Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հուլիսի 1-ից էլ խնդիրը չի լուծվելու. ժամկետը մոտենալու օրերին բոլորն իրենց անասուններին մորթելու են, որ այդ գլխացավանքից ազատվեն. գյուղատնտես

Հունվար 30,2020 16:50

Հուլիսի 1-ին էլ սպանդանոցների խնդիրը չի լուծվելու, քանի որ կառավարությունը, հարցը հետաձգելով, ծրագրային մոտեցում չառաջարկեց: Այսօր «Հայելի» ակումբում այսպիսի կարծիք հայտնեց գյուղատնտեսության մասնագետ Րաֆֆի Ավետիսյանը՝ մտավախություն հայտնելով, որ ժամկետը մոտենալու օրերին անասնաբույծներն իրենց անասուններին միանգամից մորթելու են, որ այդ գլխացավանքից ազատվեն, ինչը Րաֆֆի Ավետիսյանի խոսքով, լուրջ խնդիրներ կառաջացնի առանց այդ էլ ոչնչացման եզրին կանգնած անասնապահության ու գյուղատնտեսության համար:

Նրա համոզմամբ՝ ելքերից մեկը կառավարության աջակցությամբ խոշոր ֆերմաներ ստեղծելն է, որպեսզի գյուղատնտեսներին ձեռնտու լինի մորթը սպանդանոցներում կազմակերպել: Իսկ փոքր տնտեսությունների համար, որոնք երկու-երեք անասուն են պահում, նրանց պետք է ազատել այդպիսի գլխացավանքներից:

Հիշեցնենք, որ կառավարությունը անասնաբույծների դժգոհության մեծ ալիքի պատճառով հետաձգեց թարմ մսի սպանդանոցային ծագման պահանջի ժամկետները՝ հունվարի 15-ից այն տեղափոխելով այս տարվա հուլիսի 1-ը:

Րաֆֆի Ավետիսյանը գտնում է, որ կառավարության առաջարկած շարժական սպանդանոցներն էլ հարցի լուծում չեն. «Դրա համար պետք էր ինչ-որ ծրագրային մոտեցում: Ենթադրվում է, որ սուբսիդիաների միջոցով կստեղծվեն շարժական սպանդանոցներ, որոնք կգնան մորթը կկատարեն եւ այդ խնդիրը որոշ չափով կլուծվի: Բայց այդպիսի սպանդանոց կառուցելը բավականին թանկ է եւ ոչ ոք չի գնա այդ սուբսիդիան վերցնի ու կառուցի, որովհետեւ դա այնքան ծախսատար խնդիր կլինի, որ օրական մի կամ երկու մորթ կատարելով, երբ մորթի բրիգադը հինգ-վեց մարդուց է բաղկացած, այդ ծախսերը չի հանի եւ կգա հուլիսի 1-ը եւ ոչ ոք չի դիմի նման շարժական սպանդանոց կառուցելու համար: Հետո պետությունը կասի՝ մենք փողը տվեցինք, բայց չարեցիք: Բայց այդ փողը տալուց պետք շահավետ լինի, որ մարդիկ գան, եթե շահավետ չի մարդիկ ինչո՞ւ պետք է գան»:

Ասուլիսին ներկա Հայաստանի ազգային ագրարային համալսարանի դասախոս, դոցենտ Պարգեւ Ստեփանյանը գտնում է, որ այդ լուրջ խնդիրը լուծելու համար անհրաժեշտ է, որ անասնաբույժները, անասնաբույծները, փորձագետները եւ անասնապահության մոտ կանգնած այլ մասնագետները՝ առողջապահության բնապահպանության ոլորտներից, խորամուխ լինեին խնդրի էության, պատճառների եւ հետեւանքների մեջ. «Բայց մենք տեսնում ենք, որ այս կարեւոր հարցին, անդրադարձ չեղավ եւ մինչ օրս էլ չկա պարզաբանում: Գյուղատնտեսությունը, որը հիմքն է երկրի, սնում է ժողովրդին եւ բանակին ու հզորացման հիմքն է, հանդիսանում անտեսված բնագավառ : Եթե պիտի երկրի երեք ղեկավարները, առաջին դեմքերը բոլոր հոգսերը հոգան, ուրեմն մնացած նախարարությունները, վարչությունները թող չպահեն: Իրենք ասում, հանձնարարում են, ամեն ինչ մնում է տեղում»:

Պարգեւ Ստեփանյանը որպես սրտացավ քաղաքացի ու մասնագետ մասնակցել է անասնաբույծների բողոքի ցույցերին՝ անասնաբույծների ու կառավարության տեսակետները լսելու, խնդրի էությունը հասկանալու համար, բայց վիրավորվել է, որ նման կարեւոր հարցին կառավարության անդամները անգամ հանդիպում չկազմակերպեցին. «Ոչ վերցնում են մի զարգացած երկրի փորձն են տեղայնացնում, ոչ էլ փորձառու մասնագետներին են հրավիրում»:

Նա առաջարկում է ավտոմեքենաների նման կենդանիներին էլ հաշվառել:«Սկզբում խոշոր եւ մանր եղջերավորներին եւ խոզերին, մնացած կենդանիներին հետո, երբ այս կենդանիների հաշվառումը հաջողությամբ կլինի: Կենդանիները նախ պետք է գրանցվեն համայնքապետարաններում, երկրորդը՝ անասնաբույժի մոտ, որը սպասարկում է այդ ոլորտը, երրորդը՝ սպանդ կատարողի մոտ, այն մսի կոմբինատի, որտեղ մսի ելքն է»:

Պարգեւ Ստեփանյանն առաջարկում է շարժական սպանդանոցներ, որոնք մեքենայի կողքը վրան կունենան. «Վրանն իջեցվում եւ կատարվում է մորթը կից ունենում են սառնարանային մեքենա, որտեղ պահեստավորվում է միսը: Նախկին իշխանությունները ողջունել են այս առաջարկը, բայց չեն ֆինանսավորել: Նոր կառավարությանը հորդորում եմ ճանապարհի կեսից գործը չսկսել ու կանգնել փակուղու առաջ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031