Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են այցելել Սերբիա

Հունվար 30,2020 13:10

2019 թվականին Սերբիայի կառավարությունը որոշում է ընդունել ՀՀ այն քաղաքացիների համար, որոնք սովորական անձնագիր ունեն՝ մուտքի արտոնագրի պահանջը միակողմանի վերացնել. այս որոշումն արդեն ուժի մեջ է: Այս մասին այսօր կառավարության նիստում ասաց արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը: Ըստ նրա, ՀՀ քաղաքացիները կարող են Սերբիայի Հանրապետության տարածքում առանց մուտքի արտոնագրի պահանջի մնալ առավելագույնը 90 օր, իսկ մեկ տարվա ընթացքում՝ 180 օր։

Ավետ Ադոնցը կառավարության հավանությանը ներկայացրեց որոշման նախագիծ, ըստ որի՝ Սերբիայի քաղաքացիներն էլ կարող են ՀՀ տարածքում գտնվել առանց վիզայի: Ադոնցի խոսքով՝ փոխադարձության սկզբունքով՝ մշակվել է այս որոշման նախագիծը, որի ընդունման արդյունքում Սերբիայի քաղաքացիները Հայաստանի տարածքում կարող են գտնվել առավելագույնը 180 օր ժամկետով՝ մեկ տարվա ընթացքում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ որոշման մասին ասաց. «Ես հույս ունեմ, որ այս որոշումը կխթանի նաեւ, որպեսզի ուղիղ չվերթներ իրականացվեն Երեւանից Բելգրադ եւ Սերբիայի այլ քաղաքներ, Գյումրիից Բելգրադ եւ այլ քաղաքներ։ Եվ ընդհանրապես, այս միտումը՝ տարբեր երկրների հետ վերացնել առանց վիզային ռեժիմի գործընթաց, կնպաստի մեր արտաքին քաղաքականությանը»:

Հայաստանը 63 երկրների հետ ունի առանց վիզայի ռեժիմ. հայտարարեցին կառավարության նիստին:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն էլ ասաց, որ միջազգային զեկույցներ կան, այսպես ասած՝ անձնագրի հզորացման, եւ ծրագրվում է այս տարի ավելացնել ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժն այլ երկրներում:

Ավետ Ադոնցն էլ նշեց. «Մեր ծրագրերն են եվրոպական երկրների հետ վիզաների ազատականացման առնվազն երկխոսությունը կամ բանակցությունը սկսելը, որի ուղղությամբ տարվում են բավականին դինամիկ հասցեագրված աշխատանք: Ես կխուսափեմ որեւէ կանխատեսում անել: Այն օրը, երբ մենք կսկսենք բանակցությունները, այդ օրը կարող ենք կանխատեսել, թե երբ ԵՄ անդամ երկրների հետ կունենանք վիզային ազատականացված ռեժիմ»:

Նախագիծն ընդունվեց, եւ այն հաստատվելուց տաս օր հետո ուժի մեջ է մտնելու:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031