Ստամբուլի կենտրոնում՝ բայց բոլորի հայացքից հեռու, գործում է Հրանտ Դինքի անվան դպրոցը: Գետիկփաշայի հայկական բողոքական եկեղեցու տարածքի մի անկյունում ծվարած փոքրիկ դպրոցը բացառիկ է ամբողջ Թուրքիայում:
Այստեղ կրթություն են ստանում Թուրքիայում ժամանակավոր բնակություն հաստատած հայաստանցի միգրանտների երեխաները: Դպրոցի բացառիկությունը միայն այն չէ, որ մի հարկի տակ հավաքում է ներգաղթյալ հայաստանցիներին, այլ նաև այն, որ ուսումնական ողջ դասընթացը կազմակերպվում է Հայաստանի կրթական ծրագրին համապատասխան:
Դպրոցի ստեղծման պատմության, առօրյայի և խնդիրների մասին Ermenihaber.am-ին պատմել է դպրոցի հիմնադիր-տնօրեն Հերիքնազ Ավագյանը:
Կարդացեք նաև
– Ինչպե՞ս է ստեղծվել դպրոցը:
– Դպրոցը բացվել է Հայաստանից Թուրքիա գաղթած հայ ընտանիքները ծնողների նախաձեռնությամբ: Հայաստանցիները դիմել էին պոլսահայերին իրենց երեխաների ուսումը կազմակերպելու համար: Գեդիկփաշայի եկեղեցու վերապատվելի Գրիգոր Աղաբալօղլուն համաձայն է տրամադրել տարածք, որտեղ ուսուցիչների առկայության դեպքում կարող էին կազմակերպել դասերը:
Սկսել ենք 2003թ. 6 աշակերտով, այժմ աշակերտների թիվը հասել է 120-ի: Դպրոցում աշխատում է 19 ուսուցիչ, բոլորն էլ որակավորված մանկավարժի կրթություն ունեն: Թե՛ երեխաները, թե՛ ուսուցիչները Հայաստանի տարբեր շրջաններից են: Կրթությունը կազմակերպվում է Հայաստանի դասագրքերով և ՀՀ կրթական ծրագրին համապատասխան:
Դպրոցին կից նաև մանկապարտեզ ենք բացել: Երբ դպրոցը սկսեց գործել, հայաստանցի մայրիկները ցանկացան իրենց երեխաներին բերել այստեղ, որպեսզի նրանք հայկական միջավայրում մեծանան: Այդ պահանջն առաջացավ, քանի որ մեր մայրերը իրենց երեխաներին կամ թողնում էին որևէ մեկի մոտ, և երեխաները ամբողջ օրն անցկացնում էին հեռուստացույցի առջև, կամ ստիպված էին լինում հրաժարվել աշխատանքից:
Փոքրահասակ այդ երեխաները, բնականաբար, սկսեցին խանգարել դասապրոցեսին, և միտք առաջացավ մանկապարտեզ բացել: Խնդրեցինք Հայաստանից ծրագրեր և անհրաժեշտ նյութեր ուղարկել: Խնդրանքը կատարվեց: Այժմ կա փոքրիկների խումբ, 3-5 տարեկանների երկու խումբ:
– Ինչպիսի՞ն է դպրոցի առօրյան:
– Մեր օրը սկսվում է առավոտյան 8-ից: Առաջինը գալիս է հերթապահ ուսուցիչը, իսկ 8:30-ին՝ մյուս ուսուցիչները: Քանի որ ծնողները աշխատող են, երեխաներին շուտ են բերում, դասերից հետո երեխաները մնում են մինչև ժամը 17:00 կամ 17:30, մինչև մայրիկները գալիս են: Մեզ ծանրաբեռնելով ամեն հարմարություն փորձում ենք ստեղծել, որպեսզի մայրիկները կարողանան աշխատել: Այստեղ երեխաները ճաշում են, իրենց դասերն են սովորում:
Դպրոցը տալիս է 9-ամյա կրթություն, որից հետո երեխաները վերադառնում են Հայաստան, տալիս են համապատասխան քննությունները և ստանում ատեստատ: Մեզ մոտ դասավանդում ենք բոլոր այն առարկաները, որոնք ուսուցանվում են Հայաստանի կրթօջախներում:
