Լրահոս
Օրվա լրահոսը

Կբարձրանան Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատակիցների աշխատավարձերը

Հունվար 30,2020 17:10

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը որոշում է ընդունել իր նախկին՝ 2014թ. հուլիսի 3-ի «Զինված ուժերում, ազգային անվտանգության, ոստիկանության մարմիններում, քրեակատարողական և փրկարար ծառայություններում ծառայության առանձնահատկություններով պայմանավորված հավելումների տրամադրման դեպքերը, դրանց վճարման չափերը և կարգը սահմանելու մասին» 712–Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին: Նպատակը ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության աշխատողների վարձատրության բարձրացումն է: Նախագծի ընդունումը թույլ կտա էականորեն բարելավել քրեակատարողական համակարգի աշխատակիցների աշխատանքային և կենցաղային պայմանները, բարձրացնել նրանց աշխատանքի որակը՝ նպաստելով քրեակատարողական համակարգի կանոնադրական պարտավորությունների կատարմանը: Որոշումը տարածվում է 2020թ. հունվարի 1-ի դրությամբ գործող, ինչպես նաև հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Թեմայի առնչությամբ վարչապետ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Ես կարծում եմ, որ այս որոշումը և նման որոշումները մեր քաղաքականության համալիր բնույթի մասին են խոսում, որովհետև մենք ընդունում ենք «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարի մասին» օրենքը, և երբ այն ուժի մեջ մտնի, մեր իրավապահ համակարգը պետք է նոր թափով, նոր տեմպով և նոր որակով աշխատի այդ խնդրի վրա: Մյուս կողմից՝ քրեակատարողական ծառայողների աշխատավարձի բարձրացումը սրա շատ կարևոր բաղադրիչն է: Ես ուզում եմ նշել նաև երրորդ բաղադրիչը՝ քրեակատարողական հիմնարկներում սննդի կազմակերպման նոր կարգը, որտեղ, ըստ պաշտոնական տեղեկությունների, եթե նույնիսկ այդ տեղեկությունը մի քանի տոկոսով չափազանցված էլ լինի, հեղափոխական փոփոխություն է: Այսօր այն քրեակատարողական հիմնարկներում, որտեղ սնունդը տրամադրվում է նոր կարգով, կալանավորների, դատապարտյալների մոտ 100 տոկոսն օգտվում է այդ ծառայություններից: Նախկին համակարգով շատ վատ իրավիճակ էր. պետության առաջարկած սնունդը քրեակատարողական ծառայություններում երևի օգտագործում էր 10, 20, լավ 30 տոկոսը, սովորաբար մոտավորապես այդպիսի պատկեր էինք ունենում: Իսկ հիմա այդ ցուցանիշը մոտենում է 100 տոկոսի, ինչը, իր հերթին, ուզում եմ ընդգծել, որ դատապարտված և կալանավորված անձանց ընտանիքների համար սոցիալական բեռի էական թեթևացում է:

Հաջորդ հարցը, որի մասին ուզում եմ նշել՝ այսօր քրեակատարողական ծառայությունում մենք ունենք բազմաթիվ թափուր աշխատատեղեր: Պատճառը նաև այն է, որ աշխատավարձերը ցածր են, ռիսկայնությունը՝ բարձր, և մանավանդ կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում այդ աշխատանքն իր գրավչությունը կորցնում է: Ըստ էության, այս որոշումը դե ֆակտո նշանակում է, որ մենք Հայաստանի Հանրապետությունում նոր աշխատատեղեր ենք ստեղծում՝ ոչ թե դե յուրե – դե յուրե այդ աշխատատեղերը կան, այլ դե ֆակտո: Եվ մենք, մի կողմից, խոսում ենք պետական կառավարման համակարգի օպտիմալացման մասին, բայց, մյուս կողմից, բարձրացնում ենք պետական կառավարման համակարգի գրավչությունը և ընդհանրապես պետք է բարձրացնենք, այս ուղղությամբ պետք է մեր աշխատանքը շարունակենք: Այնպես որ, կարծում եմ՝ սա իսկապես շատ կարևոր որոշում է»:

Ի թիվս թեմային վերաբերող մի շարք այլ հարցադրումների, քննարկվել է նաև որոշումը կյանքի կոչելու նպատակով գերատեսչության բյուջեի հաշվին վերաբաշխումների իրականացման հարցը: Վարչապետը ևս մեկ անգամ նկատել է, որ պետք է պահպանվի հետևյալ սկզբունքը՝ որևէ ոլորտային խնդիր լուծելու համար պետք է նախ վերաբաշխում անել ոլորտում առկա գումարների հաշվին և ապա լրացուցիչ հատկացում անել այն դեպքում, երբ դրա կարիքը կլինի: «Այդ սկզբունքը պետք է պահվի բոլոր դեպքերում, ներառյալ՝ այս դեպքում: Վերջին մեկուկես տարվա ընթացքում մենք բյուջետային կարգապահության նոր որակի ենք հասել և պետք է այդ քայլերով շատ վստահ գնանք առաջ, որովհետև դա հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության կարևորագույն չափանիշ է, և մենք պետք է ձգտենք հնարավորինս արդյունավետ անել այս գործը», -ասել է Նիկոլ Փաշինյանը:

