Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Բագրատյանը՝ Քոչարյանին. «Եթե ԱՄՀ-ն, Համաշխարհային բանկը վկայում են որ այդ աճը կա, ես չունեմ բավարար ապացույցներ, որ տնտեսական աճը ոչ թե 7,5 % է, այլ` 3,5 %»

Հունվար 29,2020 21:35

«Առնվազն տասը տարի է արտաքին պարտքն աճել է, չի նվազել, այնպես չէ, որ այսօր պետք է աճի կամ նվազի»,-Aravot.am-ի խնդրանքով, անդրադառնալով ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցի տնտեսական հատվածին ասաց ԲՀԿ պատգամավոր, տնտեսագետ Սերգեյ Բագրատյանը:

Երկրորդ նախագահը հայտարարել է՝ արտաքին պարտքն աճել է, շինարարությունը խթանելու, գյուղատնտեսությունը զարգացնելու, հումքային բաղադրիչը կրճատելու կառավարության խոստումները չեն իրականացել, բյուջեի ծախսային մասը կապիտալ ծախսերի մասով խիստ թերակատարվել է։

«Եթե մենք հետեւենք կառավարության իրականացրած քայլերին, կտեսնենք, որ իրենք նախնական ընթացքում պլանավորեցին եւ այդ 500 միլիոն դոլարը, որ պետք է ուղղվեր արտաքին պարտքի մարմանը, Եվրոբոնդերի էլ սպասարկման ժամանակն էր, նոր պարտատոմսեր թողարկվեց ավելի ցածր տոկոսադրույքով: Բնականաբար կառավարությունը գերադասեց այդ պարտքը չփակել եւ պարտատոմսերը թողարկել, եթե այդ գումարն ուղղեր պարտքի մարմանը, արտաքին պարտքը կպակասեր»,-ասաց մեր զրուցակիցը:

Պարոն Բագրատյանը հիշեցրեց նաեւ տարեսկզբին Ազգային ժողովի կողմից քվեարկությամբ հավանության արժանացած 152 միլիոնի բյուջետային վարկերը, որոնք պետք է սպասարկեին բյուջեի սպասվող դեֆիցիտը: Ըստ նրա, ճիշտ է, այս նախագծին ԲՀԿ-ն դեմ է քվեարկել, բայց գտնում է, որ բյուջետային վարկերը նպաստելու են տնտեսության զարգացմանը. «Նախկին իշխանությունները փաստարկում էին, որ դա պիտի օգտագործվի բյուջեի ճեղքվածքը փակելու համար, նոր իշխանության ժամանակ հայտարարվեց, որ ամենեւին էլ այդպես չէ եւ, որ կարող են այդ միջոցներն ուղղել ցանկացած ծախսի: Այսինքն՝ ազատ տնօրինման միջոցներ են»:

Սերգեյ Բագրատյանի խոսքով, ցածր տոկոսադրույքով այդ վարկերը, որոնք չեն գերազանցում տարեկան մեկ տոկոսը կարող են ուղղվել, օրինակ՝ 5-4 տոկոսանոց պարտքերի մարմանը, որոնք կառավարությունն ունի, որպեսզի իջնենք ավելի ցածր տոկոսադրույքի սպասարկման գոտի.
«Այդ իմաստով կարելի է պարտքն ավելացնել՝ այլ պարտք փակելու նպատակով, այսինքն՝ ավելի ցածր տոկոսադրույքով եւ ավելի երկար ժամանակահատվածով միջոցներ ներգրավել եւ սպասարկել այն պարտքերը, որոնք ավելի կարճաժամկետ են եւ մոտենում է դրանց մարելու ժամանակը: Այս իմաստով հնարավոր է, որ պարտքի ավելացում նկատվի, բայց տարեվերջին դա օգտագործվի այլ վարկեր փակելու նպատակով եւ վարկային պորտֆելի թվացյալ ավելացումն իջնի»:

Քոչարյանի այն դիտարկմանը, թե հանքաարդյունաբերության մասնաբաժինն աճել է, գյուղատնտեսության մասնաբաժինը՝ նվազել, ներկրման եւ արտահանման տարբերությունն աճել է, առեւտրի եւ ծառայությունների ոլորտն էլ աճել է՝ բացառապես խաղային բիզնեսի եւ սպառողական վարկավորման, այլ ոչ թե «նոր տնտեսության» հաշվին, պարոն Բագրատյանն արձագանքեց. «Այո նախատեսված էր հումքային բաղադրիչը կրճատել, գյուղատնտեսությունը զարգացնել, բայց դա այնքան էլ այդպես չէ: Երբ դու աճի գերակա ուղղություն ես հռչակում տնտեսության որեւէ ճյուղ, այնպես չէ, որ հաջորդ օրը դա կարտահայտվի տնտեսության մեջ, դա նշանակում է, որ դու պլանավորում են այդ ճյուղի վրա առավել կենտրոնացնելու»:

Շինարարությունը խթանելու վերաբերյալ Քոչարյանի հայտարարությանն էլ ասաց՝ սոցիալական բնակարանաշինության որոշում ընդունվեց եւ դա բնականաբար նպաստելու է այդ ճյուղի զարգացման. «Կառավարությունը տարեվերջին հայտարարում է, որ խթանելու է շինարարությունը եւ այնպես չէ, որ հունվարից արդեն 500 հատ բարձրահարկեր են կառուցվելու:

Ամենեւին այդպես չէ: Սոցիալական բնակարանաշինությունը պլանավորած է եւ աշխատանքներ են կատարվում, թե ինչպիսի՞ ընթացք կունենա, մենք, որպես ընդդիմություն, պետք է հետեւենք, որ այդ ծախսերն արդյունավետ ու նպատակային լինեն, բայց որոշում ընդունելու հենց հաջորդ օրվանից ակնկալել արդյունքներ, բնականաբար, որեւէ կառավարություն դա չի արել եւ սպասել, որ դա շատ արագ այսօր զգանք, չենք զգալու: Պետք է տարվա վերջին հասկանանք՝ այդ ուղղություններով ինչ զարգացումներ կան, որ կարողանանք հստակ ձեւակերպել՝ արդյոք հանքարդյունաբերության մասնաբաժինն աճել է թե ոչ, գյուղատնտեսության մասնաբաժինը նվազել է, թե՝ ոչ»:

Ինչ վերաբերում է Քոչարյանի այն դիտարկմանը, թե ներկրման արտահանման տարբերությունն աճել է, ապա, ըստ Բագրատյանի, եթե արտահանումը 25 տոկոսով աճել է, արդեն էական չէ ներկրման ծավալը: Այսինքն՝ ավելի կարեւոր ցուցանիշ է արտահանման ծավալները:

Պարոն Բագրատյանն անդրադառնալով առեւտրի եւ ծառայությունների ոլորտի աճին, ասաց, որ բացի թվարկածից այս ոլորտում աճ է գրանցվել նաեւ տուրիզմի եւ որ ամենակարեւորն է՝ ստվերից դուրս գալու հաշվին: «Որոշ շրջանակներ քննադատում են ՀԴՄ կարեւորություն տալու դիրքորոշումը, իրականում դա շատ կարեւոր ՝ ոչ թե զուտ ՀԴՄ-ի իմաստով, այլեւ ՀԴՄ-ում արտահայտված մեծածախ առեւտուրը ստվերից հանելու իմաստով»:

Երկրորդ նախագահը մատնացույց էր արել նաեւ կապիտալ ծախսերի մասով բյուջեի ծախսերի խիստ թերակատարումը: Այս առնչությամբ, մեր զրուցակիցն ասաց. «Կառավարության ներկայացուցիչները դա մեկնաբանեցին հետեւյալ կերպ. քանի որ նախկինում կապիտալ ծախսերի՝ իրենց վերլուծությունը ցույց է տվել, որ այդտեղ մեծ չարաշահումներ, փոշիացում կա, այսինքն՝ արդյունավետությունը շատ ցածր է, իրենք որոշել են վերանայել այդ ծրագրերը: Օրինակ` ոռոգման համակարգում հսկայական գումարներ ներդրվեցին, որպեսզի ենթակառուցվածքները բարելավվեին, բայց արդյունքում 60 տոկոս ջրի կորուստն այդպես էլ մնաց 60 տոկոս ջրի կորուստը: Պարզ է չէ՞ որ այդ միջոցները նպատակին չեն ծառայել: Ի՞նչ է նշանակում տասնյակ միլիոնավոր դոլարներ դնում ես մի տեղ, բայց արդյունավետությունը տարիներ շարունակ չի փոխվում»:

