժեք մեծատառ։
Ու թեեւ այն ծագում է «ե»-ից եւ «ւ»-ից, սակայն մեծատառ գրելիս ներկայացվում է որպես «Ե»-ի եւ «Վ»-ի երկգրություն։ Այս վիճակում հայոց այբուբենն ու ուղղագրությունը Հայաստանի տարածքում (եւ որոշ գաղթօջախներում) շարունակեցին գործածվել մինչեւ ԽՍՀՄ-ի փլուզումը, որը համընկավ մեկ այլ հեղափոխության հետ։
Այս անգամ արդեն՝ տեղեկույթի մշակման նոր եղանակների, այն է՝ անհատական համակարգիչների տարածման հետ։ Եվ ահա տեխնիկական նոր պայմաններում ոչ միայն բացահայտվեց «38 ու կես» տառանոց «բարեփոխված» այբուբենի անհեթեթությունը, այլեւ այն, որ Մեսրոպ Մաշտոցի սկզբնական՝ 1600-ամյա այբուբենը շատ ավելի արդիական ու կատարյալ է։
Շեշտում եմ, խոսքը վերաբերում է այբուբենին, այլ ոչ թե բուն ուղղագրությանը, որը շատ ավելի նուրբ նյութ է, եւ այստեղ այն որպես այդպիսին չի քննարկվում։ Ըստ էության տեղեկույթի մշակման արդի համակարգերի աշխատանքի տեսակետից խնդրահարույց են հատկապես «ու» երկգրությունը եւ «և» կցագրությունը։ Քանի որ այս վերջինը տողադարձման ընթացքում եւ մեծատառ գրության ժամանակ «բարեփոխված» ուղղագրությամբ տրոհվում է «ե»-ի եւ «վ»-ի, դա բերում է մի շարք թյուրիմացությունների։
Այսպես, երբ ժամանակակից խմբագրիչներով աշխատելիս անհրաժեշտ է լինում «և» պարունակող բառը դարձնել մեծատառ (օրինակ՝ «Երևան»), պարզվում է, որ դա հնարավոր չէ անել համապատասխան հրամանով, ինչպես արվում է լատինատառ կամ ռուսատառ գրելիս, քանի որ այդ դեպքում մեծատառ չունեցող այդ «տառը» շարունակում է մնալ փոքրատառ՝ «ԵՐևԱՆ», եւ այն հետո ձեռքով պետք է դարձնել «ԵՎ»։
Իսկ հակառակ խնդրի դեպքում՝ մեծատառ հատվածը փոքրատառ դարձնելիս, «ԵՎ»-ը վերածվում է «եվ»-ի, այլ ոչ թե՝ «և»-ի։ Այս գրանշանը խնդիր է հարուցում նաեւ բառացանկեր կազմելիս, քանի որ այբբենական կարգով տեսակավորելիս, փոքրատառ եւ մեծատառ գրության դեպքում բառերի հաջորդականությունը տարբեր է ստացվում։
Փաստորեն, հայերեն մուտքագրելիս մենք չենք կարողանում ամբողջ ծավալով օգտագործել ժամանակակից տեխնիկական միջոցների ընձեռած հնարավորությունները։ Խնդիրներ է հարուցում նաեւ «ՈՒ» երկգրությունը։
Օրինակ նրանով, որ այս երկգրությունը ունի ոչ թե երկու, այլ երեք ներկայացման տարբերակ. «ՈՒ», «Ու» եւ «ու», ինչը գրատպական խնդիրներ է հարուցում։ Բառացանկեր կազմելիս նույնպես բարդություններ են ի հայտ գալիս։ Համակարգչային ծրագրերը բառերը տեսակավորում են այնպես, ինչպես դա արվում էր դարեր առաջ՝ ըստ յուրաքանչյուր բաղադրիչի՝ նախ ըստ «Ո»-ի, եւ ապա նոր՝ ըստ «Ւ»-ի։
Այսինքն, օրինակ, «կոր» բառից հետո գալիս է «կուժ»-ը, եւ ապա՝ «կոփ»-ը (որքան էլ դա անսովոր թվա)։ Դա փաստ է, ու հազիվ թե հաջողվի ծրագրաշարեր արտադրող համաշխարհային բազմաթիվ ընկերություններին համոզել, որ դա պետք է անել այլ կերպ։
Մինչդեռ ըստ «բարեփոխված» այբուբենի՝ «կոր»-ից հետո պետք է գա «կոփ»-ը եւ հետո նոր միայն՝ «կուժ»-ը։ Եվ ահա նույն այդ ԽՍՀՄ փլուզման օրից ի վեր խնդիրը գիտակցող մասնագետները տարեցտարի փորձում են համոզել պետության բոլոր առաջին դեմքերին վերջապես լուծել այդ խնդիրը։
