Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կարգավիճակ՝ տարածքների դիմաց բանաձևն անթույլատրելի է. Սամվել Բաբայան

Հունվար 30,2020 12:45

Հետաքրքիր իրավիճակ է ստեղծվել Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ նախկին իշխանություններից ստացած ժառանգության մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության շուրջ: Վերջապես պետության ղեկավարի՝ Հայաստանի անունից գլխավոր բանակցողի շուրթերից հնչեց, որ բանակցությունների հիմքում ընկած է ազատագրված տարածքների հանձնումը և որ նախորդ երեք նախագահները բանակցություններ են վարել հենց այս համատեքստում:

Ամենայն պատասխանատվությամբ հայտարարում եմ, որ եթե Հայաստանում հեղափոխություն չլիներ, հանձնած կլինեին ոչ միայն բուֆերային գոտիները, այլև Արցախը: Շնորհիվ թավշյա հեղափոխության և Նիկոլ Փաշինյանի` խափանվեցին մադրիդյան սկզբունքների հիման վրա Սերժ Սարգսյանի վարած բանակցությունները և ընդհատվեց հողերի հանձնման գործընթացը:

Բանակցային գործընթացն, այնուամենայնիվ, վերականգնվեց կրկին մադրիդյան սկզբունքների շրջանակներում, որի մասին ՀՀ վարչապետը հնչեցրել էր Ստեփանակերտում կայացած ԱՀ և ՀՀ համատեղ Անվտանգության խորհրդի նիստում: Այսինքն՝ հայկական կողմից այսօր պահանջվում է նույնը, ինչ Սերժի օրոք: Այն է` հրաժարում ազատագրված տարածքներից (7 շրջան` Աղդամ, Ֆիզուլի, Ջեբրայիլ, Զանգելան, Կուբաթլու, Քելբաջար և Լաչին) և ադրբեջանցի փախստականների վերադարձ:

Ըստ էության, Նիկոլ Փաշինյանը հայտնվել է փակուղում: Եթե նա բանակցային գործընթացը շարունակի ժառանգություն ստացած կետից, ստիպված կլինի ստորագրել հողերը հանձնելու պայմանի տակ: Մյուս կողմից` եթե հրաժարվի բանակցային գործընթացից, կնշանակի հրաժարվում է հողերը հանձնելու մասին Ադրբեջանի հետ ունեցած նախորդ իշխանությունների պայմանավորվածությունից, ինչն էլ կհանգեցնի պատերազմի: Թե´ առաջին, թե´ երկրորդ սցենարը անընդունելի է համայն հայության և հատկապես արցախցիների համար:

Այնինչ Արցախի ներկայիս իշխանությունների հետ Անվտանգության խորհրդի նիստերի միակ արդյունքը դարձավ մադրիդյան փաստաթղթի տարընթերցումների տեղիք տվող ձևակերպումների հստակեցման ՀՀ վարչապետի առաջարկը: Այլ սկզբունքների և կետերի հետ կողմերը, որքան էլ տարօրինակ է, համաձայնել են, թե ինչպես կարելի է համաձայնել մադրիդյան սկզբունքների հետ, որոնց հիմքում հողերի հանձնումն է, ապա հայտարարել, որ անընդունելի է նույնիսկ մի թիզ հող զիջելը, հավանաբար արժե հարցնել հենց հայտարարողներից՝ Արցախի նախագահի թեկնածուներից: Իսկ ՀՀ վարչապետին շնչակտուր տված պատասխանների ֆլեշմոբը տպագրող լրագրողներին խորհուրդ կտայի հրապարակումներից առաջ ճշտել, թե ինչ պաշտոն է զբաղեցրել այդ «հայրենասերներից» յուրաքանչյուրը նախորդ իշխանությունների կողմից ակտիվ բանակցությունների շրջանում: Եթե դուք, հարգելի´ լրագրողներ, անեիք դա, ապա կտեսնեիք, որ Արցախի նախագահի ներկայիս թեկնածուները 2016-ի ամռանը` այս հանցավոր բանակցությունների ամենաթեժ շրջանում  նույն հանցավոր իշխանական վերնախավում էին, ընդ որում`առաջին շարքերում:

Եթե դուք իսկապես արմատական դիրքորոշում ունեք հողերի հանձնման հարցի վերաբերյալ, ապա ինչու՞ ձեզանից և ոչ մեկը մինչև իշխանափոխությունը չի արտահայտվել զիջումների, դավադիր բանակցությունների և մադրիդյան սկզբունքների դեմ: Ինչու՞ դուք էլ ինձ պես չեք պայքարել, բանտ նստել: Ինչու՞ հացադուլ չեք հայտարարել: Ինչու՞ ապրիլյան դեպքերի կանխատեսումով բաց նամակներ չեք գրել , հարցազրույցներ չեք տվել չեք ահազանգել հասարակությանը և բացահայտել իրավիճակի լրջությունը:

