Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Սեյրան Օհանյանը՝ Սերժ Սարգսյանի օրոք տարածքներ զիջելու շուրջ բանակցությունների մասին. «Այդ փաստաթղթերը միայն ու միայն եղել են բանակցելու համար»

Հունվար 29,2020 17:29

Այսօր 3 ժամից ավելի տեւեց ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի փակ նիստում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպումը: Մինչ այդ նա ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի աշխատասենյակում էր, ինչպես հետո պարզաբանեց Սեյրան Օհանյանը, ոչ մի ներքաղաքական հարց Միրզոյանի հետ չեն քննարկել. «Դա այցելություն էր քաղաքավարության»:

Սեյրան Օհանյանը քննիչ հանձնաժողովի հետ կապված ասել էր, որ այդ հարցերը նման հանձնաժողովներում չէ, որ պետք է քննեն: Այսօր լրագրողների հետ զրույցում հարցին՝ փոխե՞լ եք ձեր մոտեցումը՝ նա պատասխանեց. «Մենք զուգահեռ քննարկման արդյունքում եկանք այն եզրակացության, որ հանձնաժողովը պետք է իր աշխատանքը շարունակի եւ եզրակացնի: Ես, իհարկե, այդ հանձնաժողովը չէի կազմի, կամ հանձնաժողովին պաշտպանության մասին առանձին հանձնարարություն կլիներ, որպեսզի իրենք առանձին աշխատեն ՊՆ ղեկավարության հետ: Բայց, քանի որ ստեղծվել է, մեր պետական կառույցում է ստեղծվել՝ ԱԺ-ում, հանձնաժողովը պետք է իր աշխատանքը կատարի, ես էլ իմ կողմից աջակցեմ»:

Լրագրողները հարցրեցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, որ ապրիլյան պատերազմը եղել է Ռուսաստանի գիտությամբ, այս մասին ի՞նչ տեղեկություններ եք դուք ունեցել՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Ես կարող եմ փարատել բոլոր մտահոգությունները: Եթե խոսում եք ինչ-որ դավադրության տեսաբանությունից, այստեղ չի կարող լինել այլ դավադրություն, քան թուրք-ադրբեջանական դավադրությունն է»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ ապրիլյան պատերազմը եղել է 2016-ին, իսկ հիմա 2020 թվականն է, ամենօրյա ռեժիմով չի զբաղվում այդ աշխատանքներով ու որոշ բաներ հանձնաժողովում են իրեն հիշեցրել:

Հարցին՝ ներկայիս իշխանությունները հայտարարում են, որ Սերժ Սարգսյանը բանակցել է տարածքներ զիջելու շուրջ, որպես նախկին իշխանության ներկայացուցիչ, ձեզ հայտնի՞ է եղել նման փաստաթուղթ՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Նախկինում ես արտահայտվել եմ, որ եթե Արցախի հետ մի բան պատահի, յուրաքանչուր թիզ հողի համար մենք պետք է պայքարենք: Եվ այսօր այդ զիջումների խնդիրը բանակցության առարկա չէ: Եթե խոսքը գնում է այդ փաստաթղթերի մասին, ապա այդ փաստաթղթերը միայն ու միայն եղել են բանակցելու համար, ինչ-որ փաստաթղթի շուրջ բանակցելու համար: Իսկ տարածքների հանձնման վերաբերյալ իմ հետ երբեւիցե ոչ մեկը ոչ մի խոսակցություն չի ունեցել:

Հարցին, թե ներկայիս իշխանությունների հետ հարաբերություններն ինչպե՞ս են՝ Սեյրան Օհանյանն ասաց, որ իշխանությունների ներկայացուցիչերը հայեր են, բա ինչպե՞ս կարող է հայը հայի հետ լավ հարաբերություններ չունենալ: Իսկ համագործակցություն չկա, միայն ապրիլյան քննիչ հանձնաժողովի շրջանակներում է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031