Շեշտում եմ՝ առաջին դեմքերին, քանի որ շարադրվող խնդիրը կարող է լուծվել միայն ու միայն պետության այդ մակարդակով, եւ ոչ մի միլիմետրով ցածր։ Դա հաստատվում է գրային համակարգերի ամբողջ համաշխարհային պատմությամբ. թե՛ պարսկական սեպագրի հիմնադիր Դարեհ թագավորի, թե՛ ռուսական ներկայիս տպագիր տառաձեւերի հաստատող Պետրոս Մեծի, եւ թե՛, վերջապես՝ մեր Վռամշապուհ արքայի օրինակներով։
Թերեւս ամենամոտ էինք այդ խնդրի լուծմանը Լ. Տեր-Պետրոսյանի օրոք։ Նրա նախագահության շրջանում էր, երբ որոշ լեզվաբաններ այդ խնդիրը փորձեցին լուծել բավական յուրատեսակ եղանակով. հաստատել տալով մի նոր՝ 40 տառանոց այբուբեն, որում բացի մեծատառ եւ փոքրատառ «և»-ի, պետք է լինեին նաեւ մեծատառ եւ փոքրատառ «ՈՒ», ինչպես նաեւ մեծատառ եւ փոքրատառ «Ւ»։
Բարեբախտաբար, նախագահի միջամտությամբ այդ անհեթեթությունը կասեցվեց, սակայն խնդրի վերջնական լուծմանը խանգարեց նրա հրաժարականը։ Հաջորդ նախագահներին այդ խնդիրը առհասարակ չհուզեց։
Նոր պայմաններում հույս էր առաջացել, որ Հայաստանի անկախության 27 տարիների ընթացքում այբուբենի պարբերաբար բարձրացվող խնդիրը (որը 1600 տարի առաջ այնքա՜ն կարեւոր էին համարել ոչ միայն «բանասեր» Մեսրոպ Մաշտոցը, այլեւ պետության հոգեւոր եւ աշխարհիկ ղեկավարները) վերջապես կլուծվի, քանի որ խնդրի մասին տեղյակ են եւ դրա կարեւորությունը գիտակցում են Լեզվի կոմիտեում։
Սակայն, կյանքը կրկին ապացուցեց, որ պետական գրի հետ կապված հարցերը կարող են լուծվել միայն պետության առաջին դեմքի մակարդակով։ Եվ իրոք, երբ արդեն իսկ 2018-ի ամռանը ես դիմեցի գիտության եւ կրթության նախարարին, այդ խնդիրը լուծելու խնդրանքով, նախարարին ուղղված իմ դիմումը գործավարության բոլոր կանոնների համաձայն հայտնվեց Լեզվի կոմիտեում, որը սակայն նման հարցեր լուծելու իրավական որեւէ լիազորություն չունի։ Պետք էր դիմել վարչապետին։
Սակայն հրաշք չկատարվեց. իմ դիմումը, որը (հասկանալի պատճառներով) ինձ չհաջողվեց հանձնել առձեռն, լիովին կանխատեսելիորեն… հայտնվեց Լեզվի կոմիտեում։
Բաց նամակ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին
Եվ ահա, ծավալուն նախաբանից հետո, փորձելով այս ձեւով շրջանցել կառավարական համակարգի «պաշտպանական ամրությունները, ես դիմում եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանին բաց նամակով եւ խնդրում եմ ծանոթանալ խնդրին եւ դրականորեն լուծել այն։
Ուզում եմ, ուզում եմ հավատալ, որ 21-րդ դարի հայոց հանրապետությունը ինքնիշխանության մակարդակով եւ ազգային խնդիրների կարեւորության գիտակցմամբ չի զիջում 5-րդ դարի՝ պարսկական գերակայության տակ գտնվող հայոց թագավորությանը։
Պարզապես զավեշտական է, որ արդեն շուրջ երեք տասնամյակների ընթացքում չի լուծվում մի խնդիր (որից շատ ավելի բարդը 5-րդ դարում լուծվեց մի քանի ամսվա ընթացքում) եւ որը ոչ միայն չափազանց կարեւոր է հայ մշակույթի համար, այլեւ՝ պարզից էլ պարզ է. ընդամենը պետք է պետականորեն հաստատել, որ Հայաստանի Հանրապետությունը հայոց լեզվի այբուբեն է ճանաչում Սուրբ Մեսրոպ Մաշտոցի ստեղծած այբուբենը ՍԿԶԲՆԱԿԱՆ ՎԻՃԱԿՈՎ՝ «օ» եւ «ֆ» տառերի հավելմամբ։
Վերջ։ Ուրիշ ոչինչ։
Մնացածը արդեն հաստատված է de facto։ Մնում է de jure-ն։
Արդեն 27 եւ 2 տարի է՝ մնում է։
Ռուբեն ՀԱԿՈԲՅԱՆ (ԹԱՐՈՒՄՅԱՆ) տառաստեղծ, թարգմանիչ,
Վարչապետին կից Հայերենի նախկին բարձրագույն խորհրդի անդամ
«Առավոտ» օրաթերթ
30.01.2020