Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն բանաձև է ընդունել Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ

Հունվար 30,2020 19:25

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն այսօր ընդունել է բանաձև Ադրբեջանում քաղբանտարկյալների վերաբերյալ և ներկայացրել առաջարկներ:

Բանաձևը նախագիծը կազմվել է Ադրբեջանի քաղբանտարկյալների հարցով զեկուցող Թորհիլդուր Էվարսդոթիրի (Իսլանդիա) զեկույցի հիման վրա:

Բանաձևն ընդունվել է ձայների մեծամասնությամբ՝ 82-ն ընդդեմ 28-ի: Գրեթե նույն հարաբերակցությամբ էլ ընդունվել են առաջարկները: Ադրբեջանի պատվիրակության առաջարկած ուղղումներից ոչ մեկ չի ընդունվել:

Բանաձևի տեքստում խոր մտահոգություն են հայտնում Ադրբեջանում «պարբերական բնույթ» կրող քաղբանտարկյալների խնդրի վերաբերյալ:

Դեռ 2001թ. Եվրախորհրդին անդամակցելիս ԵԽԽՎ-ն Բաքվին կոչ էր արել «ազատ արձակել քաղբանտարկյալներին կամ դատական կարգով վերանայել նրանց գործը»: Սակայն այդ խնդիրը մինչ օրս մնում է, չնայած այդ հարցով ԵԽԽՎ մի քանի բանաձևերին:

Զեկույցի նախագծում նշվում է, որ ԵԽԽՎ նախորդ համազեկուցող Կրիստոֆ Շտրասերի զեկույցում ներառված էր 85 քաղբանտարկյալ, նրանցից առնվազն 9-ը ՄԻԵԴ-ում շահել են գործը, ևս 4-ի գործը դեռ ուսումնասիրվում է:

«Ամեն դեպքում կասկած չկա, որ քաղբանտարկյալների երևույթն Ադրբեջանում իրական է»,- ասվում է փաստաթղթում:

ԵԽԽՎ-ն կոչ է արել Ադրբեջանի իշխանություններին «վերջնականապես լուծել քաղբանտարկյալների խնդիրը»:

Քննարկումների ժամանակ ֆրանսիացի խորհրդարանական Բերնար Ֆուրնիեն նշել է, որ Ադրբեջանը չի կատարել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումները, ինչը անընդունելի է: Նրա խոսքով՝ իրավապաշտպանների, ակտիվիստների գործունեությունը հաճախ հանգեցնում է նրան, որ նրանք հայտնվում են բանտերում: Ֆուրնիեն դրական է գնահատել Ադրբեջանի նախագահի հրամանները դատաիրավական և պատժի կրման համակարգի բարեփոխումների վերաբերյալ, այնուամենայնիվ, նրա խոսքով, դա բավարար չէ: Ըստ նրա՝ անընդունելի է, երբ գործադիր իշխանությունը միջամտում է դատաիրավական խորհրդի աշխատանքներին, ինչը խարխլում է դատարանների անկախությունը:

Ադրբեջանի պատվիրակությունը չի համաձայնել զեկույցի դրույթների հետ: Նրան պաշտպանել են Ռուսաստանի, Թուրքիայի և մի քանի այլ երկրների մի շարք պատգամավորներ:

Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամիդ Սեյիդովը զեկուցողին մեղադրել է կանխակալության և ՄԻԵԴ որոշումները կամայական մեկնաբանելու, ինչպես նաև փետրվարի սպասվող խորհրդարանական ընտրություններին միջամտելու մեջ:

Էվերսդոթիրն էլ, իր հերթին, արձագանքել է, որ անցյալ տարվա դեկտեմբերի համեմատությամբ, երբ հարցը քննարկվում էր ԵԽԽՎ Կոմիտեում, ինքը 180 աստիճանով փոխել է իր դիրքորոշումը:

«Հիմա ես հասկացա՝ ինչու Ադրբեջանում քաղբանտարկյալներ կան: Դուք անհանդուրժող եք քննադատության նկատմամբ»,- ասել է նա:

Զեկուցողը նշել է, որ քաղբանտարկյալների խնդիրը կասկածի տակ է դնում Ադրբեջանի անդամակցությունը Եվրոպական խորհրդին: «Մեզնից ոչ մեկ դա չի ուզում: Ադրբեջանն իր տեղն ունի Եվրախորհրդում: Բայց այդ երկիրը պետք է հարգանքով վերաբերվի իր պարտավորություններին»,- ասել է Էվարսդոթիրը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031