ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ը փետրվարի 9-ին Ադրբեջանում սպասվող արտահերթ խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հրապարակել է իր միջանկյալ զեկույցը:
Զեկույցի հեղինակները նշում են, որ լրջագույն խնդիրներ կան, որոնք խանգարում են երկրում արդար ժողովրդավարական ընտրությունների անցկացմանը: Մասնավորապես, լուրջ կասկածներ կան Ադրբեջանում հիմնարար իրավունքների և ազատությունների պահպանման վերաբերյալ, որի պատճառով ընդդիմադիր ուժերը բոյկոտել են ընտրությունները: Այդ խախտումները վերաբերում են լրատվամիջոցներին հասանելիությունը և հավաքների ազատությունը սահմանափակելուն: Մի շարք թեկնածուներ զրկվել են ընտրություններին մասնակցելու հնարավորություններից՝ չնայած Մարդու իրավունքների եվրոպական դատարանը որոշել էր հանել նրանց վրայից մեղադրանքները: Խախտված է նաև գենդերային հավասարակշռությունը, և կանայք վատ են ներկայացված նաև հեռացող խորհրդարանում:
Երկրի սահմանադրությունը երաշխավորում է հիմնական իրավունքներն ու ազատությունները, այդ թվում հավաքների, ազատ արտահայտման, հանրահավաքների և տեղեկատվության հասանելիության ազատություն, ինչպես նաև քաղաքական կյանքին մասնակցելու իրավունք: Սակայն ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի և Վենետիկյան հանձնաժողովի բազմաթիվ առաջարկներ, որոնք վերաբերում էին հավաքների և խոսքի արտահայտման ազատություններին, մեդիա միջավայրին և թեկնածուների գրանցմանը, այդպես էլ չեն իրականացվել:
ԺՀՄԻԳ-ի մի շարք զրուցակիցներ հայտարարել են, որ գործող իրավական բազան չի նախատեսում ազատ նախընտրական քարոզչություն: Այսպես, խախտվել է հավաքների հիմնարար ազատությունը, և վերջին արտոնված քաղաքական հանրահավաքը Բաքվում տեղի է ունեցել 2019թ. հունվարին:
Կարդացեք նաև
Զեկույցի հեղինակները հիշեցնում են, որ հոկտեմբերի 19-ին Բաքվում տեղի ունեցած չարտոնված ցույցի ժամանակ իշխանությունները ֆիզիկական ուժ են կիրառել այն ցրելու համար, ձերբակալվել են բազմաթիվ ակտիվիստներ և ընդդիմության առաջնորդներ:
Իշխանությունները պարբերաբար հետապնդում են և քրեորեն պատժում կառավարությանը քննադատողներին: Ադրբեջանի ժողովրդական ճակատի առաջնորդ Ալի Քերիմլին նախկինի պես չի կարող դուրս գալ երկրից, քանի որ 2005թ-ից հետ չի ստացել անձնագիրը:
Չնայած Սահմանադրություն երաշխավորում է խոսքի ազատություն, տեղեկատվության մատչելիություն և արգելում է գրաքննությունը, այդ իրավունքները խիստ սահմանափակվում են տարբեր օրենքներով: Լրատվամիջոցների մասին օրենքը նախատեսում է լրատվամիջոցների ազատության սահմանափակում ռազմական դրության, արտակարգ դրության և կրոնական ծայրահեղականության դեմ գործողությունների ժամանակ: Զրպարտությունը և հանրայնորեն վիրավորելը, այդ թվում սոցցանցերում, քրեական հանցագործություն են և պատժվում են մինչև 5 տարվա ազատազրկմամբ, եթե ուղղված են նախագահի դեմ:
ԵԱՀԿ լրատվամիջոցների ազատության հարցերով ներկայացուցիչը բազմիցս մտահոգություններ է հայտնել լրագրողների դեմ ծանր հանցագործությունների մասին մեղադրանքների, ինչպես նաև նրանց ազատ և անվտանգ աշխատանքային պայմանների բացակայության կապակցությամբ:
Ըստ Եվրախորհրդի՝ 5 լրագրողներ մնում են կալանքի տակ, իսկ Տրանսպորտի, կապի և բարձր տեխնոլոգիաների նախարարությունն իրավունք ունի արգելափակել լրատվական կայքեր և արգելել լրատվամիջոցի աշխատանքը՝ առանց դատարանի որոշման:
12 հեռուստաալիք ունեն համապետական սփռում այն դեպքում, երբ պետական AzTV և հանրային ITV-ն ֆինանսավորվում են պետական բյուջեից:
Գովազդային շուկայի սահմանափակումը հանգեցնում է նրան, որ բազմաթիվ լրատվամիջոցներ կախվածություն ունեն պետական ֆինանսավորումից: Մոտ 30 մասնավոր տպագիր թերթեր ամեն ամիս ֆինանսավորում են ստանում լրատվամիջոցների զարգացման աջակցության պետական նախագահական հիմնադրամից: Ընդ որում, դրանք լույս են տեսնում չնչին տպաքանակով, ասվում է զեկույցում:
Պետության հետ գործակցող լրատվամիջոցները վայելում են իշխանությունների աջակցությունը և ունեն երաշխավորված հասանելիություն պաշտոնական անձանցից ստացվող տեղեկատվությանը:
ITV-ն միակ հեռարձակողն է, որն առաջարկում է վճարովի եթեր՝ շատ բարձր գնով: Ընդ որում, եթերում չկան բաց քննարկումներ, բանավեճեր, կլոր սեղաններ, քաղաքական գովազդ:
Իշխանությունները սահմանափակել են քաղհասարակության հնարավորությունները՝ հետևել ընտրություններին և անցկացնել էքզիթ-փոլեր: Օրինակ, Ընտրությունների վերահսկման և ժողովրդավարության ուսումնասիրության կենտրոնն ունի ընտրություններում դիտորդության զգալի փորձ, բայց չի կարողացել գրանցվել և դիտորդություն անցկացնելու իրավունք չունի, ասվում է զեկույցում:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