Լրահոս
Օրվա լրահոսը

Փաշինյանը Ստեփանակերտին պատասխանատվության կանչեց

Հունվար 30,2020 12:00

Սկիզբը` այստեղ

Պաշտոնական Երեւանն առաջիկա բանակցություններում կօգտագործի Ստեփանակերտից հնչեցրած դիրքորոշումները

Ի՞նչ է մինչ այժմ հայտարարել վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ:

Անցյալ տարի մարտի վերջին Փաշինյանը ԱԺ-ում հայտարարեց, որ մի քանի հարց ունի՝ կապված երեք սկզբունքների եւ վեց կետերի հետ: Անդրադառնալով Մադրիդյան սկզբունքներին՝ նա, մասնավորապես, նշել էր, որ Ադրբեջանի մեկնաբանությունները Հայաստանի համար անընդունելի են, եւ չի բացառել, որ համանախագահները կարող են հայտարարել, որ Ադրբեջանը դրանք ոչ ճիշտ է մեկնաբանում. «Ինչպե՞ս ես կարող եմ ասել՝ ընդունելի են այդ սկզբունքները, թե ոչ, մինչ այն, երբ կհասկանամ ինչ են մտածում այդ մասին իրենք՝ համանախագահները»։

Անցյալ տարի նոյեմբերին Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը եւ կուսակցության խորհրդարանական խմբակցության անդամները հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ: Արցախի խորհրդարանի «Հայրենիք» խմբակցության ղեկավար Արթուր Թովմասյանը «Առավոտ»-ին տված հարցազրույցում նշել էր հետեւյալը. «Ասաց (նկատի ունի՝ Փաշինյանը)՝ Մադրիդյան սկզբունքները սեղանին չեն. սա շատ կարեւոր է, որովհետեւ մեր ժողովուրդը չընդունեց դրանք:

Գաղտնի ոչ մի բան չի լինելու եւ ես ՀՀ վարչապետի անկեղծությանը հավատում եմ»: Սակայն մի քանի օր անց՝ նոյեմբերի 13-ին, Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով «Ազատ Հայրենիք» կուսակցության հետ հանդիպումից հետո Մադրիդյան սկզբունքների վերաբերյալ իշխանության ունեցած բացասական տրամադրությունների մասին շրջանառվող տեղեկություններին՝ նկատել էր, որ մի փոքր թյուրըմբռնում կա, որովհետեւ այդ հանդիպմանը նա նոր բան չի ասել, քան ասել է հրապարակային 2019թ. մարտի 12-ին Ստեփանակերտում Արցախի եւ Հայաստանի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում. «Ես ասել էի, որ քանի դեռ Մադրիդյան սկզբունքների բոլոր պարամետրերը մեզ համար թափանցիկ չեն, մեզ համար դժվար է ասել՝ դա ընդունո՞ւմ ենք որպես բանակցային գործընթացի հիմք, թե՞ չենք ընդունում»։

Այնուհետեւ Փաշինյանը հավելել էր, որ մադրիդյան սկզբունքները, եթե հարցի լուծման ճանապարհն են, ապա Հայաստանն ուզում է հասկանալ այդ ճանապարհն ինչ հնարավոր տեղ կարող է հասցնել, որպեսզի նախապես իմանանք՝ այդ ճանապարհով գնո՞ւմ ենք, թե՞ չէ. «Այդ հանդիպման ժամանակ բերել եմ հետեւյալ օրինակը. ասել եմ՝ նույն ճանապարհով կարելի է գնալ Սեւան, Գավառ, Դիլիջան, Վարդենիս եւ Իջեւան: Հիմա մենք ասում ենք՝ այս ճանապարհով կարելի է գնալ այս քաղաքները, բայց եթե պարզվի, օրինակ, մեր նպատակը Արմավիր գնալն է, մենք չպետք է այս ճանապարհով գնանք, որովհետեւ այդ ճանապարհի կածաններով ոնց էլ պտտվենք՝ Արմավիր չենք հասնելու, բայց մեզ պետք է, որ գնանք Արմավիր»: Այնպես որ, կարող ենք արձանագրել, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը պաշտոնապես չի մերժել Մադրիդյան սկզբունքները:

Կամ՝ այդ սկզբունքների մի մասը ընդունելի են, մյուս մասը՝ ոչ, կամ՝ հայկական կողմը բանակցում է, համարելով, որ հնարավոր է այդ սկզբունքներով հայկական կողմի համար բարենպաստ պայմաններ ունենալ: Ընդ որում, ասածից չի բխում, որ այս պահին միջնորդներն ու բանակցող կողմերը շարունակում են այս սկզբունքները կոչել՝ «մադրիդյան», հնարավոր է դրանք այլ անուն են ստացել, լրամշակվել ու փոփոխությունների են ենթարկվել:

Ինչեւէ, անցյալ շաբաթ Կապանում հրավիրված մամուլի ասուլիսում Նիկոլ Փաշինյանն Արցախի նախագահի թեկնածուներին կոչ արեց կարծիք հայտնել Լեռնային Ղարաբաղի հարցում ՀՀ նախկին իշխանությունների կողմից թողնված ժառանգության վերաբերյալ: Նա կետ առ կետ անդրադարձավ Սերժ Սարգսյանի իշխանության ժամանակ բանակցված կարգավորման սկզբունքների մասին հրապարակված հոդվածին, նաեւ հավելեց, որ Արցախի Հանրապետության նախագահի բոլոր թեկնածուները կարող են ասել, թե որքանով է այդ տեքստն ընդունելի իրենց համար:

«Թող նաեւ Արցախի ժողովուրդն ասի, այս տեքստն իր համար ընդունելի է, թե ոչ, թող հայ ժողովուրդն ասի… Եթե Արցախի եւ Հայաստանի ժողովուրդները կընդունեն, որ սա է բանակցությունների ճիշտ բովանդակությունը, ես երաշխավորում եմ, որ սա կհայտնվի բանակցային սեղանի շուրջ»,- հայտարարեց նա: Նույն օրը Արցախի «Ազատ Հայրենիք» կուսակցության նախագահ Արայիկ Հարությունյանը արձագանքեց Նիկոլ Փաշինյանի կոչին՝ Քաշաթաղի շրջանի Որոտան (նախկին Կուբաթլու) քաղաքից, որտեղ տեղի կուսակցական ակտիվի հետ հանդիպման էր:

«Մեր քաղաքական թիմի, եւ համոզված եմ, նաեւ մեր ժողովրդի համար ընդունելի չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ձեր կողմից մամուլի ասուլիսի ընթացքում վկայակոչված նախկին իշխանությունների կողմից քննարկված տարբերակը։ Այս առթիվ հրապարակավ հանդես գալու բազմաթիվ առիթներ եմ ունեցել, թե՛ որպես ԱՀ վարչապետ, թե՛ որպես քաղաքական կուսակցության ղեկավար։ Ավելին՝ նախագահ ընտրվելու դեպքում ջանք ու եռանդ չենք խնայելու, որ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված բոլոր տարածքները դառնան ծաղկուն շրջաններ: Այս մասին այսօր խոսել եմ որոտանցիների հետ հանդիպման ժամանակ, եւ առիթն օգտագործելով, նույն ասելիքս ուղղում եմ համայն հայությանն ու ողջ աշխարհին»։

Հավելենք, որ դեռ 2017թ. մարտին Արցախի Հանրապետության այն ժամանակվա վարչապետ Արայիկ Հարությունյանը՝ «Առավոտ»-ին տված հարցազրույցում անդրադառնալով հակամարտության կարգավորման քննարկվող տարբերակին՝ նկատել էր, որ այն «չի բերելու լիարժեք անվտանգության երաշխիքներ»: Պարոն Հարությունյանին հարցրել էինք, որ ՀԱԿ առաջնորդը ասել է, որ կարգավորման շուրջ «տարաձայնությունները մեկ-երկուսն են» մնացել, եւ հիշեցրել էինք, որ 2017թ. մարտին Մոսկվայում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ բանակցություններից հետո ՌԴ ԱԳ նախարար Լավրովն էլ ընդգծել էր, որ «դեռ չեն համաձայնեցվել երկու-երեք առանցքային թեմա, դրանք քննարկվում են»:

Արայիկ Հարությունյանին հարցրել էինք՝ որպես Արցախի վարչապետ, տեղյա՞կ է, թե որ հարցերն են մնացել համաձայնեցնելու:

«Ես չգիտեմ, թե որոնք են այդ «մեկ-երկու» կամ «երկու-երեք» հարցերը: Մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Արցախի համար այսօր առաջնային է բանակի մարտունակության աստիճանի բարձրացումը՝ Արցախի սոցիալ-տնտեսական զարգացման հետ զուգահեռ: Երբ Ադրբեջանը գիտակցի եւ ընդունի, որ մենք ապրելու իրավունք ունենք՝ որպես անկախ միավոր, այն ժամանակ մենք ժողովրդի հետ կքննարկենք հակամարտության կարգավորման հնարավոր տարբերակները: Կարգավորման այսօր քննարկվող տարբերակը չի բերելու անվտանգության երաշխիքներ: Մենք «միջազգային խաղաղապահների» բացասական փորձ ունեցել ենք. խորհրդային կայսրության, խորհրդային բանակի միջոցով է տեղի ունեցել Արցախի հայաթափումը, մենք մոռացե՞լ ենք Գետաշենը, Շահումյանը, Հադրութի շրջանի գյուղերը…

Այսինքն` կարգավորման հիմքում պետք է լինի Արցախի անվտանգությունը, որը նաեւ Հայաստանի Հանրապետության անվտանգությունն է: Ապրիլյան պատերազմը շատ բան է փոխել մեր մոտեցումներում կարգավորման նկատմամբ: Ներկայացվող սկզբունքները համահունչ չեն իրականությանն ու մեր կարիքներին, առավել եւս՝ Արցախի նկատմամբ ագրեսիայի պայմաններում միջազգային հանրության իներտության ֆոնին: Սա առանցքային հարց է Արցախի ժողովրդի ֆիզիկական անվտանգության համար: Պատերազմը ցույց տվեց, որ հույսը միայն մեր, Հայաստանի ու Սփյուռքի վրա պետք է դնենք: Ակնհայտ է, որ կարգավորման գործընթացը լուրջ վերափոխման կարիք ունի, եւ առանց Արցախի մասնակցության այն կորցնում է իր իմաստը: Իմ կարծիքով՝ հակամարտության կարգավորմանը միտված ցանկացած փաստաթղթում պետք է առաջնային լինեն Արցախի անկախության ճանաչումը եւ անվտանգության երաշխիքները: Իսկ մնացյալ հումանիտար հարցերը, որոնք բխել են հակամարտությունից, կարելի է քննարկել հիմնական հարցերը լուծելուց հետո»,- պատասխանել էր Արցախի այն ժամանակվա վարչապետը:

Նույն հարցազրույցում Հարությունյանը նաեւ հավելել էր. «Որպես Արցախի քաղաքացի՝ ուզում եմ շեշտել, որ ինձ համար առավել կարեւոր է Արցախի անվտանգությունը, քան կարգավիճակը, որովհետեւ առաջին փուլում կարող ենք ստանալ կարգավիճակ, բայց հետո կորցնենք այն: Սակայն կարող ենք ապրել այսօրվա կարգավիճակով, բայց լինենք ավելի անվտանգ: Արցախցիների համար առավել առաջնայինն անվտանգությունն է, քան ձեւական կարգավիճակն ու կայունությունը»:

Նիկոլ Փաշինյանի կոչին միացավ Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանը, որը ֆեյսբուքյան իր էջում գրեց. «Ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չելենջը» եւ մեկ անգամ եւս իմ հստակ դիրքորոշումն եմ հայտնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացում միջնորդների առաջարկած հիմնական սկզբունքների վերաբերյալ։ 2009-ի հուլիսին հրապարակված կարգավորման 3 սկզբունքներին ու 6 տարրերին Արցախից առաջինն եմ քննադատաբար արձագանքել՝ նշելով դրանց կիրառումից բխող վտանգներն ու մարտահրավերները, եւ ցայսօր մնում եմ նույն կարծիքին։ Ներքոբերյալ հղումը թույլ կտա հանգամանորեն ծանոթանալ իմ դիրքորոշմանը։ Թե տարիներ շարունակ փորձագիտական մակարդակով եւ թե արտգործնախարարի պաշտոնում միջնորդների հետ հանդիպումների եւ հրապարակային ելույթների ու հարցազրույցների ժամանակ բազմիցս նշել եմ, որ առաջարկված սկզբունքները հնացել են եւ վերանայման կարիք ունեն»։

Աշոտ Ղուլյանն արձագանքելով Փաշինյանի ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների բովանդակության վերաբերյալ դիտարկումներին՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու՝ հայտարարեց. «1. Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը: 2. Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ: 3. Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռեւս 1991թ.՝ քվեարկելով հoգուտ անկախ պետականության: 4. Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների վերադարձի եւ հայ փախստականների հարցերը բանակցային գործընթացի անբաժանելի մաս պետք է լինեն: 5. Առանց Արցախի մասնակցության լիարժեք ու բովանդակային բանակցություններ լինել չեն կարող: Վերոնշյալ բոլոր դրույթները հիմնարար են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման համար»:

Արցախի նախագահի մյուս թեկնածու Ռուսլան Իսրայելյանը նույն առիթով նշել է. «Արցախի խնդրի վերջնական կարգավորումը տեսնում եմ Մայր Հայաստանին միանալու մեջ, իսկ դրան հասնելը ունի երկու ճանապարհ, որոնք կախված են տվյալ փուլում ներկա աշխարհաքաղաքական վիճակից, դրանք են` Արցախը Հայաստանին ներկա կարգավիճակով միավորում կամ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում, որից հետո հանրաքվեի միջոցով միացում Մայր Հայաստանին»:

Պատասխանելով Նիկոլ Փաշինյանի՝ Արցախի նախագահի թեկնածուներին ուղղված հարցին` իր հերթին Հայկ Խանումյանը նշել էր. «Ես եւ Ազգային վերածնունդ կուսակցությունը ղարաբաղյան խնդրի լուծումը տեսնում ենք առնվազն ներկայիս տարածքով եւ բազմակի բնակչությամբ Արցախի մեջ: Մեզ համար անընդունելի է ցանկացած ժառանգություն, ցանկացած փաստաթուղթ, որտեղ խոսք է գնում տարածքային զիջումների մասին: Խաղաղության ապահովումը հնարավոր ենք համարում միայն հզոր բանակով եւ թշնամուն խաղաղություն պարտադրելով, ինչի համատեքստում ողջունել ենք ՀՀ նոր իշխանությունների կողմից ռազմական ծախսերի ավելացումը, նոր սպառազինությունների գնումը, բանակային նոր ենթակառուցվածքների ստեղծումը եւ զինծառայողների սոցիալական վիճակի բարելավումը: ՀՀ զինված ուժերից բացի, այլ երկրի զինուժի ներկայությունն Արցախում անթույլատրելի է եւ այս առումով մերժում ենք խաղաղապահության ցանկացած գաղափար. միջազգային պրակտիկան ցույց է տալիս, որ ժամանակակից աշխարհում խաղաղապահների ներկայությամբ անգամ ցեղասպանություններ են տեղի ունեցել»:

Այսպիսով, Արցախի նախագահի թեկնածուները հստակ արտահայտել են իրենց դիրքորոշումը: Ըստ ամենայնի, պաշտոնական Երեւանին առաջիկա բանակցություններում Ստեփանակերտից հնչեցրած դիրքորոշումները անհրաժեշտ են լինելու:

Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 29.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Մարինա says:

    Շատ կներեք, էնպիսի վերնագիր եք դրել, կարծես Ստեփանակերտն է դեռ որևէ մեկին պարտք մնացել։ Պատասխանատվության կանչելս որն է, մի հատ էլ փորձեք չափալախեք։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031