ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանից լրագրողները հետաքրքրվեցին՝ արցախյան հարցի հետ կապված փակ դռների հետեւում քննարկումներ են գնում ու ԲՀԿ պատգամավորներից օրինակ, Արման Աբովյանը մտահոգություն ունի, թե ի՞նչ են քննարկում, որովհետեւ նշվում է, որ որեւէ փաստաթուղթ չկա, ձեզ չի՞ մտահոգում սա: Արման Եղոյանը պատասխանեց. «Կարելի է ենթադրել, որ բանակցությունները սովորաբար գնում են բաց դռների հետեւում: Չեմ կարծում, որ բանակցությունների կամ խորհրդակցությունների երկար տեւելը մտահոգության առարկա է: Ընդհակառակը, երբ որ խոսակցությունը կարճ է տեւում նման բարդ հարցով, նշանակում է, որ արդյունք չկա, կամ կանգնում են բանակցությունները: Մի ժամանակ բողոքում էին, ասում էին՝ պրոցեսը չի գնում առաջ: Հիմա 7 ժամ քննարկել են, ասում են՝ ինչի՞ երկար խոսեցին: Ես որեւէ խնդիր չեմ տեսնում»:
Հարցին՝ սեղանին հիմա բանակցվող փաստաթուղթ չկա, այս քննարկման արդյունքում հնարավո՞ր է նոր փաստաթուղթ լինի՝ Եղոյանը պատասխանեց. «Վարչապետը խնդրել էր Մինսկի խմբի համանախագահող կողմերին հստակեցնել, թե իրենք ինչ նկատի ունեն իրենց առաջադրած թեզերի տակ: Գիտեք, որ նախկինում նույն թեզի մասին կարող էր տրամագծորեն հակառակ կարծիքներ հնչեին տարբեր երկրներում ու կասկածներ կային, որ հենց դա էլ նպատակն էր՝ մի հասարակությանն ասել մի բան, երկրորդ հասարակությանը՝ մի ուրիշ բան: Վարչապետը խնդրել էր հստակեցնել մեկ դիրքորոշում՝ երկու հասարակությունների համար: Կարծում եմ, հիմա համանախագահողները փորձում են դա անել՝ ասել մի բան, որը նույնությամբ կհնչի ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ադրբեջանում, որպեսզի հասարակությունն իմանա ինչի մասին է խոսքը»:
Խոսելով Արցախը բանակցային սեղանին վերադարձնելու մասին՝ Արման Եղոյանն ասաց, որ չի ենթադրվում, որ իրենց հայտարարությունից մեկ շաբաթ անց դա պետք է լինի, պարզ է, որ երկարատեւ գործընթաց է. «Արցախը բանակցություններից սեղանից հանելն է տեւել շատ կարճ՝ հայտնի հանգամանքների բերումով, վերադարձը այնքան էլ հեշտ չի լինելու, բայց մենք ամեն ինչ պետք է անենք, որ Արցախը, որպես քաղաքական միավոր, վերադառնա բանակցությունների սեղանի շուրջ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