Լրահոս
Օրվա լրահոսը

Վիլեն Գաբրիելյան. Ես ինձ պատկերացնում եմ ոստիկանական համակարգի ղեկավարի պաշտոնում. «Ժողովուրդ»

Հունվար 30,2020 12:26

Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Վիլեն Գաբրիելյանը (Նավակ ճոճողը) նշանակվեց «Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի եւ բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոն» ՓԲԸ տնօրեն:

Սակայն ուշագրավ է, որ 2018 թվականին տեղի ունեցած թավշյա հեղափոխությունից եւ Գաբրիելյանի՝ ծառայությունից վերադառնալուց հետո, անընդհատ լուրեր էին շրջանառվում նրան այս կամ այն պաշտոնին նշանակելու մասին, անգամ խոսք էր գնում ՀՀ ոստիկանապետ նշանակելու մասին: Սակայն դա տեղի չունեցավ, եւ Գաբրիելյանը պաշտոնի նշանակվեց, ըստ էության, մրցույթ անցնելուց հետո եւ ոչ այնքան յուղոտ պաշտոնի։

Բայց պետք է ընդգծել, որ, վերջինս քաղաքացիական պայքարի ոլորտում բավականին մեծ ուղի է անցել, եւ շատերն են երեկվանից քննարկում, որ նա ավելի բարձր պաշտոնի էր արժանի. բոլոր ընկերները «պադավատներ» ունեին, իսկ Վիլեն Գաբրիելյանը դեռ ծառայում էր Քարվաճառում։

Այս եւ այլ հարցերի շուրջ «Ժողովուրդ» օրաթերթը զրուցեց Վիլեն Գաբրիելյանի հետ:

-Պարո՛ն Գաբրիելյան, Ձեր նշանակումից հետո չեն դադարում խոսակցություններն այն մասին, որ սա, ըստ էության, Ձեզ համար արժանի պաշտոն չէ: Ինչպե՞ս կարձագանքեք, եւ արդյոք սա հենց ա՞յն աշխատանքն է, որով ցանկանում էիք զբաղվել:

-Տարբեր մեկնաբանությունները հենց այդ մարդկանց կարծիքն են: Ես որոշեցի, որովհետեւ այս ոլորտն ինձ հոգեհարազատ եմ համարում, սա իմ մասնագիտական ոլորտն է, եւ ես գիտեմ, որ այս ոլորտում իմ առաքելությունը կարող եմ իրականացնել եւ տանել առաջ, դաշտում փոփոխություններ բերենք: Որովհետեւ դա շատ կարեւոր կառույց է, դեղորայքը, բժշկական սարքավորումներն առողջապահության մեծ տոկոսն են կազմում, իսկ այդ համակարգը ազգային անվտանգության խնդիր է:

-Հաշվի առնելով Ձեր ծառայելու հանգամանքը՝ շատերը Ձեզ տեսնում էին Պաշտպանության նախարարությունում, եւ չէին դադարում խոսակցությունները ոստիկանապետ նշանակվելու մասին: Ինչո՞ւ այս երկու համակարգերում չներգրավվեցիք, եւ արդյոք առաջարկ եղե՞լ է:

-Առաջարկներ չեն եղել: Զինվորական ծառայությունը պարզապես ինձ հոգեհարազատ է, ես ինձ, ամեն դեպքում, բանակային եմ համարում: Բայց ո՛չ առաջարկ է եղել, ո՛չ էլ, անկեղծ ասած, ես եմ ցանկություն ունեցել: Կարծում եմ՝ ես այս մի ոլորտում կարող եմ ավելի շատ օգուտ տալ, քան ՊՆ-ում, քանի որ այնտեղ այս պահի դրությամբ նախարարի տարած առաքելությունը, իր տեսլականը լրիվ համապատասխանում է իմ պատկերացրածին, եւ կարծում եմ՝ իրենք ՊՆ-ում պատվով դա տանում են առաջ:

Իսկ ոստիկանության համակարգի հետ կապված՝ ես մի անգամ ասել եմ եւ կրկնում եմ՝ ես նեղկուսակցական շրջանակում միշտ ասել եմ, որ ես ինձ այդ համակարգի ղեկավար տեսնում եմ, որովհետեւ ես ունեմ իմ մեջ պատկերացում, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ-ում ոստիկանը, ու կարծում եմ՝ իմ պատկերացումը սխալ չի, քանի որ ես տարիներ շարունակ, նաեւ քաղաքացիական պայքարի շնորհիվ, ունեցել եմ բավականին շփում այդ ոլորտի ներկայացուցիչների հետ եւ ունեմ լիարժեք պատկերացում համակարգի էության եւ բովանդակության մասին: Դրա համար ինձ եմ տեսել եւ մեր թիմային շրջանակում ասել եմ:

Նախկինում այն կատակի պես են ընդունել, սակայն հիմա ՔՊ-ն դարձել է կառավարող կուսակցություն, եւ ես ինձ այդ կառույցի ղեկավար միշտ տեսել եմ, հիմա էլ եմ տեսնում եւ վաղն էլ եմ տեսնելու: Ունեմ լիարժեք պատկերացումը նրա մասին, թե ինչպիսին պետք է լինի ՀՀ ոստիկանը:

Զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը

Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031