Այսինքն՝ ըստ պարոն Բագրատյանի, կապիտալ ծախսերի մասով ողջամիտ կասկածներ են եղել. «Թերակատարելով այդ ծախսերը վերանայեցին ծրագրերը, եւ կառավարության ներկայացուցիչների դիրքորոշմամբ, այլեւս պետք է միայն արդյունավետ ծրագրերի ռեժիմում աշխատեն եւ դրանով իսկ կապիտալ ծախսերը ոչ թե նվազելու են նոր բյուջետային տարում, այլեւ՝ ավելանալու են: Ընթացքում էլ վերականգնվելու է բաց թողնված ծախսերը: Բայց ոչ թե այն ռեժիմով, որը եղել է նախկինում, այլ ավելի վերահսկողական, ավելի հաշվետվողական եւ թափանցիկ:

Մեր հարցին, թե Քոչարյանը կասկածի տակ է դրել նաեւ տնտեսական աճի 7,5% տոկոս աճի ցուցանիշները եւ ավելի հավանական համարել նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հրապարակած ցուցանիշներն, այն է՝ 3,5 տոկոս, Սերգեյ Բագրատյանն ի պատասխան ասաց. «Դա շատ վիճահարույց թիվ է, որովհետեւ մեթոդաբանությունը խիստ տարբեր է տարբեր տնտեսագիտական կենտրոնների կողմից: Ես միշտ առաջնորդվում եմ միջազգային կառույցների ներկայացրած թվերով, մասնավորապես Արժույթի միջազգային հիմնադրամի, Համաշխարհային բանկի, քանի որ նրանք չեն վերցնում թվերը մեր վիճվարչությունից, նրանք գլոբալ տնտեսության ինդեքսով են հաշվում երկրների տնտեսական աճը: Եւ, եթե նրանք վկայում են որ այդ աճը կա, ես չունեմ բավարար ապացույցներ, որ այդ զարգացումները չկան կամ՝ ոչ թե 7,5 տոկոս է, այլ` 3,5 տոկոս է: Այն մեթոդաբանությունը, որը բոլոր երկրների վերաբերյալ կիրառվում Համաշխարհային բանկի կողմից ավելի վստահելի է, որովհետեւ այդտեղ չեն կարող կեղծ տվյալներ ներկայացնել, որովհետեւ նրանց համար կարեւոր չէ Հայաստանում ովքեր են իշխանության, Գերմանիայում՝ ովքեր: Նրանց հետաքրքրում է տնտեսության վիճակը եւ այդ թվերը որ նրանք տվել են, շատ մոտ են կառավարության ներկայացրած թվերին»:

Պարոն Բագրատյանը, սակայն գտնում է, որ ներառականությունն ապահոված չէ, եւ չկա այդ գործիքակազմը, որ այդ աճն արագ ազդի յուրաքանչյուր ընտանիքի վրա. «Հստակ կարող եմ ասել, որ այդ խնդիրը դեռ լուծված չէ»:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gagik says:

    Այնպես չէ որ արտահանումը 25տոկոսով աճել է։ Աճել է 10տոկոսով, հիմնականում հանքարդյունաբերություն, կոնկրետ Թեղուտի հանքի վերաբացման հաշվին։ Այնպես չէ, որ դուք անապատ եք եկել, զրոյից երկիր եք կառուցում։ Այնպես չէ որ լիքը շենքեր որոնց շինարությունը սկսվել են նախկինում Ձեր օրոք չեն շահագործվել ու գումարվել Ձեր “թռիչքային” աճերին։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031