Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուսաստանը կշարունակի աշխատանքը ԵԽԽՎ-ում. թեժ քննարկում. ուկրաինացի պատվիրաները խփում էին սեղաններին, գոռում

Հունվար 29,2020 23:45

Քիչ առաջ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովը (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստին 96 «կողմ», 44 «դեմ», 7 «ձեռնպահ» ձայների հարաբերակցությամբ ընդունեց ԵԽԽՎ Նիդերլանդները ներկայացնող պատվիրակ Թինի Քոքսի ներկայացված զեկույցը:

Հայկական պատվիրակության անդամներ Ռուբեն Ռուբինյանը, Սոս Ավետիսյանը, Էդմոն Մարուքյանն ու Միքայել Մելքումյանը կողմ են քվեարկել զեկույցին: Փաստաթուղթն այն մասին է, թե որքանով է Ռուսաստանը կատարում իր պարտավորությունները: Հիշեցնենք, որ այս զեկույցի չհաստատման դեպքում ռուսական պատվիրակությունը կրկին կբացակայեր Վեհաժողովից:

Ուկրաինացի պատվիրակ Օլեկսի Գոնչարենկոն հայտարարեց. «Այս զեկույցում Վրաստան կամ Ղրիմ բառերը չկան, փոխարենը կա գովասանք, թե որքան են օգնել Ռուսաստանի վճարած գումարները Վեհաժողովին: Սա առևտուր է»:

Վեհաժողովը քննարկեց ռուսական պատվիրակության լիազորությունների հարցը առարկայական հարցերով՝ հիմնվելով մոնիթորինգի հանձնաժողովի զեկույցի վրա:

Ներկայացված զեկույցով մարտահրավեր է նետվեց ԵԽԽՎ ռուսական պատվիրակությանը դեռևս չհաստատված հավատարմագրերի առնչությամբ: Նշենք, որ հիմնականում ելույթների համար հերթագրվել էին ուկրաինացի, վրացի և ռուս պատվիրակները: Ըստ էության քննարկվեց այն հարցը՝ արդյոք Ռուսաստանը կատարում է իր պարտավորությունները, ԵԽԽՎ բանաձևերը, թե՝ ոչ: Ուկրաինացի պատվիրակներն իրենց ելույթներում մեջբերեցին են ԵԽԽՎ մի շարք բանաձևեր, որոնք նրանց խոսքով՝ Ռուսաստանը շարունակում է արհամարհել: Ուկրաինացի պատվիրակ Ելիզավետա Յասկոն հիշեցրեց, թե ինչ վիճակում են գտնվում Ղրիմի թաթարները, ինչպիսի ճնշումներ են իրականացվում նրանց նկատմամբ, հայտարարեց, որ Ռուսաստանում քաղաքական բանտարկյալների թիվը միայն աճում է:

Վրացիները Ռուսաստանին «օկուպանտ» անվանեցին:

Ուկրաինացի պատվիրակները Թինի Քոքսին մեղադրեցին, որ նա պրոռուսական պատվիրակ է: Ուկրաինացի պատվիրակներից Օլեքսի Գոնչարենկով, հիշեցնելով, որ Ռուսաստանը ԵԽԽՎ-ին վճարել է 70 միլիոն եվրո, հայտարարեց. «Սա առևտուր է՝ 25 միլիոն օրենքի գերակայության համար, 25 միլիոն մարդու իրավունքների և 25 միլիոն ժողովրդավարության համար: Ստացվում է, որ այս կազմակերպությունը վաճառքի է հանում հիմնական արժեքները»:

Նա նշեց, թե այսքանից հետո զարմանալի չէ, թե ինչպես Ռուսաստանի Պետդումայի փոխխոսնակ Պյոտր Տոլստոյն ընտրվել ԵԽԽՎ-ի փոխնախագահ: Այս ելույթին հաջորդեց Պյոտր Տոլստոյի ելույթը: Նա հայտարարեց, որ տարիներ շարունակ ուկրաինացիներն այս ամբիոնից ստում են: Այս ընթացքում ուկրաինացի պատվիրակներից մի քանիսը հարվածում էին սեղաններին, տեղերից գոռում:

Ելույթով հայ պատվիրակներից հանդես եկավ Միքայել Մելքումյանը:

Մինչդեռ Թինի Քոքսի զեկույցն ի տարբերություն ելույթների՝ ավելի մեղմ է: Այդ է պատճառը, որ ուկրաինացի և վրացի պատվիրակները հորդորեցին «դեմ» քվեարկել դրան: Զեկույցում Թինի Քոքսը հիշեցնում է, որ 2019-ի հունիսին, երբ Վեհաժողովն ընդունեց 2287 բանաձևը ՝ ԵԽԽՎ որոշումների կայացման գործընթացն ուժեղացնելու, հավատարմագրերի և քվեարկության վերաբերյալ, այն ճանապարհ է հարթել ռուսաստանյան պատվիրակության ՝ Վեհաժողով վերադառնալու համար, այն մտադրությունն էր վերսկսել քաղաքական և բովանդակալից երկխոսությունը:

Զեկուցողը շեշտում է, որ երկխոսությունը վերսկսվել է, և Մոնիտորինգի հանձնաժողովը պետք է շարունակի իր աշխատանքը ՝ կապված ՌԴ-ի, համազեկուցողները պետք է կատարեն փաստահավաք այց և առաջին իսկ առիթի դեպքում պատրաստեն համակողմանի զեկույց: Զեկույցում նաև պահանջ կա, որ Մոնիտորինգի հանձնաժողովը ուշադիր հետևի ՌԴ-ում տեղի ունեցող զարգացումներին ՝ նպատակ ունենալով գնահատել, թե արդյոք նոր սահմանադրական փոփոխությունները համապատասխանո՞ւմ են ժողովրդավարական չափանիշներին և ՌԴ ստանձնած պարտավորություններին:

Հետևաբար` զեկուցողն առաջարկում է, որ Վեհաժողովը վավերացնի ԵԽԽՎ ռուսական պատվիրակության հավատարմագրերը:

Ռուս պատվիրակներն իրավունք չունեին մասնակցելու այս քվեարկությանը:

Մինչ այս քննարկումը Վեհաժողովը քննարկեց ԵԽԽՎ կանոնակարգի օրենքում փոփոխությունների հարցը: Այս զեկույցը Վեհաժողովն ընդունեց: Քվեարկությանը հայկական պատվիրակությունից մասնակցեց միայն Էդմոն Մարուքյանը, նա «կողմ» քվեարկեց զեկույցին, զեկույցին «դեմ» քվեարկեցին ռուս պատվիրակները:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031