Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՊԿ պաշտոնյա Անատոլի Սիդորովը` Հայաստանին տրամադրված սպառազինության մասին

Հունվար 30,2020 14:42

ՀՀ-ում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի ամրապնդումը եւ հայկական զինված ուժերի համալրումը ժամանակակից զինտեխնիկայով, Հայաստանի անվտանգության եւ առհասարակ, ՀԱՊԿ-ի սահմանների անվտանգության կարեւորագույն ուղղություններից է: Այս մասին այսօր Sputnik Արմենիայի մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած Երեւան-Մոսկվա-Բիշքեկ-Մինսկ տեսակամրջի ժամանակ հայտարարեց ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովը` մեկնաբանելով վերջին շրջանում Հայաստանին հատկացված նոր սպառազինության մասին հարցը: Բանախոսի կարծիքով, Հայաստանի անվտանգության բարձրացումը, ՀԱՊԿ-ի`կովկասյան ուղղության ամրապնդման կարեւորագույն բաղադրիչ է:

Հիշեցնենք, որ այս սպառազինությունների ձեռքբերման պայմանագրերը համաձայնեցվել էին ավելի վաղ` ՀՀ զինված ուժերի արդիականացման 2018-2024 թվականների ծրագրի հիման վրա:

2019-ին Հայաստանը ՌԴ-ից ստացավ մեծ քանակությամբ ժամանակակից սպառազինություն`TOP-M2KM զենիթահրթիռային համակարգ եւ Cy-30CM բազմաֆունկցիոնալ կործանիչ:

Ճեպազրույցի թեման էր` «ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների ձևավորման և կառավարման մարմինների համատեղ նախապատրաստման 2019թ-ի արդյունքները և 2020թ-ի խնդիրները»: Թեմայի համատեքստում, բանախոսը նկատեց, որ ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի շրջանակներում համախոհ երկրների գործողություններն անցյալ տարի չեն նպաստել Կովկասյան տարածաշրջանում կայունության ամրապնդմանը եւ անվտանգության մակարդակի բարձրացմանը:

ՀԱՊԿ պաշտոնյայի համոզմամբ, ԱՄՆ-եւ ՆԱՏՕ-ում նրա դաշնակիցները շարունակում են ջանքեր գործադրել`Կովկասյան տարածաշրջանում իրենց ազդեցությունն ամրապնդելու համար, այդ թվում նաեւ Վրաստանի հետ թե Վաշինգթոնի, թե Բրյուսելի կողմից ռազմական համագործակցության սերտացմամբ եւ բարձրացմամբ: Նրա համոզմամբ, թե Վաշինգթեոնը, թե Բրյուսելը նպատակադրվել են Վրաստանը վերածել ՌԴ-ին հակազդելու հիմնական գործիքի`Վրաստանին ցուցաբերելով տեխնիկական եւ ֆինանսական մեծ օժանդակություն, ինչպես նաեւ, տարեցտարի վրացական զինված ուժերում ընդլայնելով ամերիկյան եւ ՆԱՏՕ-ական մասնագետների ներգրավվածությունը`ռազմական պատրաստության մասով: ՀԱՊԿ պաշտոնյան հատուկ շեշտադրեց նաեւ այն հանգամանքը, որ անցյալ տարի մեծ թվով ամերիկյան եւ ՆԱՏՕ-ական նավերը պարբերաբար ելք ու մուտք են ունեցել վրացական ափերում գտնվող սեւծովյան նավահանգիստներ:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031