Լրահոս
Օրվա լրահոսը

«Կեղծ քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք նոր են ի հայտ եկել, հայտ են ներկայացնում՝ որպես տարբեր արժեքների կրողներ». Սաքունց

Հունվար 30,2020 15:11

Այսօր ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց Հայաստան-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ճանապարհային քարտեզի կիրարկման գործընթացում ՀԿ-ների եւ քաղհասարակության դերը:

Ինչպես հայտնի է, ՀՀ-ԵՄ համաձայնագրով նախատեսվում է պլատֆորմ ստեղծել ՀԿ-ների, քաղհասարակության, արհմիությունների մասնակցությամբ: Քննարկման մասնակիցները հետաքրքրվեցին՝ միայն գրանցվա՞ծ ՀԿ-ները կարող են ընդգրկվել, թե՞ պլատֆորմում կարող են լինել չգրանցված, բայց ակտիվ ՀԿ-ներ: Արեւելյան գործընկերության քաղհասարակության ֆորումի ՀՀ ազգային պլատֆորմի համակարգող Լուսինե Հակոբյանը պատասխանեց, որ խոսքն, ըստ էության, միայն գրանցված ՀԿ-ների մասին է: Դեռ հստակ չէ, թե ինչ չափորոշիչներով են ընտրվելու ՀԿ-ները, բայց ակնհայտ է, որ հաշվի է առնվելու ԵՄ-ի հետ աշխատանքի ակտիվությունը:

Բանն այն է, որ համաձայնագրի շրջանակներում քաղհասարակության մասնակցությամբ այլ պլատֆորմ էլ կա ու հարց է առաջանում՝ ինչո՞վ է տարբերվելու նոր պլատֆորմը արդեն եղածից:

Standing Committee on European Integration holds a session at the RA National Assembly

«Բաց հասարակություն հիմնադրամներ-Հայաստանի» տնօրեն Լարիսա Մինասյանն ասաց, որ իսկապես Արեւելյան գործընկերության պլատֆորմը համաձայնագրում նշված է եւ նշված է, որ դա միակ սուբյեկտը չի. «Կան տարբեր միավորումներ, նաեւ նշված է, որ ձեւավորվելիք պլատֆորմը եւ սա նույն բանը չի, ձեւավորվելիք պլատֆորմը պետք է լինի շատ ավելի լայն, քաղհասարակության գրանցված կազմակերպություններից: Հետագայում չեմ կարող ասել՝ ինչ պատճառով, կարող է այն պատճառով, որ «Գործընկերություն հանուն բաց հասարակությանն» ունեցել է ակտիվ մասնակցություն թե նախորդ եվրաինտեգրման պրոցեսների մշտադիտարկմանը, թե՛ այս համաձայնագրի, այդ կազմակերպությունը հրավիրվեց սեղանի շուրջ: Առաջարկությունն այն է, որ որոշումը կայացնելիս լինի այս երկու պլատֆորմի՝ Արեւելյան գործընկերության» եւ «Գործընկերություն հանուն բաց հասարակության» պլատֆորմի ոչ միայն մասնակիցներից, այլ կոորդինացնելով, կարգավորելով: Մեր դերը միայն կոորդինացիայի մեջ է: Դա չի նշանակում, որ ընտրվող պլատֆորմի անդամները պետք է լինեն միայն մեր անդամները»:

Լուսինե Հակոբյանն էլ ասաց, որ համակարգման գործառույթը Հայաստանի ազգային պլատֆորմինն է:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը մտավախություն ուներ, որ կեղծ քաղհասարակություն կա. «Կեղծ քաղհասարակության ներկայացուցիչներ, որոնք նոր են ի հայտ եկել, հայտ են ներկայացնում՝ որպես տարբեր արժեքների կրողներ, բայց պետք է կարողանալ գիտակցել, թե ինչ նպատակ է հետապնդում այս պլատֆորմը եւ ընտրության ժամանակ այդ պատասխանատվությամբ մոտենալ, թե ինչի համար է դա եւ ինչ ենք անելու»:

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն ասաց. «ԵՄ-ՀՀ ընդլայնված համագործակցության պայմանագիրը պետք է դիտարկել՝ որպես ՀՀ-ում ժողովրդավարական եւ իրավական պետության վերականգնման ամենակարեւոր հնարավորություններից եւ ռեսուրսներից մեկը: Գիտեք, որ պայմանագիրը հաջորդեց 2013-ին ձախողված Ասոցացման համաձայնագրին, երբ որ, ըստ էության, արտաքին ուղղակի ճնշման ներքո Կրեմլի կողմից անթաքույց, հրապարակավ ճնշման արդյունքում Հայաստանի նախկին իշխանությունները տեղի տվեցին եւ ընդամենը 4 տարի հետո երկարատեւ ջանքերից հետո հնարավոր եղավ այդ համաձայնագիրը ստորագրել: Ես ուզում եմ անպայման հիշեցնել այս պրոցեսի ակունքները, բովանդակային ընթացքը: Իմ կարծիքով քաղհասարակությունը լուրջ առաքելություն ունի այս համաձայնագրի իրականացման եւ ապահովման մեջ: Երբ 2017-ի նոյեմբերին ստորագրվեց համաձայնագիրը, մենք, անկեղծորեն ասեմ, չենք վստահել ու չէինք հավատում, որ այդ համաձայնագիրը բովանդակային կարող է իրականացվել նախորդ իշխանության կողմից: Ինչպես ձեւական մոտեցում է եղել՝ հանուն միայն ֆինանսների, այդ մոտեցումը ինչպես Ասոցացման համաձայնագրի ժամանակ մենք շեշտում էինք, ահազանգում էինք, ԵՄ գործընկերները ուշադրություն չէին դարձնում, նաեւ նոյեմբերի համաձայնագրի հետ կապված ունեինք: Կարեւորը՝ թավշյա հեղափոխությունն այդ հնարավորությունը տվեց: Թավշյա հեղափոխությունից հետո, երբ պետությունը զավթածները հեռացվեցին իշխանությունից, մի ամբողջ առաջարկության փաթեթ ներկայացրեցինք Ընդլայնված համագործակցության համաձայնագրի վերաբերյալ թե՛ կառավարությանը, թե՛ փոխվարչապետին այն ժամանակ, նաեւ՝ ԱԺ-ին: Ինչպես ենք մենք պատկերացնում համաձայնագրի իրականացումը, կառավարությունը պետք է կարողանար ունենար փաթեթ: Դեսպան Սվիտալսկին այն ժամանակ ասաց՝ սա պատրաստի փաստաթուղթ է ու պարզապես պետք է իրագործել: Եվ մենք հիմա հասել ենք այն վիճակին, որ ԵՄ-ՀՀ քաղհասարակության պլատֆորմը դա հենց համաձայնագրով նախատեսված անհրաժեշտ ինստիտուտներից մեկն է»:

Նա հորդորեց հանձնաժողովում բովանդակային հարցեր քննարկել: Հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն ասաց՝ եթե ընթացակարգային հարցերը չլուծենք, բովանդակային հարցերին ո՞նց անդրադառնանք: Ըստ Սաքունցի, կարող է շատ խորանան ընթացակարգի մեջ ու մոռանան, թե ինչի համար են հավաքվել. «Հազարամյակի մարտահրավերների շահառուների խորհրդի ընտրության լավ փորձ ունենք՝ ավտորիտար կառավարման ժամանակ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031