Լրահոս
Օրվա լրահոսը

Ոչ ադեկվատ քայլեր

Հունվար 30,2020 10:00

Քաղաքականության մեջ կան բաներ, որոնք վիճելի են եւ քննարկելի, իսկ կան երեւույթներ, որոնք ակնհայտ են: Կարծում եմ՝ հատուկ շահագրգռություններ, ֆոբիաներ եւ հուզական շեղումներ չունեցող ցանկացած մարդու համար պարզ է. Հայաստանում այս պահի դրությամբ եւ մոտակա տարիների ընթացքում Երկրորդ եւ Երրորդ նախագահների կողմնակիցները իշխանություն փոխելու ոչ մի շանս չունեն: (Եթե Հայաստանի շուրջ տեղի չունենան արտառոց իրադարձություններ): Դա իմ կողմից փաստի հասարակ արձանագրում է, ոչ թե ցանկություն կամ որեւէ մեկին «դուխաթափ անելու» փորձ: Ես ելնում եմ այն փաստից, որ այդ խմբերի հասարակական առարկությունը գրեթե զրոյական է: Հետեւաբար, ամենայն հավանականությամբ, ներկա իշխանությունը մնալու է առնվազն մինչեւ 2023 թվականը:

Բայց եթե այդպես է, ապա ինչու է իշխանությունն այդքան նյարդային «նախկինների» հարցում: Քաղաքական տեխնոլոգիաների հարթության մեջ ամեն ինչ պարզ է՝ «մեզ հասել է ծանր ժառանգություն, եւ այն, ինչ հիմա վատ է, վատ է թալանչիների պատճառով ու նաեւ այն պատճառով, որ այժմ էլ են նրանք բզբզում»: Հրաշալի արդարացում է, որն առայժմ (հեղափոխությունից մեկուկես տարի անց) աշխատում է:

Սակայն որոշ դեպքեր ցույց են տալիս, որ իշխանությունների գործողությունները պայմանավորված են իրական վախերով, ոչ միայն վերը նշված քարոզչական «կլիշեով»: «Ադեկվադներին» ասֆալտին փռելու եւ նրանց բերման ենթարկելու դիմակահանդեսը հենց այդ դեպքերի շարքից է: Ոչ ոք ինձ չի կարող համոզել, որ եթե կային կասկածներ ապօրինի զենքի, թմրանյութերի կամ այլ նման բաների վերաբերյալ, ապա հնարավոր չէր տվյալ անձանց առանց ավելորդ շոուների հրավիրել ոստիկանություն: Ոչ համաչափ գործելաոճն ակնհայտորեն վկայում է ակցիայի քաղաքական բաղադրիչի մասին:

Հունվարի 28-ին բերման ենթարկվածներից ոմանք մեր թերթի բարեկամները չեն: Նրանք բազմիցս կոպիտ եւ ոչ ադեկվատ արտահայտություններ են թույլ տվել «Առավոտի» եւ անձամբ իմ հասցեին: Ինչ մնում է ինձ, ապա ես, բնականաբար, բոլորին ներում եմ: Բայց խնդիրը դա չէ:

Շատ կարեւոր է այն համոզմունքը, որ նորմալ քաղաքացիները պետք է պաշտպանեն ոչ միայն լավ եւ համակրելի մարդկանց, այլեւ՝ բոլոր քաղաքացիների իրավունքները, եթե դրանք ոտնահարվում են: Իսկ ավելի լայն իմաստով՝ նպաստել այնպիսի մի հասարակական մթնոլորտի, որտեղ պարանոյայի, ֆանատիզմի եւ ագրեսիայի համար տեղ չկա: Ցավոք, այդ տգեղ երեւույթներն առկա են բոլոր ճամբարներում:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Ruben says:

    Այո, ներկա իշխանությունը մնալու է մինչեւ 2023 թվականը:
    Սերժ Սարգսյանի կողմից հրավիրված գործող նախագահ Արմեն Սարգսյանը և Լևոն Տ-Պետրոսյանի «կադրերի պետ» Անդրանիկ Քոչարյանը, մեռոն կքսեն զանգվածների ճակատներին ու կլցնեն աչքերի և ականջների մեջ մինչեւ 2023 թվականը:
    Փաշինյանը նախօրոք դրվել է երկու քարի արանքում:
    Նպատակը՝ թավիշով պարպել զանգվածների ցասումը Փաշինյանի միջոցով:

  2. Alfred says:

    իմ կարծիքով փողոց փակելով և շանտաժով իշխանություն եկածները հենց դրանից էլ վախենում են և փորձում են բնում խեղ տեղ ցանկացած շարժում

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031