Եվ դու՞ք եք այսօր հայտարարում, որ ստանձնում եք Արցախի ապագայի պատասխանատվությունը: Պարոնա´յք թեկնածուներ, նախ պատասխան տվեք նախկինում ձեզ վստահված պատասխանատվության համար:

Ես ձեզ հետ խոսում եմ առանց վարձու ԶԼՄ-ների և ֆեյքերի բանակի: Ես, ի տարբերություն ձեզ, հարցեր եմ տալիս առանց այլոց թիկունքում թաքնվելու: Պատասխանեք ազնվորե´ն: Ինչու՞ եք լռել, երբ ձեր աչքի առջև և ձեր լուռ համաձայնությամբ վճռվում էր իմ ժողովրդի և իմ զինվորի արյան գնով ազատագրված հողերի հարցը:

Ինչու՞ եք լռել, երբ նախկին իշխանությունները սկուտեղի վրա Արցախը մատուցում էին Ադրբեջանին 5 միլիարդ դոլարի դիմաց: Համոզված եմ, որ ՀՀ նոր իշխանությունը շուտով բարձրաձայնելու է կուլիսային բանակցությունների այդ և այլ մանրամասներ:

Այսօր մենք պակաս ծանր կացության մեջ չենք, քան 1992 թվականին, երբ Ադրբեջանը զավթել էր Ղարաբաղի գրեթե կեսը և պատրաստվում էր գրավել Ստեփանակերտը: Եթե այն ժամանակ դա տեղի էր ունենում ռազմական գործողություններով, ապա այժմ պարզապես գրչի մի հարվածով:

Այն, որ Ադրբեջանն է այսօր թելադրում բանակցային պայմաններ, Հայաստանի նախկին, ինչպես նաև Արցախի նախկին ու ներկա իշխանությունների մեղքն է: Այն, որ հայկական կողմը ստիպված է խաղաղություն կորզել հողերի դիմաց, հետևանքն է նրա´նց անգործության, ովքեր այսօր փորձում են ամեն գնով պահել իշխանությունը, նրա´նց, ովքեր հզոր տնտեսություն և պրոֆեսիոնալ բանակ ստեղծելու փոխարեն, զբաղվել են հարստություն դիզելով:

Ժամանակն է, վերջապես հասկանալ, որ Ադրբեջանը կհրաժարվի հողերը վերադարձնելու մտքից միայն այն դեպքում, երբ համոզված կլինի, որ չի հաղթի պատերազմում, երբ մեր բանակի հզորությունը անառարկելի իրողություն կլինի: Միայն հզոր պետությամբ՝ սոցիալապես ապահով բնակչությամբ և մարտունակ բանակով կկարողանանք ստիպել հաշվի նստել մեր շահերի հետ և բանակցել հավասարը հավասարի պես:

Որպեսզի չխոչընդոտեմ հողերի հանձնման ծրագիրը, նախկին իշխանությունները ավելի քան 20 տարի փորձում էին հեռացնել ինձ քաղաքական դաշտից: Սակայն այսօր ես Արցախում եմ՝ իմ ժողովրդի կողքին: Եվ եթե դատարանը արդար վճիռ չկայացնի՝ չվերականգնվեն նախագահի թեկնածու առաջադրվելու իմ իրավունքները, մենք կառաջադրենք մեր թեկնածուին:

Այդ դեպքում «Միասնական հայրենիք» կուսակցության փետրվարի 9-ի արտահերթ համագումարում կհայտարարվի նախագահի նոր թեկնածուի մասին, ով կիրականացնի մեր կուսակցական ծրագիրը՝ Արցախի սահմանների անվտանգության ապահովում, հայրենադարձության արդյունավետ մեխանիզմների ներդնում, կարճ ժամանակում Արցախի ռազմական և տնտեսական հզորության վերականգնում: Եթե այսօր մենք չհամախմբվենք այս նպատակների շուրջ, համարեք, որ կորցրել ենք Արցախը:

Հարգելի´ հայրենակիցներ,

իմ սիրելի´ արցախցիներ,

կոչ եմ անում սթափ տրամաբանությամբ նայել իրականության աչքերին և գիտակցաբար մոտենալ այս ճակատագրական իրադարձություններին: Դուք ընտրություն եք կատարում ոչ թե բարեկեցության տարբեր մոդելների, այլ Արցախի լինել-չլինելու, այս հողի վրա մեր երեխաների ապրել-չապրելու միջև:

Մեր հայրենիքում ապրելու իրավունքը մենք նվաճել ենք արյամբ: Իսկ այսօր մեզ՝ այս հողի վրա ապրողներին և այս հողի համար նահատակվածներին կարող են վաճառել:

Հողերի հանձնման կամ պատերազմի վտանգն ավելին, քան երբևէ արդիական է:

Ուստի, կոչ եմ անում ամենայն պատասխանատվությամբ մոտենալ սեփական ընտրությանը: Սխալն ուղղելու հնարավորություն այլևս չի´ լինի: Այն տրված է միա´յն հիմա՝ քանի դեռ մենք կարող ենք մեր ճակատագրի կերտողները լինել:

Սամվել Բաբայանի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031