«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակում այսօր ՀՀ ոստիկանապետի պաշտոնակատար Արման Սարգսյանի հետ կուսակցության անդամների փակ հանդիպում է ընթանում:
Լրագրողների հետ ճեպազրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն ասաց, որ նախատեսված հանդիպում էր, պարբերաբար հանդիպում են: Լրագրողները հետաքրքրվեցին, թե Սահմանադրական դատարանի շուրջ իրավիճակն, ի վերջո, ինչպես է հանգուցալուծվելու: «ՍԴ խնդրի կարգավորումը կա, շուտով այդ մասին կիմանաք, չեմ ուզում այդ մասին խոսել: Այդ մասին առաջիկա օրերին խմբակցության ղեկավարը կխոսի»,-պատասխանեց Քրիստինե Պողոսյանը:
Թե ինչ կարգավորման մասին է խոսքը, նա նշեց. «Այն խաղաղություն է բերելու ՀՀ քաղաքացիներին եւ հանդարտություն: Մարդիկ իրենց աշխատանքն են անելու եւ չեն նյարդայնանալու, որ Սահմանադրական դատարանը բռնազավթված է: Ճիշտ է, այս պահին շարքային քաղաքացին գուցե իր վրա չի զգում՝ ՍԴ-ն բռնազավթվա՞ծ է, թե՞ ոչ, բայց եթե հարցնեք, որ տարիներ շարունակ, երբ ընտրությունների արդյունքների հետ համաձայն չեն եղել, որտե՞ղ են գնացել դա բողոքարկելու, եւ ով է վերջնական կնիքը խփել, դա եղել է ՍԴ-ն, որը տասնյակ տարիներ ՀՀԿ-ին է ներկայացրել»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