Հայաստանում կրթությունը շարունակող երեխաներ ունենք: Օրինակ՝ Դիլիջանի դպրոցում, բուհերում և այլ ուսհաստատություններում: Ցավոք, կան նաև վերադարձողներ, որովհետև չունեն բնակարան, մի մասն էլ աշխատանք չունենալու պատճառով են վերադառնում Թուրքիա: Տղաները ոսկերչություն են սովորում, աղջիկներ էլ՝ որևէ մի մասնագիտություն:
Թուրքերեն չենք սովորեցնում, քանի որ մեր վերջնական նպատակը Հայաստան վերադառնալն է: Սակայն, եթե կլինի մեկը, ով կցանկանա գալ և անվճար թուրքերեն դասավանդել, մենք ուրախ կլինենք: Բայց մենք ավելի շատ ուշադրություն ենք դարձնում անգլերենի և ռուսերենի ուսուցման վրա, որ Հայաստան վերադառնալիս սոցիալիզացիայի խնդիրներ չառաջանան: Հայաստանում շատերն են զարմանում, թե Թուրքիայից վերադարձածները ինչպես են կարողանում ռուսերեն խոսել:
– Պոլսի հայկական համայնքի դերը դպրոցի կյանքում:
– Համայնքի շնորհիվ է, որ դպրոցը կա: Դպրոցը վճարովի է, բայց այդ վճարը շատ չնչին է դպրոցը պահելու համար: Երեխաները ճաշում են, ուսուցիչները, խոհարարը, մաքրություն անողը, բոլորը վճարվում են: Համայնք է, որ օգնում է՝ իր անհատներով, հիմնադրամներով ու ձեռնարկություններով: Տարբեր տեսակի օգնություններ են լինում, որոնց շնորհիվ էլ դպրոցը գոյատևում է:
– Հայաստանյան զարգացումներն ազդեցություն ունեցե՞լ են:
– 2017 թվականի համեմատ երեխաների թիվը մի քիչ պակասել է: Սա կապված է Հայաստանում թավշյա հեղափոխության հետ: Որոշ ընտանիքներ հույսեր կապեցին, և մոտավորապես 20 աշակերտ վերադարձավ Հայաստան: Ոմանք, սակայն, հետո հետ եկան Թուրքիա: Ես անկեղծ ասած հավատում եմ հայաստանյան փոփոխություններին, գուցե մի քիչ դանդաղ, բայց հավատում եմ: Այն, ինչ տեսնում եմ Հայաստանում, շատ երկար ենք սպասել: Մենք էլ պետք է փոփոխության մի մասնիկը դառնանք, մենք չպետք է սպասենք, մենք էլ պետք է մեր մտքի, մեր սրտի մեջ փոփոխություն մտցնենք:
Փորձում ենք մեր երեխաներին նոր արժեհամակարգով դաստիարակել: Չնայած այդ արժեհամակարգը ինձ համար նորություն չէ: Ես միշտ իմ երեխաներին, իմ աշակերտներին սովորեցրել եմ, որ պետք է լինեն ճշմարիտ քաղաքացի, անկախ այն բանից, թե դիմացինդ ինչ տեսակի է: Սակայն մատուցածդ ճշմարտությունը երեխաների համար շատ ռոմանտիկ է դառնում, երբ նրանք տեսնում են, որ ամեն դուռ, որ թակում ես, ուրիշ ճանապարհով պիտի մտնես: Բայց ես այդպիսին եմ եղել, և ուրախ եմ, որ այժմ կան այդ արժեհամակարգը կրող մարդիկ, և նրանց ձեռքում իշխանություն կա:
– Թուրքիայում ինտեգրման վտանգներ կա՞ն:
