Լրահոս
Օրվա լրահոսը

Արարատի մարզպետարանը՝ Լուսաշողի դպրոցի ու ֆինանսական ծանր վիճակի մասին

Հունվար 30,2020 10:47

Aravot.am-ը տեղեկացրել է Արարատի մարզի Լուսաշող համայնքում լարված վիճակի մասին, որը պայմանավորված է դպրոցի դասարանները կոմպլեկտավորելու որոշմամբ եւ այդ առիթով ծնողների ու ուսուցիչների դժգոհություններով:

Թեմայի վերաբերյալ մեկնաբանություն խնդրեցինք ԿԳՄՍ նախարարությունից, քանի որ հրաժարական ներկայացրած դպրոցի կառավարման խորհրդի անդամ Ահարոն Թովմասյանը հարց էր ուղել նախարարին՝ տարակուսանք հայտնելով, թե ինչ մարտավարությամբ են շարժվում՝ սահմանից 7-8 կիլոմետր հեռավորության վրա գտնվող գյուղի դպրոցի հանդեպ այդպես վարվելով:

Նախարարի մամուլի քարտուղար Անժելա Կժդրյանը փոխանցեց, որ կոմպլեկտավորումն իրականացնում է այն մարմինը, որի ենթակայության տակ գտնվում է դպրոցը, ապա ուղղորդեց դեպի Արարատի մարզպետարան:

Մարզպետարանից եւս մեկնաբանություն խնդրեցինք դպրոցի ճակատագրի վերաբերյալ, մանավանդ հրաժարական է տվել դպրոցի կառավարման խորհուրդը ողջ կազմով եւ չի բացառվում, որ ի նշան բողոքի՝ համայնքի ավագանին էլ հրաժարական տա, մանկավարժները նույնպես չցանկանան աշխատել նման պայմաններում:

Արարատի մարզպետարանի լրատվականից էլ ստացանք հետեւյալ պարզաբանումը. «Դպրոցների ֆինանսավորման նոր համակարգի անցման պայմաններում, որը նախատեսված է 2020 թվականի հունվարի 1-ից, փոքրաթիվ աշակերտներ ունեցող դպրոցներն ընկնում են ֆինանսական ծանր վիճակի մեջ: Նախկինում այդ խնդիրը լուծվել է մարզին կրթության բնագավառում հատկացված ֆինանսական միջոցների շրջանակներում՝ համահարթեցում կատարելու միջոցով: Ֆինանսավորման նոր կարգի կիրառման պայմաններում անհրաժեշտություն է առաջանում Լուսաշողի և նմանատիպ դպրոցներում թերհամալրված աշակերտներով կոմպլեկտավորել բազմահամակազմ դասարաններ և իրականացնել դպրոցների աշխատողների օպտիմալացում:

Հարցը բազմաթիվ անգամ քննարկվել է մարզպետարանում և ԿԳՄՍ նախարարությանը ներկայացվել են համապատասխան առաջարկություններ:

Այս պահի դրությամբ հարցը գտնվում է քննարկման փուլում եւ մարզպետարանի կողմից ձեռնարկվում են անհրաժեշտ բոլոր միջոցները՝ դպրոցում ուսուցման առավել նպաստավոր պայմաններ ստեղծելու համար»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարը՝ http://ecoclub.fpwc.org/-ից:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031