Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային նման համագործակցության շնորհիվ է նաև, որ հայ փրկարարը որակական նոր մակարդակի վրա է. Ճապոնիան 22 հրշեջ մեքենա է նվիրաբերել ՀՀ-ին

Հունվար 29,2020 17:51

Հունվարի 29-ին ԱԻՆ շարահրապարակում տեղի ունեցավ Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) կողմից Հայաստանի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարությանը նվիրաբերված 22 հրշեջ ավտոմեքենաների հանձնման հանդիսավոր արարողությունը:

Հանձնման արարողությանը ներկա էին ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, այլ պաշտոնատար անձինք:

Հրշեջ մեքենաները տրվում են JICA-ի՝ «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակներում, և նախատեսված են Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական վերազինման համար:

Նախորդ տարի՝ նույն ծրագրի շրջանակներում, Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալությունը ԱԻՆ-ին էր հանձնել 14 հրշեջ մեքենա, 3 շարժասանդուղք և մեկ կարգավար մեքենա:

Ողջունելով ներկաներին, նախարար Ֆելիքս Ցոլակյանը նշեց, որ չափազանց հաճելի է հերթական անգամ ողջունել բոլորին Ճապոնիայի կառավարության կողմից Արտակարգ իրավիճակների նախարարությանը տրամադրվող հրշեջ մեքենաների հանձնման պաշտոնական արարողության ժամանակ:

Նախարարը երախտիքի խոսքեր հղեց բարեկամ Ճապոնիայի կառավարությանը և ճապոնացի գործընկերներին՝ նպատակային ու անշահախնդիր աջակցության համար:

Ֆելիքս Ցոլակյանը հիշեցրեց, որ ամիսներ անց՝ սեպտեմբերի 7-ին, կլրանա Հայ-Ճապոնական դիվանագիտական հարաբերությունների հաստատման 28-րդ տարին, միևնույն ժամանակ փաստելով, որ հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամական կապերը միայն դիվանագիտական հարաբերություններով չեն պայմանավորված և բնավ դրանցով չեն սահմանափակվում:

«Հայ-Ճապոնական բարեկամության երկարամյա և յուրատեսակ համագործակցության ևս մեկ վկայություն է հանդիսանում Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության կողմից՝ «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակներում ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների տեխնիկական վերազինման համար տրամադրված շուրջ 1 մլրդ 540 մլն իենի օգնությունը», – նշեց ԱԻ նախարարը:

Ֆելիքս Ցոլակյանը նշեց, հայ ժողովուրդը հիշում է 1988 թվականի աղետալի երկրաշարժի օրերին Հայաստանին օգնության մեկնված յուրաքանչյուր բարեկամի ձեռքը:

«Անհնար է մոռանալ արդեն հեռավոր 1988 թվականին Սպիտակի աղետալի երկրաշարժի օրերին Ճապոնական կողմից հայ ժողովրդին մեկնված օգնության ձեռքը: Այդ օրերին Ճապոնիայի մի շարք քաղաքների Կարմիր խաչի հիվանդանոցներից՝ ընդհուպ մինչև վեց ամսով աղետի գոտի էին գործուղվել տասնյակ բուժքույրեր, Ճապոնիայում ԽՍՀՄ դեսպանության միջոցով փոխանցվել են մի քանի միլիոն իենի հասնող արյան տոպրակներ, ներարկիչներ, հակաբիոտիներ, դեղորայք: Ինչպես մեր նախորդ հանդիպման ժամանակ եմ նշել, մենք դեռևս երկրաշարժի օրերին ենք սեղմել Ճապոնիայի ժողովրդի պարզած ձեռքը և ցայսօր պատվախնդրությամբ և հպարտությամբ ենք վերաբերում մեր բարեկամությանը»,- շեշտեց Ֆելիքս Ցոլակյանը:

Շնորհակալություն հայտնելով աջակցության համար, նախարար Ցոլակյանը նշեց, որ միջազգային նման համագործակցության, պարբերական բնույթ կրող փորձի փոխանակման շնորհիվ է նաև, որ այսօր հայ փրկարարը որակական նոր մակարդակի վրա է՝ պատրաստ օգնության ձեռք մեկնելու ոչ միայն մեր հայրենակիցներին, այլև՝ անհրաժեշտության պարագայում, մեր բարեկամ ժողովուրդներին:

Իր խոսքում Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադան նշեց, որ իր համար մեծ հաճույք է մասնակցել «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի» շրջանակներում ՀՀ ԱԻ նախարարությանը 22 հրշեջ մեքենաների հանձնման արարողությանը:

Ջուն Յամադայի խոսքով, Ճապոնական դրամաշնորհի մասին համաձայնագիրը կնքվել է Ճապոնիայի և Հայաստանի Հանրապետության կառավարությունների միջև՝ 2017 թվականի սեպտեմբերի 6-ին, որն ուղղված է Շիրակի, Լոռու, Սյունիքի մարզերի փրկարարական ստորաբաժանումների համար հրշեջ մեքենաներ ձեռք բերելուն:

Դեսպանը իր խոսքում շեշտեց անցած տարվա մայիսին տասնչորս հրշեջ մեքենաների նվիրաբերման արդյունավետությունն ու կարևորությունը, հատկապես նախորդ տարի Հայաստանում գրանցված բազմաթիվ հրդեհների ֆոնին:

«Այդ իսկ պատճառով ես վստահ եմ, որ լրացուցիչ 22 հրշեջ մեքենայի տրամադրումը ճիշտ ժամանակին է, և այն կշարունակի ծառայել Շիրակի, Լոռու և Սյունիքի մարզերի փրկարարական աշխատանքների արդյունավետության բարձրացմանը: Այս մեքենաները անչափ կարևոր են աղետների կանխարգելման համար»,- շեշտեց դեսպան Ջուն Յամադան:

Ջուն Յամադան նշեց, որ այս մեծածավալ համագործակցությունը մարմնավորում է Հայաստանի կառավարության հետ մտերիմ և փոխշահավետ հարաբերությունների ևս մեկ օրինակ:

«Եզրափակելով ելույթս, թույլ տվեք ևս մեկ անգամ սրտանց շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԻ նախարար պարոն Ֆելիքս Ցոլակյանին, Փրկարար ծառայության բոլոր աշխատակիցներին: Ցանկանում եմ շնորհավորել այս անչափ կարևոր նախագծի բոլոր կողմերին՝ ծրագրի վերջնական և բարեհաջող իրականացման առթիվ: »,- իր խոսքի եզրափակիչ մասում նշեց Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը:

Այնուհետև ԱԻ նախարարը, Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպանը, մյուս հյուրերը շրջեցին շարահրապարակում և ուսումնասիրեցին նվիրաբերված հրշեջ ավտոմեքենաները:

ԱԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Ամենաընթերցված

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031