Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵԽԽՎ-ն ընդունեց Ադրբեջանին քննադատող զեկույց, ադրբեջանցիները հիշեցրին ՀՀ ՍԴ նախագահի տուն ներխուժելն ու նրա դեմ քրեական գործը

Հունվար 30,2020 16:03

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին՝ հունվարի 30-ին քիչ առաջ ձայների 82 «կողմ», 28 «դեմ» 6 «ձեռնպահ» հարաբերակցությամբ ընդունվեց Ադրբեջանի իշխանություններին քննադատող զեկույց:

«Ադրբեջանում քաղաքական բանտարկյալների դեպքերի մասին արձանագրված փաստեր» խորագրով այս զեկույցի հեղինակն է Իսլանդիայից ընտրված պատգամավոր, իրավապաշտպան, ակտիվիստ ու հետաքննող լրագրող Սուննա Էվարսդոտտիրը: Զեկույցը Ադրբեջանում մարդու իրավունքները ոտնահարելու, ընդդիմախոսներին ազատազրկելու մասին է:

Շուրջ երկու ժամ տևող թեժ քննարկման ժամանակ բազմաթիվ քննադատական ելույթներ հնչեցին Ադրբեջանի հասցեին: Պատվիրակներից շատերը, ինչպես նաև քաղաքական խմբերի ներկայացուցիչները, Վեհաժողովին կոչ արեցին «կողմ» քվեարկել զեկույցին:

Հայկական պատվիրակությունից ելույթի համար հերթագրվել էին չորս պատվիրակներ՝ Վլադիմիր Վարդանյանը, Տաթևիկ Հայրապետյանը, Էդմոն Մարուքյանն ու Նաիրա Զոհրաբյանը:

Հույն պատվիրակ Գեորգիոս Կարտուկալոսը հայտարարեց, թե Վեհաժողովը բավարար երաշխիքներ չի ստացել, որ Ադրբեջանում փորձում են լուծել եղած խնդիրները:

Ֆրանսիացի պատվիրակ Բերնար Ֆուրնիերը հայտարարեց՝ այս զեկույցը վկայում է այն մասին, որ Ադրբեջանում վստահաբար կան քաղաքական բանտարկյալներ: Նա հայտարարեց, որ Ադրբեջանը չի հարգում Կոնվենցիայի 18-րդ հոդվածը:

ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Վլադիմիր Վարդանյանը վստահեցրեց՝ ԵԽ-ն պետք է լինի մի տարածք, որտեղ չկան քաղբանտարկյալներ և հիշեցրեց, որ Ադրբեջանը ԵԽ-ին անդամակցելուց ի վեր չի կարողացել լուծել քաղաքական բանտարկյալների խնդիրը, մինչդեռ այդպիսի հանձնառություն է ստանձնել:

Ադրբեջանական պատվիրակության անդամ Սահիբա Գաֆարովան հակադարձեց քննադատություններին՝ հարցնելով, իսկ ինչպե՞ս է կոնկրետ երկրի պարագայում որոշվում, թե որն է քաղբանտարկյալ սահմանումը:

Ադրբեջանցի պատվիրակները դժգոհություն հայտնեցին, թե շատ հաճախ չափազանցվում է իրենց երկրում իրավիճակը, պատճառաբանեցին, որ ունեցել են «դժվար անցյալ», բայց անում են ամեն ինչ, որ լուծեն խնդիրները և կոչ արեցին փոխհամագործակցության:

ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության ղեկավար Սամադ Սեիդովը (լուսանկարում) վրդովվեց, թե Ադրբեջանը սկզբում տրամադրված էր երկխոսելու, բայց հետո այլ բան տեղի ունեցավ ու պատմեց. «Մենք Փարիզում՝ հանձնաժողովի նիստում կառուցողական մոտեցում ցուցաբերեցինք, որոշեցինք միասին աշխատել, բաց լինել երկխոսության համար, մոտ լինել ԵԽԽՎ-ին: Բայց Փարիզից մեկ ամիս հետո զեկույցի հեղինակը հայտարարություն տարածեց և օգտագործեց ռեժիմ բառը՝ «ռեժիմը ցույց տվեց իր ոչ ժողովրդավարական բնույթը»: Նա դրանով այրեց կամուրջը, որը մենք ունեինք: Ադրբեջանը երբեք չի ընդունի այս մոտեցումը, որ փորձում են մեր երկրին վարկաբեկել»:

Այնուհետև, անդրադառնալով այն փաստին, որ հայկական պատվիրակության անդամները հերթագրվել են ելույթների համար, հայտարարեց. «Տեսեք, հերթագրվածների մեծամասնությունը հայկական պատվիրակության անդամներն են: Ինչո՞ւ է մի երկիր, որտեղ երկրի ՍԴ նախագահի դեմ քրեական գործ է հարուցված, դատապարտում են նախկին նախագահին, խոսում ժողովրդավարության մասին»:

Ռաֆայել Հուսեյնովի նկարը՝ ԵԽ կայքից

Ադրբեջանցի պատվիրակ Ռաֆայել Հուսեյնովը Ադրբեջանի նկատմամբ կատարվողը երկակի ստանդարտների կիրառման ապացույց համարեց:

Ադրբեջանցի պատվիրակի ելույթին հաջորդեց ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանի ելույթը: Նա նշեց՝ հասկանում է Սամադ Սեիդովի անհանգստությունը և հայտարարեց. «Այո մենք հերթագրվել ենք ելույթների համար, այո մենք անհանգստացած ենք Ադրբեջանում տիրող իրավիճակով, այո, մենք ուզում ենք ժողովրդավար Ադրբեջան, այո, մենք ուզում ենք ժողովրդավար Հարավային Կովկաս, իսկ դա տեղի չի ունենա, եթե Ադրբեջանը չդառնա ժողովրդավար»:

Ադրբեջանցի պատվիրակ Ասիմ Մոլազադեն էլ հիշեցրեց՝ խոսում ենք Ադրբեջանը բարբարոս երկիր է, մինչդեռ չենք խոսում այն մասին, որ Հայաստանում մի քանի օր առաջ ոստիկանությունը ներխուժեց այդ երկրի ՍԴ նախագահի տուն:

Նաիրա Զոհրաբյանն էլ իր ելույթում նշեց, որ հազարավոր անգամներ Վեհաժողովը, ՄԻԵԴ-ը, Նախարարների կոմիտեն այդ խնդիրները բարձրացրել է և կոչ արել Ադրբեջանին ազատ արձակել քաղբանտարկյալներին, միևնույն ժամանակ հիշեցրեց՝ բազմաթիվ անգամ տեսել ենք Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ցինիկ պատասխանները:

Նշենք՝ զեկույցում ասվում է, որ Ադրբեջանի՝ ԵԽ անդամ դառնալուց ի վեր՝ 2001-ից սկսած ԵԽ-ն մտահոգված է այս երկրում քաղաքական բանտարկյալներին առնչվող փաստերով: Մարդու իրավունքների եվրոպական դատարանն ընդունել է կարևոր որոշումներ՝ Ադրբեջանում քաղաքական ընդդիմության ներկայացուցիչների, քաղաքացիական ակտիվիստների, մարդու իրավունքների պաշտպանների, իշխանություններին քննադատող լրագրողների նկատմամբ մեղադրանք առաջադրելն ու կալանավորելը համարելով կամայական, որը հաճախ զուգորդվել է բռնություններով և նրանց՝ կարծիքն արտահայտելուն ուղղված սահմանափակումներով: Այս վճիռներից շատերը փաստում են, որ նման դեպքերից շատերը լիովին համապատասխանում են «քաղաքական բանտարկյալ» եզրույթին, որը սահմանվել է ԵԽԽՎ-ի ընդունած Բանաձև 1900-ով: 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031