Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Ինչպես 50 դոլարով դառնալ միլիարդատեր

Հունվար 30,2020 13:00

Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» բեսթսելերը՝ հայերեն

«Նայք» բրենդի հիմնադիր Ֆիլ Նայթի «Կոշկավաճառը» բեսթսելերը «Էդիթ պրինտ» հրատարակչության շնորհիվ հայերենով հասու է ընթերցողին: Փետրվարին էլ յուրահատուկ պայմաններում կկայանա նորատիպ գրքի շնորհանդեսը:

Այս մասին «Առավոտին» տեղեկացրեց գրքի թարգմանիչ Ռոզա Գրիգորյանը: Նա պատմեց, թե ինչպես է ստանձնել գիրքը թարգմանելու պարտականությունը: Ասաց, որ երկու թարգմանչի եւ իր մի քանի էջ թարգմանությունը ներկայացրել էր հրատարակչության ղեկավարությանը, հավանության էր արժանացել իր կատարած թարգմանությունը:

«Երբ մերոնք իմացան, որ ես եմ թարգմանել, առաջարկեցին, որ ես էլ ստանձնեմ այդ գործը, բայց մի քիչ ավելի երկար ժամկետով՝ հաշվի առնելով զբաղվածությունս: Գիրքը ֆանտաստիկ լավն է, եղել են պահեր, անգամ լաց եմ եղել: Երբ Ֆիլ Նայթը խնդիրներ էր ունենում բիզնեսում, անհաջողություններ էին լինում, հուզվում էի, երբ հաջողություններ էր ունենում, ոգեւորվում էի: Բացառիկ հետաքրքիր գիրք է: Երբ «Էդիթ պրինտը» ժամանակին Քրք Քրքորյանի մասին պատմող «Խաղացողը» ներկայացրեց, ինձ թվում էր, թե այլ բիզնեսմենի մասին որեւէ գիրք ինձ չի կարող այդքան հուզել, բայց ես սխալվեցի. Օրեր են եղել, որ գրքի մի էջի վրա եմ տանջվել, տառապել, օրեր են եղել, որ արագ է գործն առաջ գնացել»,- նշեց Ռոզա Գրիգորյանը: Սա գեղարվեստական գիրք թարգմանելու նրա առաջին փորձն է:

Ռոզա Գրիգորյանը գրքի շնորհանդեսի յուրօրինակ ձեւաչափ է մտածել, այն կկայանա «Նայքի» խանութում: Մուտքը կլինի մարզահագուստով, իսկ ովքեր չեն սիրում մարզական հագուստ, թարգմանչի խոսքերով, գոնե մարզական ոգով կներկայանան: Անձամբ ինքը մարզական հագուստով է վարելու շնորհանդեսը:

«Նյու Յորք Թայմսի» «Կոշկավաճառը» բեսթսելերը ներկայացնում է «Նայք» ընկերության հիմնադրի անցած ուղին: «Նայքն» ամենաճանաչված համաշխարհային բրենդն է: Հիմնադիր Ֆիլ Նայթն աշխարհի ամենահարուստ մարդկանցից է, բայց երիտասարդ տարիքում չի կարողացել իրեն թույլ տալ «Ադիդաս» գնել: Կես դար առաջ Նայթը 50 դոլար է վերցնում հորից ու սկսում է Ճապոնիայից ներկրված մարզակոշիկներ վերավաճառել: Նրա անցած ճանապարհը լի էր փորձություններով ու դժվարություններով, սակայն Նայթը կարողացավ բոլոր փորձությունները պատվով հաղթահարել: Այսօր ընկերության տարեկան շրջանառությունը 30 միլիարդ դոլար է:

Ֆիլ Նայթը մշտապես առեղծված է եղել շատերի համար, հազվադեպ է հարցազրույցներ տվել: Ռոզա Գրիգորյանը նշում է, որ այս գրքում նա բացահայտում է իր ընկերության պատմությունը, ընկերություն, որը միլիոնավոր մարդկանց ներկայացրեց նորարարական մարզակոշիկներ եւ իրականացրեց նրանց երազանքը: «Նախորդ տարվա կարդացածս ամենալավ գիրքը Ֆիլ Նայթի «Կոշկավաճառ»-ն է: Ֆիլի հերոսը շատ իմաստուն, խելացի եւ մրցունակ անձնավորություն է. նա պատմելու շնորհ ունի»,- գրել է աշխարհի ամենահարուստ մարդկանցից մեկը համարվող ամերիկացի բիզնես մագնատ Ուորեն Բաֆետը: Իսկ գերհզոր Բիլ Գեյթսն այսպես է արտահայտվել գրքի մասին…

«Կոշկավաճառ»-ը 2016 թվականի իմ ամենասիրելի հինգ գրքերից մեկն է: Զարմանալի պատմություն, ազնիվ հիշեցում այն մասին, թե ինչպիսին է իրականում հաջողության ուղին բիզնեսում: Այն խառնաշփոթ, վտանգավոր եւ քաոսային ճանապարհորդություն է, որը զուգորդվում է սխալներով, անվերջ պայքարով եւ զոհողություններով: Ֆիլ Նայթը սակավ գործադիր տնօրեններին բնորոշ բացառիկ բացահայտումներ է անում»:

Գրքի թարգմանիչը որոշ հետաքրքիր հատվածներ է առանձնացրել գրքից, որոնք կարող են ուղեցույց լինել՝ կյանքում երբեք չկոտրվելու համար:

«Երբեմն ճիշտ ժամանակին հանձնվելը, նոր ինչ-որ բան սկսելը հանճարի արտահայտություն է: Հանձնվել՝ դեռ չի նշանակում դադարել»,-ասել է «Նայքի» հիմնադիրը: Կամ՝ «Վախկոտները երբեք չէին կարողանում ինչ-որ բան սկսել, իսկ թույլերն ընթացքում հանձնվում էին: Նշանակում է՝ մնացել ենք մենք, տիկնա՛յք եւ պարոնա՛յք: Մենք»:

Ամենակարեւոր ուղերձներից մեկն էլ հետեւյալն է. «Պատմությունը խելագար գաղափարների մի երկար հիմն է: Այն ամենը, ինչ ես սիրում էի աշխարհում ամենից շատ՝ գրքերը, սպորտը, ժողովրդավարությունը, ազատ ձեռներեցությունը, սկսել են հենց խելագար գաղափարներից»: Ռոզա Գրիգորյանի ձեւակերպմամբ, այս գիրքը ոգեշնչում է նոր սերնդին ինչ-որ բան սկսելիս երբեք չվախենալ դժվարություններից ու պատրաստակամ լինել իրագործելու ամենաանհավանական ու խելահեղ գաղափարները:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Լուսանկարները տրամադրել է Ռոզա Գրիգորյանը
«Առավոտ» օրաթերթ
29.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031