Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին պատասխանատու է ճանաչվել Մանվել Սարիբեկյանի մահվան համար։ Մասնավորապես՝ հաստատվել է, որ տեղի է ունեցել կոնվենցիայի 2-րդ (կյանքի իրավունք), և 3-րդ (Խոշտանգումների արգելում) հոդվածների խախտում։
Դատարանը գտել է, որ Մանվել Սարիբեկյանը մահացել է այլոց կողմից, մասնավորապես Բաքվի ռազմական ոստիկանության վարչության աշխատակիցների կողմից գործադրված բռնության արդյունքում եւ ընդունելի չի համարել ադրբեջանական իշխանությունների բացատրությունը, որ Սարիբեկյանն ինքնասպանություն է գործել՝ կախվել է։
Տուժողի իրավահաջորդներին Ադրբեջանը պետք է վճարի 60000 եվրո և 2200 եվրո դատական ծախսերի համար։
Հայցը ՄԻԵԴ ներկայացրել էին ծնողները՝ Մամիկոն Սարիբեկյան ու Սիրանուշ Բալյանը։
Հիշեցնենք, որ Մանվել Սարիբեկյանը Գեղարքունիքի մարզի Թթուջուր գյուղի բնակիչ էր, իսկ գյուղի անմիջական հարեւանությամբ անցնում է հայ-ադրբեջանական սահմանը: 2010թ. սեպտեմբերի 11-ին երեկոյան ժամը 17-ի սահմաններում Մանվել Սարիբեկյանն իր ընկերների հետ գնացել էր գյուղի Քեղուտ կոչվող հանդամասի ուղղությամբ՝ մոտական անտառից փայտ հավաքելու, իր եւ գյուղի մյուս բնակիչների անասուններին փնտրելու նպատակով, որտեղից այլեւս չի վերադարձել: Սեպտեմբերի 18-ին Ադրբեջանի լրատվամիջոցները տեղեկություն էին տարածել, թե, իբր Ադրբեջանի զինված ուժերի կողմից ձերբակալվել է հայ հետախույզ:
ANS TV հեռուստաընկերությունը պատրաստել էր հատուկ թողարկում, որում ցուցադրվել է Մանվել Սարիբեկյանի հարցազրույցը հեռուստաընկերության աշխատակցի հետ: Ադրբեջանը մերժել էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի երեւանյան գրասենյակի դիմումը՝ թույլտվություն ստանալ Մանվել Սարիբեկյանի հետ հանդիպելու։ 2010թ. հոկտեմբերի 5-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը եւ զինվորական դատախազությունը համատեղ հայտարարություն էին տարածել այն մասին, որ կալանքի տակ գտնվող Մանվել Սարիբեկյանն ինքնասպան է եղել։ Այս դեպքով ՄԻԵԴ գանգատ էր ներկայացվել կյանքի իրավունքը խախտելու հոդվածով: