Լրահոս
Օրվա լրահոսը

Օկուպացված տարածքների ու միջազգային հանրության դիրքորոշումների մասին

Հունվար 30,2020 10:15

«Ամերիկայի ձայն». Միջազգային հանրությունը սելեկտիվ և ոչ անաչառ մոտեցում է ցուցաբերում աշխարհում առկա բազմաթիվ հակամարտություններին, ասված է Foundation for Defense of Democracies կազմակերպության զեկույցում:

Զեկույցի հեղինակներն են American Foreign Policy Council կենտրոնի Կենտրոնական Ասիայի ու Կովկասի հաստատության տնօրեն Սվանթե Քորնելն ու Վաշինգտոնի Ջորջթաուն համալսարանի պրոֆեսոր Բրենդա Շաֆերը: Վերջինս նախկինում հանդիսացել է Ադրբեջանի պետական նավթային ընկերության նախագահի ռազմավարական հարցերով խորհրդականը:

Զեկույցն անդրադառնում է տարբեր հակամարտությունների օկուպացված տարածքներին և ԱՄՆ, ԵՄ ու միջազգային կառույցների մոտեցումներին: Հեղինակների կարծիքով հետևողական մոտեցման բացակայությունը տարբեր տարածքների նկատմամբ խնդրահարույց է:

Որպես նման դրսևորում հեղինակները մատնանշում են վիճելի տարածքներից ներկրվող ապրանքները: Եթե օրինակ Իսրայելի կողմից օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափի տարածքներից ԱՄՆ ներկրվող ապրանքները չեն կարող դիտարկվել որպես իսրայելյան, ապա օրինակ Լեռնային Ղարաբաղի պարագայում այստեղից եկած ապրանքները ներկայացված են որպես հայաստանյան: Նույնը վերաբերում է նաև Կանադա ներկրվող ապրանքներին:

Հեղինակների կարծիքով Եվրամիությունը ևս որևէ հետևողական քաղաքականություն չի իրականացնում այս ուղղությամբ: Առևտրային հարաբերություններում այն, ըստ նրանց, որևէ սահմանափակում չի կիրառում Աբխազիայի, Օսիայի, Լեռնային Ղարաբաղի, Մերձդնեստրի կամ Կաշմիրի դեպքերում՝ միևնույն ժամանակ արգելելով ապրանքների մուտքը ԵՄ տարածք Ղրիմից: Լեռնային Ղարաբաղի հարցում, ըստ հեղինակների, ԵՄ աչք է փակում այն փաստի վրա, որ Ղարաբաղում արտադրված ապրանքները այստեղ են գալիս Հայաստանի սերտիֆիկացման նշաններով: Այս խնդիրը բարձրացվել էր ԵՄ հետ առևտրային համապարփակ պայմանագրի շուրջ բանակցությունների ժամանակ, սակայն քանի որ այն չստորագրվեց, համաձայնագրի տեքստը այդպես էլ մնաց անհայտ:

Զեկույցն առաջարկում է միջազգային հանրությանը մեկ ընդհանուր քաղաքականություն որդեգրել այն տարածքների նկատմամբ, որոնք միջազգային հանրությունը որակում է օկուպացված՝ առաջարկելով ՄԱԿ-ին կամ այլ միջազգային կազմակերպություններին ճնշումներ կիրառել մասնավոր այն ընկերությունների նկատմամբ, որոնք չեն միանում օկուպացված տարածքների բիզնես ակտիվության բոյկոտին: Այս տարածքներում գործող ռեժիմները, ըստ հեղինակների, չեն կարող դիտարկվել որպես ինքնուրույն: Անհրաժեշտ է ուսումնասիրել, թե արդյոք ԱՄՆ տրամադրած մարդասիրական օգնությունը այս տարածքներին չի օգտագործվել ամերիկյան պատժամիջոցների խախտմամբ, հատկապես իրանյան և ռուսական ապրանքների պարագայում:

Հեղինակների կարծիքով ԵՄ պետք է ուսումնասիրի Հայաստանին տրամադրվող օգնությունը սիրիացի փախստականների հետ կապված հարցում՝ պարզելու համար, թե արդյոք Երևանը օգտագործում է այն Լեռնային Ղարաբաղը բնակեցնելու համար: Այդ դեպքում Բրյուսելը կարող է դադարեցնել ծրագիրը, գտնում են զեկույցի համահեղինակներ փորձագետ Քորնելն ու Ադրբեջանի նավթային ընկերության նախկին խորհրդական Շաֆերը:

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031