Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի ֆեյսբուքյան էջում տեղադրվել է մի հայտարարություն, որտեղ խոստանում են անվճար վերանորոգել այն մարդու հեծանիվը, որը գիտի Հովհաննես Շիրազի 4 բանաստեղծություններից որևէ մեկը (Տես լուսանկարում)։
Սա մեծ արձագանք է ստացել համացանցում, մեծ թվով օգտատերեր կիսվել են այս լուսանկարով, իսկ Հովհաննես Շիրազի տուն -թանգարանի աշխատակիցները թանգարանի էջում տեղադրելիս՝ գրել են․ «Այսպիսի հայտարարություն կարող էր լինել միայն Գյումրիում, մեր օրերում սա ուղղակի անհավատալի է»։
Aravot.am-ը Հովհաննես Շիրազի տուն-թանգարանի տնօրեն Արա Պապանյանից հետաքրքրվեց, թե որտե՞ղ է փակցված այս հայտարարությունը և պարզել են արդյոք՝ ո՞վ է այս հրաշալի մտահղացման հեղինակը։
Պարոն Պապանյանը մեզ տեղեկացրեց, որ հայտարարությունը երկու տարի առաջ փակցված է եղել Գյումրու Անի թաղամասի շենքերից մեկի պատին, ճշտել են, որ այս ինքնատիպ մտահղացման հեղինակը հեծանիվ վերանորոգող է, տեղադրելով իրենց էջում՝՝ ուզում են օգտատերերի օգնությամբ, անպայման, գտնել նրան։
«Ուզում ենք գտնել այն արհեստանոցը, որն արվեստանոցի է նման»,-ասաց Արա Պապանյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