Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ինչու Արփինե Հովհաննիսյանը չի ընդգրկվել սահմանադրական բարեփոխումների հանձնաժողովում. պարզաբանում է Բադասյանը

Հունվար 30,2020 14:25

Այսօր կառավարության նիստից հետո արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն անդրադարձավ սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովում Արփինե Հովհաննիսյանին չընդգրկելուն: Հարցին՝ Հովհաննիսյանը չընդգրկվեց, որովհետեւ ընդդիմադիր հայացքնե՞ր ունի, Բադասյանը պատասխանեց՝ հանձնաժողովը դեռ չի ձեւավորվել, թեկնածուների՝ իրավաբան-գիտնականների եւ ՀԿ-ների ներկայացուցիչներ ընտրելիս, նպատակ չունեին ընդդիմադիրներ կամ իշխանամետներ լինեին. «Այնտեղ պետք է լինեին իրավաբան-գիտնականներ եւ պետք է լինեին քաղաքացիական հասարակության երկու ներկայացուցիչներ: Մենք գնահատում ենք տիկին Հովհաննիսյանի անկեղծ մղումներն, ինչպես ինքն էր հայտարարել, մենք այս քայլով չենք ուզում ցույց տալ, որ իր օգնության կարիքը չունենք կամ ունենք, դրա մասին չէ խոսքը:

Տիկին Հովհաննիսյանի հայտում նշված է, որ ինքը մասնակցել է նախորդ Սահմանադրության փոփոխության հանձնաժողովի աշխատանքներին: Իրականում կարծես թե խոսք է գնում ոչ ֆորմալ մասնակցության մասին, որովհետեւ մենք նայել ենք, այնտեղ տիկին Հովհաննիսյանը հանձնաժողովի անդամ չի եղել: Բայց մենք կասկածի տակ նույնիսկ դա էլ չենք դնում:

Խնդիրը հետեւյալն է՝ դատաիրավական բարեփոխումների պաշտոնական փաստաթղթում՝ ռազմավարությունում նշվում է, որ քննադատություն է հնչում 2015 թվականի փոփոխությունների եւ դրան հաջորդած գործընթացների հետ կապված: Մենք բնականաբար, չէինք կարող այդ հանգամանքը դրական առումով գնահատել: Հանձնաժողովի կազմում նրա մասնակցությունը չէր կարող դրական համարվել այս փուլի ընտրություններում»:

Բադասյանը նաեւ ասաց՝ Արփինե Հովհաննիսյանի օգնությունից չեն հրաժարվի:

«Սա, իհարկե, քաղաքական որոշում է: Եվ քաղաքական որոշում է կայացվել, որ մեզ պետք են գիտնական-իրավաբաններ եւ հաշվի առնելով իմ նշած դրական եւ բացասական հանգամանքները՝ այդ չափանիշներով ընտրվել են վեց գիտնականներ: Դիմած անձանց շրջանում կային բավականին այլ արժանի անձինք, բայց վեցին պետք է ընտրեինք»,-ասաց Բադասյանը, նշելով՝ տիկին Հովհաննիսյանի մասնագիտական ունակությունները կասկածի տակ չեն դնում. «Ուղղակի ավելի քիչ համապատասխանողները չեն ընտրվել»:

Նախարարը հիշեցրեց նախկինում արած իր հայտարարությունը. «Ես կրկնում եմ՝ 2015 թվականի Սահմանադրության փոփոխությունների նախաձեռնությունն ու Սահմանադրության փոփոխությունների իրականացումը խայտառակություն էր մեր երկրի համար եւ մեր դատաիրավական փոփոխությունների ռազմավարությամբ քննադատվում է այդ փոփոխությունը»: Եվ ըստ այդմ, ինչպես Բադասյանն ասաց, Հովհաննիսյանի՝ նախկին փոփոխություններին մասնակցությունը չէին կարող դրական համարել. «Խնդիր չկա, եթե տեսնեինք՝ այլ հանգամանքներում ամենալավ թեկնածու լիներ՝ կընտրեինք ամենալավին: Մեր ընտրությունում որոշակի հայեցողություն կա: Ներկայիս կազմում բոլորը իրավաբան-գիտնականներ են, անկախ մարդիկ են, նրանց թիրախավորելը տեղին չէ: Որեւէ մեկը կարո՞ղ է փաստ ներկայացնի, որ անդամներից մեկը լոյալ է իմ կամ կառավարության նկատմամբ»:

Սահմանադրական դատարանի ճգնաժամն, ըստ նախարարի, պետք է հնարավորինս շուտ լուծվի, եւ դա պետք է կատարվի համակարգային բարեփոխումներով: Դատավորների վաղ կենսաթոշակի անցնելու նախագծով այդ ճգնաժամն ամբողջովին չի լուծվի, ըստ նախարարի, վաղ կենսաթոշակի անցնելու ժամկետին դեռ ժամանակ կա մինչեւ փետրվարի 27-ը եւ որեւէ մեկը չի կարող գնահատական տալ՝ այն աշխատե՞ց, թե՞ ոչ, քանի դեռ վերջին օրը չի եկել ու որեւէ մեկը չի դիմել: «Բայց տրագեդիա չի լինի՝ եթե չդիմեն»,-ասաց նախարարը:

Մանրամասն՝ շուտով տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031