Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը՝ նախագահ, պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի գլխավորությամբ, «Ազգային արժեք» մշակույթի համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի որոշմամբ և խորհրդի հետ համատեղ դեռևս անցած տարվանից մեկնարկել էր ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում իրականացվելիք մշակութային միջոցառումների շարք:
Այդ ծրագրի շրջանակներում հունվարի 29-ին մշակութային մեծ միջոցառում կազմակերպվեց Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում: Միջոցառմանը ներկա էին Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության նկարիչների և ճարտարապետների միության անդամ, «Ազգային արժեք» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ և միջոցառման կազմակերպիչ Աշոտ Թադևոսյանը, հիմնադրամի տնօրեն Նարե Թադևոսյանը, Ազգային ժողովի պատգամավորներ Անի Սամսոնյանը, Թագուհի Ղազարյանը, Արթուր Հովհաննիսյանը, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի տնօրեն Մարիաննա Մխիթարյանը և բանաստեղծ Գոռ Հարությունյանը:
Նախքան միջոցառման մեկնարկը ողջույնի խոսքով հանդես եկան Աշոտ Թադևոսյանը և պատգամավոր Անի Սամսոնյանը՝ նշելով, որ օրվա գլխավոր նպատակը հոգևոր, մշակութային բավարարվածություն, ժպիտ նվիրելն է անազատության մեջ գտնվողներին՝ փոխելով նրանց կյանքի թեկուզ մեկ օրը: Ա. Թադևոսյանը հայտարարեց նաև Հայաստանի Հանրապետության անկախության օրվան նվիրված «Ես սիրում եմ իմ երկիրը» խորագրով մրցույթի մասին, որն իրականացվելու է բոլոր քրեակատարողական հիմնարկներում, և լավագույն աշխատանքները ներկայացրած հեղինակներն արժանանալու են դրամական պարգևատրումների:
Բուն միջոցառումն սկսվեց Աբովյան քաղաքի դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար, ռեժիսոր Արմեն Սարգսյանի բեմադրած «ԱԻՆ-911, լսում եմ ձեզ» մոնո-ներկայացմամբ՝ դերասանուհի Լիանա Ավետիսյանի խաղով:
Կարդացեք նաև
Այնուհետ բանաստեղծ Գոռ Հարությունյանը հանդիսատեսին ներկայացրեց իր ստեղծագործություններից:
Միջոցառման ողջ ընթացքում արվեստագետ Աշոտ Թադևոսյանը նկարում էր դատապարտյալների ճեպանկարները և հանձնում նրանց որպես նվեր, իսկ դատապարտյալները մեծ խանդավառությամբ մասնակցելով մրցույթին՝ ամեն մեկը փորձում էր յուրովի թղթին հանձնել նկարչի դիմանկարն այնպես, ինչպես տեսնում և կարողանում էր: Հատկանշական է, որ մրցույթին մասնակցում էին նաև օտարերկյա դատապարտյալներ: Լավագույն նկարների հեղինակներն անձամբ Ա. Թադևոսյանի կողմից ստացան նկարչական պարագաներ, իսկ պատգամավորները նրանց պարգևատրեցին մրցանակներով: Մասնակից դատապարտյալներից Արմենակ Դավթյանին էլ առանձին մրցանակ շնորհեցին նկարիչ Աշոտ Թադևոսյանի՝ տվյալ օրն արվեստով հագեցած դարձնելու մասին լավագույն լուսաբանման համար:
Միջոցառման ավարտին դատապարտյալները կազմակերպիչներին հանձնեցին իրենց ձեռքով պատրաստված կավե աշխատանքները՝ հայտնելով երախտիքի խոսքեր նման բացառիկ և գեղեցիկ օր նվիրելու համար:
Կազմակերպիչներին շնորհակալական խոսքեր հայտնեց նաև հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Գերասիմ Գևորգյանը՝ մասնավորապես նշելով, որ հատկապես արվեստի, մշակույթի միջոցով է հնարավոր լինում լրացնել անազատության մեջ գտնվող անձանց հոգևոր սնունդն ու առօրյան:
ՔՐԵԱԿԱՏԱՐՈՂԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