Սերբիայի քաղաքացիները կկարողանան առանց մուտքի վիզայի պահանջի այցելել Հայաստան

Գործադիրը որոշում է ընդունել Սերբիայի Հանրապետության քաղաքացիների համար Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի այցելությունների ռեժիմ սահմանելու վերաբերյալ: Զեկուցվել է, որ 2019թ․հոկտեմբերի 25-ին Սերբիայի կառավարությունը որոշում է ընդունել սովորական անձնագրեր կրող ՀՀ քաղաքացիների համար մուտքի արտոնագրի պահանջը միակողմանի վերացնելու մասին, որն ուժի մեջ է մտել 2019 թ. նոյեմբերի 2-ին. ՀՀ քաղաքացիները կարող են Սերբիայի Հանրապետության տարածքում առանց մուտքի արտոնագրի պահանջի մնալ առավելագույնը 90 օր ժամկետով՝ 180 օրվա ընթացքում, 180 օր ժամկետով՝ 360 օրվա ընթացքում։ Ելնելով փոխադարձության սկզբունքից՝ մշակվել է սույն որոշման նախագիծը, որի ընդունմամբ Սերբիայի քաղաքացիները, համաձայն «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքի, առանց մուտքի վիզայի ՀՀ տարածքում կկարողանան գտնվել առավելագույնը 180 օր ժամկետով՝ 1 տարվա ընթացքում: Որոշման նպատակն է՝ ամրագրել փոխադարձությունը 2 երկրների միջև վիզաների ռեժիմի վերացման հարցում, և դրա ընդունումը ևս մեկ քայլ է ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժի իրավունքի ապահովման ուղղությամբ կառավարության քաղաքականության իրականացման գործում: Վիզայի ռեժիմի պահանջը կվերացվի այս որոշման պաշտոնական հրապարակումից 10 օր անց:

Կառավարության ղեկավարը կարևորել է որոշման ընդունումը՝ նշելով. «Կարծում եմ՝ լավ որոշում է, կարևոր և հույս ունեմ, որ այն կխթանի, որպեսզի ուղիղ չվերթներ իրականացվեն Երևանից Բելգրադ կամ Սերբիայի այլ քաղաքներ և Բելգրադից Գյումրի, Երևան և այլ քաղաքներ: Ընդհանրապես տարբեր երկրների հետ վիզային ռեժիմը վերացնելու այս միտումը մեր արտաքին քաղաքականության շատ կարևոր ուղղություն է: Կարծում եմ նաև, որ պետք է այս տեղեկատվությունը հասցնել մարդկանց, տեղեկացնել և ի ցույց դնել ազատ տեղաշարժի իրավունքի ապահովման հնարավորությունը»:

Կբարելավեն հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացման մեխանիզմները

Կառավարությունը որոշում է ընդունել «Հոգեբուժական օգնության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին», «ՀՀ քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին», «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերին հավանություն տալու մասին: Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է բարելավել հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների իրացումը, տարբեր գործիքների միջոցով սահմանել մեխանիզմներ՝ դրանց պաշտպանության համար, ապահովել դատահոգեբուժական փորձաքննությունների իրականացման, հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների պաշտպանության հետ կապված և հոգեկան առողջության ոլորտում առաջացող այլ հարաբերությունների համալիր կարգավորումը:

Հարցի առնչությամբ ծավալվել է հանգամանալից քննարկում, կառավարության նիստի մասնակիցները հանդես են եկել մի շարք դիտարկումներով:

Վարչապետը նշել է, որ հանրության խոցելի խավերի իրավունքները պետք է առաջնային դիտվեն, քանի որ շատ հաճախ, երբ մարդու հիվանդությունն արձանագրվում է, նրա վրա խաչ է քաշվում, և մարդու՝ հոգեբուժական հաստատություն ընկնելն ինչ-որ առումով դառնում է դատավճիռ իր բոլոր հետևանքներով: Կառավարության ղեկավարի խոսքով՝ գաղտնիք չէ, որ հոգեկան առողջության խնդիրներ ունեցող մարդկանց նկատմամբ համարժեք վերաբերմունքի բաց կա, այդ թվում նաև՝ հոգեբուժական ծառայություն մատուցող հաստատությունների գործունեության առումով, բայց առկա է միասնական կամք՝ նման խնդիրները լուծելու ճանապարհով վճռականորեն գնալու և իրավիճակի բարելավմանը միտված աշխատանքները շարունակելու հարցում: Նիկոլ Փաշինյանը նաև տեղեկացրել է, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի՝ այս տարվա ամենահայտնի ներկայացումներից մեկը հենց այդ թեմատիկային է վերաբերում և խորհուրդ տվել դիտել ներկայացումը:

Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը մաքսային կցորդ կունենա, որն աշխատելու է Վերին Լարսի անցակետի տարածքում

