Լրահոս
Օրվա լրահոսը

«Նրանք բերման են ենթարկվել օրենքի սահմաններում». ոստիկանապետի ԺՊ-ն՝ «Ադեկվադի« մասին

Հունվար 30,2020 16:35

«Քննարկել ենք ոստիկանությանը վերաբերող հարցեր եւ խնդիրներ, եղան սուր հարցեր: Վստահ եմ, որ հանդիպումը ստացված է: Խորհրդարանական երկրում սա հաշվետվողականության ձեւ է»,-«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամների հետ հանդիպումից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այսօր ասաց ՀՀ  ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանը:

Լրագրողները հետաքրքվեցին, թե Սարգսյանն ինչ գնահատական ունի այն փաստի վերաբերյալ, որ օրերս «Ադեկվադ» միաբանության անդամները բերման են ենթարկվել ոչ համաչափ ուժի կիրառմամբ եւ անհիմն կասկածներով:

«Ոստիկանությունն իր լիազորությունների շրջանակում է իրականացրել գործառույթները՝ օրենքի սահմաններում: Ոստիկանությունը, հանդիսանալով հետաքննող մարմին, իրավասու է ստացված տեղեկությունը ստուգելու նպատակով բերման ենթարկել անձին եւ ազատ արձակել՝ ստուգման արդյունքներով»,-պատասխանեց Արման Սարգսյանը:

Նրա խոսքով՝ առհասարակ, հնարավոր է, որ նույն անձանց պարբերաբար բերման ենթարկեն. «Այդ չորս անձին նկատի չունեմ, այլ առհասարակ: Վերջերս ԶԼՄ-ներից մեկն էր գրել, որ քրեական ենթամշակույթին հարող մեկին են պարբերաբար բերման ենթարկում: Տեղեկությունը ստուգելու համար մենք բերման ենք ենթարկում, ստուգում տեղեկության իսկությունը եւ ազատ արձակում՝ սահմանված ժամը լրանալուն պես»:

Ինչ վերաբերում է կարծիքներին, որ Նարեկ Մալյանը եւ «Ադեկվադ»-ի անդամները քաղաքական հետապնդման են ենթարկվում, ոստիկանապետի ԺՊ-ն համոզմունք հայտնեց, որ ՀՀ-ում որեւէ մեկը քաղաքական հետապնդման չի ենթարկվում. «Այդ չորս անձանց եւ մյուսների առումով քաղաքական հետապնդման մասին խոսք չի կարող լինել»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031