Լրահոս
Օրվա լրահոսը

Մխիթար Հայրապետյանը հերքում է. լիբանանահայերի ներգաղթ կազմակերպելու հարց օրակարգում չկա

Հունվար 30,2020 19:07

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանի գլխավորած հանձնաժողովի նախաձեռնությամբ այսօր ԱԺ-ում մի քանի ժամ փակ քննարկում էր ընթանում՝ պատգամավորների մի մասի, ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի եւ ՀՀ վարչապետի աշխատակազմի սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի մասնակցությամբ: Մամուլում տեղեկություններ կային այն մասին, որ Լիբանանում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ դեպի ՀՀ մեծ ներհոսք է սպասվում, եւ ՀՀ խորհրդարանը, դա հաշվի առնելով, հնարավոր քայլերն ու անելիքներն է քննարկելու:

Քննարկման ավարտին Մխիթար Հայրապետյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հերքում է այդ տեղեկատվությունը. «Մեր հանձնաժողովի նախաձեռնությամբ դռնփակ նիստ էր՝  առհասարակ Մերձավոր Արեւելքի մեր հայրենակիցներին վերաբերող խնդիրների քննարկման համար, նրանց հնարավոր աջակցություն ցուցաբերելու համար: Ինչ վերաբերում է Լիբանանին, ապա դա ապատեղեկատվություն է: Լիբանանի հայ համայնքը սահմանադրորեն մաս է կազմում այդ պետությանը: Այստեղից բխում է, որ մենք հարգում ենք այդ անկախությունը եւ միջամտության մասին խոսք լինել չի կարող»: Թե ինչ միջամտության մասին է խոսքը, Հայրապետյանը նշեց. «այդ հրապարակման մեջ ձեւակերպում կար, թե ՀՀ-ն լիբանանահայերի ներգաղթ պետք է կազմակերպի: Նման հարց մեր օրակարգում չի եղել, չի քննարկվել»:

Զարեհ Սինանյանն էլ լրագրողներին հայտնեց, որ շփումների մեջ են Լիբանանի հայ համայնքի հետ, որի ներկայացուցիչներից ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմողների թիվն ավելացել է. «Նրանք նաեւ անշարժ գույք են ձեռքբերում ՀՀ-ում: Սա փաստ է, որը կապված է Լիբանանում տիրող լուրջ տնտեսական ճգնաժամի հետ: Բանկային համակարգում լուրջ խնդիրներ կան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031