– Ես չեմ կարծում, որ մեզ մոտ ինտեգրման նման միտում կա: Իհարկե, կան բաներ, որ մենք Հայաստանից ուրիշ հայացքով ենք նայում Թուրքիային: Հիմա վստահ եմ, որ կարդացողները պիտի բարկանան, բայց մենք այստեղ տեսնում ենք շատ բաներ, որ մեր պատկերացրած հետամնաց Թուրքիան, որ մենք ունեցել ենք մեր պատկերացումներում, չի համապատասխանում իրականությանը: Հակառակը, երբ մենք վերադառնում ենք, Հայաստանում տեսնում ենք շատ բաներ, որոնցում, ցավոք սրտի, Թուրքիայից հետ ենք մնում: Ամեն դեպքում Թուրքիայում մենք դրանց (դրական բաներ) կրողն ենք դառնում և մենք էլ պետք է որոշ բաներ տանենք մեզ հետ: Մեզ համար խորթ է, թե ինչպես է ամենահասարակ սպասարկման ոլորտում կատարվող առևտուրը կատարվում Թուրքիայում և ինչպես`Հայաստանում: Երբ մտնում ես ինչ-որ ապրանք ընտրելու և դու փորձում ես այն վերադարձնել, կարծիք հայտնել, տեսնում ես՝ ինչքան համբերատար են լսում քեզ և վերաբերվում: Այդ նույն բանը Հայաստանում չենք տեսնում, սա հասարակ օրինակ եմ բերում, էլ չասեմ, թե հիվանդանոց գնալիս ինչ տեսակ վերաբերմունքի ես արժանանում: Բայց Հայաստանը միշտ ցանկալի երկիր է մեզ համար և ոչ միայն մեզ, այլև պոլսահայերի համար:
Վերջիվերջո այն, ինչ ներկայացնում ենք «Արշակ և Շապուհ»-ում, միայն գեղարվեստական գրականության մեջ եղած իրականություն չէ: Մեր հողը, մեր տունը, մեր հայրենիքն այնտեղ է: Իմ երեխաները, որոնք ծնվել և մեծացել են Պոլսում, շատ սիրում են Հայաստանը, այնտեղ կա մի ազատություն, որ այն քո տուն է, քո հողը, որտեղ դու քեզ ուժեղ ես զգում: Կան, իհարկե, մշակութային տարբերություններ: Ցավոք, կան նաև առավելություններ, որ մենք տեսնում ենք այստեղ, բայց դրանք այնքան չեն, որ մեզ վանեն մեր երկրից, մեր հայրենիքից:
– Դպրոցի խնդիրների ու դժվարությունների մասին ի՞նչ կասեք:
– Ունենք դասագրքերի պակասության և մաշվածության խնդիր: Մեր բերած գրքերը որքան էլ նոր լինեն, Հայաստանում ծրագրային փոփոխություններ են լինում: Որքան էլ հետևում ենք այդ փոփոխություններին, երբեմն հետ ենք ընկնում: Գրքերը շատ դժվարությամբ ենք ձեռք բերում: Նախարարության տրամադրած գրքերը շատ սահմանափակ են: Իրենք հիմնականում հայագիտական գրքեր են պատրաստում սփյուռքի դպրոցների համար, բայց մենք սփյուռքի դպրոց չենք, մենք հայաստանյան մի դպրոց ենք: Դիմել ենք, խոստումներ ենք ստացել, հույս ունենք՝ նոր գրքեր կստանանք:
Գեղարվեստական գրքերից որոշները կրկին նախարարությունից ստացել ենք, մարդիկ գրքի հավաք են կազմակերպել մեզ համար, «Անտարեսն» է գրքեր նվիրել, այդպես կազմվել է մեր գեղարվեստական գրքերի գրադարանը:
Իհարկե, այս տարածքն ի սկզբանե նախատեսված չի եղել դպրոցի համար: Ժամանակին այն օգտագործվել է Անատոլիայից եկած հայ երեխաների համար: Ճիշտ է, դասասենյակները փոքր են, սեղմված ենք, բայց այս հնարավորության համար էլ ենք շնորհակալ Աստծուն: Այլընտրանք չունենք, միակ հնարավորությունը սա է: Ընթացքում շատ փորձեցինք տեղափոխվել մյուս եկեղեցի, մեզ խոստացված տարածք Գում Գափըում, բայց չստացվեց:
Հեղինակ` Անահիտ Վեզիրյան