Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Հացը մեկ տարվա ընթացքում թանկացել է 4.5%-ով

Հունվար 30,2020 14:00

Գնային «տատանումներն»՝ 2019-ին

Մեկ տարվա ընթացքում հացը Հայաստանում բավականին թանկացել է: Վիճակագրական կոմիտեի վերջերս հրապարակած ցուցանիշների համաձայն, 2019 թվականի դեկտեմբերին 2018 թվականի դեկտեմբերի համեմատ հացի գինը բարձրացել է 4.5%-ով, իսկ ալյուրի եւ ձավարեղենի գինը՝ 4.7%-ով: Ընդհանուր հացաբուլկեղենի եւ ձավարեղենի գնաճն անցյալ տարի կազմել է 3.9%, մակարոնեղենը՝ 7.9%:

Հացի կտրուկ թանկացումը նկատվել է 2019-ի տարեսկզբից: Անցյալ տարվա հունվարին՝ 2018 թվականի հունվարի համեմատ հացը թանկացել է 2.3%-ով, իսկ ահա փետրվարին՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ, թանկացել է 3.7%-ով: 2019-ի մարտին, 2018 թվականի մարտ ամսվա համեմատ, հացը թանկացել է 5%-ով: Այս ապրանքատեսակի գնաճի, այսպես ասած, «պիկը» եղել է ամռանը՝ հուլիս-օգոստոսին գնաճը 5.5% է եղել, հետո աստիճանաբար նվազել է եւ տարին փակվել է 4.5% գնաճով:

Նախորդ տարի 2018-ի համեմատ, ընդհանուր գնաճը կազմել է 0.7%, իսկ նախորդ ամսվա նկատմամբ՝ 1.3%: Բայց ահա սննդամթերքի գները մի բան էլ նվազել են 0.3%-ով: Վիճակագրական կոմիտեի հրապարակած սպառողական գների ցուցանիշների համաձայն, մսեղենը նույնպես էժանացել է:

Դեկտեմբերը կարելի է համարել տոնական ամիս, մարդիկ պատրաստվում են Ամանորին, բոլորը պարտադիր միս են գնում, եւ գրեթե ամեն տարի դեկտեմբերին, հատկապես դեկտեմբերի վերջին օրերին միսն ու ընդհանրապես սննդամթերքը թանկանում էր: Այս Ամանորին հակառակն էր: 2019-ի դեկտեմբերին, 2018-ի դեկտեմբերի համեմատ, մսեղենի գինը նվազել է 3.4%-ով: Իսկ տավարի եւ հորթի միսը այս դեկտեմբերին՝ նախորդի համեմատ, էժանացել է 5.1%-ով, խոզինը (թարմ եւ սառեցված)՝ 14.2%-ով, գառան, ոչխարի եւ այծի միսն էժանացել է աննշան՝ 0.2%-ով, թռչնամիսը՝ 2.8%-ով:

Այս դեկտեմբերին էժանացել է նաեւ ձուկը, թարմ եւ պաղեցված ձկնատեսակների գինը նվազել է 5.7%-ով, իսկ սառեցված ձուկը թանկացել է 2.6%- ով: Թարմ եւ պաղեցված ծովամթերքը թանկացել է շուրջ 5.6%-ով: Վիճակագրական կոմիտեն վստահեցնում է՝ անցյալ տարի էժանացել է նաեւ կանթնամթերքը: Օրինակ՝ անարատ կաթը էժանացել է 0.5%-ով, իսկ պահածոյացված կաթը թանկացել է՝ 1.1%-ով, յոգուրտն ու մածունը թանկացել են 1.3%-ով, պանիրն ու կաթնաշոռն էժանացել են՝ 3.2%-ով:

Ձուն անցյալ տարվա դեկտեմբերին 2018 թվականի դեկտեմբերի համեմատ էժանացել է 4-%-ով, կարագն էժանացել է 5.4%-ով: Մրգերը եւս էժանացել են, ըստ ՎԿ-ի, թարմ եւ պաղեցված մրգեր ապրանքների շուկայում գների նվազումը կազմել է 2.8%: Իսկ, օրինակ, բանջարեղենը թանկացել է 5.9%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում՝ անցյալ տարվա դեկտեմբերին, 2018-ի դեկտեմբերի համեմատ, շաքարի գինը նվազել է 12.4%-ով: 4.6% -ով գնաճ է գրանցվել ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտային արտադրատեսակների շուկայում: Ալկոհոլային խմիչքները թանկացել են 2.8%-ով, սպիրտային խմիչքները՝ 3.2%-ով., գինին՝ 9.7%-ով, գարեջուրը՝ 0.2%-ով:

Ծխախոտային արտադրատեսակները թանկացել են 7.5%-ով: Ալկոհոլային խմիչքների եւ ծխախոտային արտադրատեսակների գնաճը պայմանավորված է Հարկային օրենսգրքում կատարված փոփոխությամբ, ըստ որի՝ ակցիզային հարկի դրույքաչափերը փոփոխվել են:

Ոչ սննդային ապրանքախմբերում եւս ե՛ւ գնաճ կա, ե՛ւ հակառակը: Անցյալ տարվա դեկտեմբերին, 2018-ի դեկտեմբերի համեմատ, 2.5%-ով թանկացել են հագուստն ու կոշիկը, ընդ որում կանանց հագուստը՝ 2.3%.-ով, տղամարդկանցը՝ 1.3%-ով, կանանց կոշիկը՝ 7.6%-ով, տղամարդկանցը՝ 3.5%-ով: ՎԿ-ն դիտարկվող ժամանակահատվածում գրանցել է 3.7% գնաճ կրթության ոլորտում:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
29.01.2020

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031