Երևանի ընդհանուր իրավասության դատարանի՝ Նոր Նորք վարչական շրջանում գտնվող նստավայրում դատավոր Հարություն Մանուկյանը հրապարակեց Ճվճվ Արոյի որդի Սարգիս Վարդանյանի գործով դատավճիռը, գրում է «Ժամանակ»-ը:
Սարգիս Վարդանյանը մեղադրվում էր ճանապարհային ոստիկանության երկու ծառայողների մահվան ելքով վթարի և պատահարի վայրից հեռանալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և 244 հոդվածով:
Նախորդ դատական նիստում մեղադրողի միջնորդությամբ ՀՀ քրեական օրենսգրքի 244 հոդվածով Սարգիս Վարդանյանի քրեական հետապնդումը դադարեցվել, քրեական գործի մասը կարճվել էր՝ վաղեմության ժամկետը լրանալու հիմքով:
Մեղադրող Ա. Մարգարյանը միջնորդել էր. Սարգիս Վարդանյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և դատապարտել ազատազրկման 7 տարի 6 ամիս ժամկետով՝ 2 տարով զրկելով տրանսպորտային միջոցներ վարելու իրավունքից:
Կարդացեք նաև
Ամբաստանյալի շահերի պաշտպան, փաստաբան Լ. Հովհաննիսյանը միջնորդել էր մեղմ պատիժ սահմանել, իսկ ամբաստանյալ Սարգիս Վարդանյանը խնդրել էր արդարացի դատական ակտ կայացնել:
Դատարանը հրապարակեց դատավճիռը: Սարգիս Վարդանյանը մեղավոր ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 242 հոդվածի 3-րդ մասով և դատապարտվեց 6 տարի 6 ամիս ազատազրկման՝ 1 տարով պակաս՝ դատախազի միջնորդած պատժից: Պատժի սկիզբը՝ Վարդանյանին արգելանքի տակ առնելու պահից՝ 2018 թվականի հունվարի 8-ից: Սարգիս Վարդանյանից հօգուտ պետբյուջեի կբռնագանձվի 537 հազար 800 դրամ՝ որպես դատական ծախսերի հատուցում:
Խափանման միջոց կալանավորումը թողնվեց անփոփոխ:
Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: