Լրահոս
Օրվա լրահոսը

Ազատության մեջ կպարծենանք ու կհպարտանանք՝ մեզ անմահացրել է արվեստագետ Աշոտ Թադեւոսյանը. Արմենակ Դավթյան

Հունվար 30,2020 22:20

Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի, «Ազգային արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի ներկայացուցիչների հերթական կանգառը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկն էր։ Հիմնադրամի նախագահ Աշոտ Թադեւոսյանը առաջարկեց նկարել դատապարտյալներին, իսկ վերջիններս էլ՝ նրան։

Վերջում պատգամավորներից ու հյուրերից կազմված ժյուրին պիտի ընտրեր գեղանկարչին նկարած լավագույն 3 աշխատանք։

Ինձ քիչ թե շատ ճանաչողները թերեւս գիտեն, որ շատ եմ հեռու նկարելուց։ Ուստի փորձեցի Աշոտ Թադեւոսյանին «նկարել» բառերով։ Կրեատիվ մոտեցում, որի ընթերցումից հետո գեղանկարիչը հուզվեց ու գրկեց ինձ։ Նա ինձ նվիրեց իր գրիչներն ու նկարչական ալբոմը։

Իսկ Ազգային ժողովի պատգամավորների կողմից նախատեսված հատուկ 3 նվերներից մեկը հասավ ինձ՝ ժամացույց։ Էլի գուցե խորհրդանշական է, այն հանձնեց պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։

«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի պետ, գնդապետ Գերասիմ Գեւորգյանի խոսքով` ամեն մեկին չէ բախտ վիճակվում մի քանի ժամ շփվել գեղանկարիչ Աշոտ Թադեւոսյանի հետ։ «Մշտապես զբաղված արվեստագետներից է։ Ուրախ եմ, որ Ձեզ հետ միասին կարողացա այսօր շփվել իմ ընկերոջ հետ»,-ասաց նա։ Արդարադատության գնդապետը համոզված է, որ արվեստի, մշակույթի միջոցով է հնարավոր լինում լրացնելու անազատության մեջ գտնվողների հոգեւոր սնունդն ու առօրյան։

Սեւ մատիտով, բայց վառ գույներով (իմ կրեատիվ նկարը)

Տիեզերական ուժ, Աստծո տված շնորհ…Մատների արագ շարժում եւ դանդաղ ուրվագծվում են մաըդկանց ճեպանկար-դիմանկարները։ Խոհուն հայացքով, բոլորի հետ սիրով ու սիրալիր գեղանկարիչ Աշոտ Թադեւոսյանն է։ Չէ՝ Հյուսիսային պողոտան չէ, ոչ էլ Վերնիսաժը։ «Արմավիր» ՔԿՀ-ն է՝ անազատ մարդկանց օրը գեղանկարիչը ուրախությամբ պարուրեց։ Տարիներով փակված մարդիկ առաջին անգամ շփվեցին կերպարվեստի նուրբ գծերի հետ։ Կային մարդիկ, որ առաջին անգամ էին նկարվում։ Գեղանկարչի մատանու սեւ քարն է լուսանկարչի ապարատի լույսից մի պահ առկայծում, որից անակնկալի է գալիս նկարվողը։ Իսկ դիմանկար կերտողին ոչինչ չի շեղում։ Նա շարունակում է արարել՝ հորդորելով՝ մի շեղվի, ինձ նայի…Թեկուզ ճեպանկար, թեկուզ մատիտով, բայց նա բոլորիս հույս տվեց, զգացմունք, գուցեեւ բացահայտեց ինչ-որ մեկի նկարչական ձիրքը՝ փակ պատերի մեջ։

Փշալարերից այս կողմ գեղանկարիչ Աշոտ Թադեւոսյանը իր մատիտով ներխուժեց մեր ներաշխարհը, սեւ մատիտով, բայց պայծառ ու վառ գույներով։ Ճեպանկար-դիմանկարներ՝ լուռ ու խոհուն, բայց խոսուն ու ասելիքը՝ շատ։ Բառերը աչք են դառնում, ունք, արծվաքիթ, բեղ-մորուս ու հեղինակի մակագրությամբ տրվում է անազատներիս։ Թանկարժեք մի նվեր, որ կմնա բոլորիս հետ։

Հա, մեկի գլխարկն էր մոռացել նկարել. փորձեց արվեստի լեզվով բացատրել, բայց անազատ երիտասարդը համառ էր… 5, 10, 15, 20… իրար հետևից գեղանկարիչ Աշոտ Թադեւոսյանի ձեռամբ՝ մեր դիմանկարներն են կերտվում, դառնալով պատմություն։ Թերեւս լուսավոր այն քիչ կետերից մեկը, որ ազատության մեջ կպարծենանք ու կհպարտանանք ծանոթ-անծանոթների մոտ՝ մեզ անմահացրել է արվեստագետ Աշոտ Թադեւոսյանը։ Շնորհակալ ենք:

Ի դեպ

Ստեղծագործական ներշնչանքի պահին միջանկյալ ու անմիջական զրույցի բռնվեցի բանաստեղծ Գոռ Հարությունյանի հետ։ Ի զարմանս ինձ՝ իր բանաստեղծություններից մի քանիսը ընթերցելուց հետո իր մոտ եղած միակ՝ «Միջանկյալ զրույց» գիրքը նվիրեց ինձ՝ «մեծ հույսով ազատության մեջ հանդիպելու»:

Հ.Գ. Շնորհակալ եմ նաեւ գործընկերներիս՝ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի պետ, , արդարադատության փոխգնդապետ Նոնա Նավիկյանին եւ բաժնի մասնագետ Տիգրան Տոնոյանին, ամեն անգամ ՔԿՀ այցելելիս՝ ինձ չմոռանալու համար։

Արմենակ/ Արմեն/ ԴԱՎԹՅԱՆ

լրագրող, ներկայումս «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ

Լուսանկարները՝ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031