Կառավարությունը որոշում է ընդունել Արամ Թանանյանին Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանությանը կից մաքսային կցորդ՝ 3 տարի ժամկետով նշանակելու վերաբերյալ: Որոշման նախագծի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2019 թ. դեկտեմբերի 2-ի 1807-Ն որոշումը, որով սահմանվել է, որ ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից գործում է ՀՀ մաքսային կցորդ՝ ՌԴ-ում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմնի խորհրդականի կարգավիճակով:

Վարչապետը նշել է, որ մաքսային կցորդը պետք է աշխատի Վերին Լարսի անցակետի մոտակայքում: Կառավարության ղեկավարը շնորհավորել է Արամ Թանանյանին և մաղթել հաջողություն:

Կառավարության նիստում քննարկման առարկա է դարձել ՀՀ ՊԵԿ ներկայացրած որոշման նախագիծը, որով առաջարկվում է ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային կետ-բաժնի և ՀՀ ՊԵԿ Հյուսիսային մաքսատուն-վարչության Բավրայի մաքսային կետ-բաժնի կողմից զբաղեցրած և սպասարկման համար հատկացված տարածքներից «Դյութի Ֆրի Մարկետ Արմենիա» ՍՊԸ-ին 49 տարի ժամկետով կառուցապատման իրավունքով, առանց մրցույթի, տրամադրել համապատասխանաբար 1036 քառ. մետր և 565.3 քառ. մետր մակերեսով հողամասեր:

Հարցի առնչությամբ ծավալվել է մտքերի փոխանակություն: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ պետք է հրաժարվել առանց մրցութային ընթացակարգի որևէ ընկերությանը հողամասերի տրամադրման պրակտիկայից և առկա հնարավորությունների մասին տեղեկացնել բոլոր կազմակերպություններին, սահմանել աճուրդային խիստ պայմաններ և մրցույթի վերահսկողության հստակ մեխանիզմներ: «Ընդհանրապես եկեք այս պրակտիկան, որ կառավարությունը որոշեց այս կամ այն հողն առանց մրցույթի տալ այսինչ ընկերությանը, վերացնենք մեր իրականությունից, որովհետև եթե կա ինչ-որ հողակտոր, որ մենք պատրաստ ենք ինչ-որ մեկին տրամադրել, ուրեմն մենք պատրաստ ենք այն տրամադրել ցանկացած մեկին, ով առավելագույնս լավ պայմաններ կառաջարկի», – նկատել է կառավարության ղեկավարը: Վարչապետի առաջարկով՝ որոշման նախագիծը հանվել է կառավարության նիստի օրակարգից: Նիկոլ Փաշինյանը հանձնարարել է պատրաստել կառավարության որոշման նոր նախագիծ՝ ելնելով վերոնշյալ տրամաբանությունից:

Այլ որոշումներ

Կառավարությունը որոշում է ընդունել «Շրջակա միջավայրի մոնիթորինգի և տեղեկատվության կենտրոն», «Անտառային մոնիթորինգի կենտրոն» և «Հիդրոօդերևութաբանության և մթնոլորտային երևույթների վրա ակտիվ ներգործության ծառայություն» ՊՈԱԿ-ները միաձուլման ձևով «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմակերպելու վերաբերյալ: Նախատեսվում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ին վերապահել ձեռնարկատիրական գործունեության հետևյալ տեսակները` լաբորատոր հետազոտությունների և անալիզների իրականացում, հիդրոերկրաբանական տեղեկատվությունների կազմում և տրամադրում, ստորերկրյա ջրերի հանքավայրերի տեղամասերում ստորերկրյա ջրերի քանակի և որակի ուսումնասիրությունների իրականացում, հիդրոօդերևութաբանական տեղեկատվության տրամադրում և հիդրոօդերևութաբանական ծառայությունների մատուցում, մթնոլորտային երևույթների ռադիոլոկացիոն դիտարկումներ և տեղեկատվական ծառայությունների մատուցում, աշխարհատեղեկատվական համակարգի և հեռազննման տեխնոլոգիաներով հետազոտությունների իրականացում: Վերոնշյալ ՊՈԱԿ-ների միաձուլման արդյունքում ակնկալվում է ապահովել դրանց գործունեության արդյունավետությունը և շրջակա միջավայրի մոնիթորինգի միասնական գաղափարի ներդրումը։

Գործադիրը որոշում է ընդունել իր նախկին՝ 2017 թ. մայիսի 18-ի «Էլեկտրոնային աճուրդի իրականացման կարգը և էլեկտրոնային աճուրդի միջոցով ձեռք բերվող ապրանքների, աշխատանքների և ծառայությունների ցուցակը հաստատելու մասին» 534-Ն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված կարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ: Ըստ հիմնավորման՝ առկա կարգավորումները մասնակիցներին կարող են հնարավորություն ընձեռել բուն աճուրդի անցկացման փուլում ձեռք բերել հակամրցակցային համաձայնություններ: Փոփոխությունները պայմանավորված են աճուրդի անցկացման փուլում մասնակիցների միջև հնարավոր հակամրցակցային համաձայնությունների ձեռքբերման ռիսկերը նվազեցնելու անհրաժեշտությամբ:

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031