Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Տարբեր բացթողումներ եւ տարբեր թերություններ եղել են, բայց ասացեք տեսնեմ մի աշխատող մարդու, որը սխալներ թույլ չի տալիս». Սեյրան Օհանյանը՝ ապրիլյան քննիչ հանձնաժողովի հանդիպման մասին

Հունվար 29,2020 17:10

Այսօր 3 ժամից ավելի տեւեց ապրիլյան դեպքերն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի փակ նիստում պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի հետ հանդիպումը:

Հանձնաժողովում աշխատանքներն ավարտելուց հետո Սեյրան Օհանյանը կարճ ճեպազրույց ունեցավ լրագրողների հետ: Նա ասաց. «Այսքան լարված, համատեղ քննարկման հաճելի աշխատանքի տպավորություն ես չէի ստացել»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ որոշակի տեղեկություններ լրացվեցին ռազմավարական, օպերատիվ մարտավարական օղակներում, որոնք պետք է հիմք հանդիսանան հանձնաժողովի համար. «Ես համոզված եմ, որ ՊՆ-ն իր հետեւողական աշխատանքը կատարել է, եթե ձեզ հետաքրքրում է այն եզրահանգումը, որը նախկինում եղել է…ես եւս մեկ անգամ պնդում եմ իմ եզրահանգումները, տպավորությունները չեն փոխվել, բանակն իր առջեւ դրված խնդիրները կատարել է»:

Սեյրան Օհանյանն ասաց, որ եթե 2016-ին անձնուրաց կռվել են, դա տասնյակ տարիների ձեւավորված պաշպանության, դաստիարակության ավանդույթների հիման վրա է եղել. «Իհարկե, տարբեր բացթողումներ եւ տարբեր թերություններ եղել են, բայց ասացեք տեսնեմ մի աշխատող մարդու, որը սխալներ թույլ չի տալիս: ՊՆ-ում երկարատեւ աշխատանքի ընթացքում ես միշտ այսպես եմ ասել՝ սխալ ունենալը եւ այդ սխալները վերացնելը մեծ թերություն չէ, սխալ ունենալու, բայց չվերացնելը նման է մարտի դաշտում զորքն անտեր թողնելուն»:

Հարցին՝ ճակատագրական սխալներ եղե՞լ են՝ Օհանյանն ասաց, որ ոչ, չեն եղել ու հորդորեց սպասել հանձնաժողովի եզրակացություններին:

Հարցին՝ երկար ժամանակ խոսվել է ապրիլյան պատերազմի խնդիրների մասին՝ վառելիքի պակասի մասին, հրամանատարների բացակայության մասին, հետախուզության տեղեկացված լինելու ու չարձագանքելու մասին, պայմանավորված տարածքներ զիջելու մասին, այս ամենի հետ կապված հիմա ի՞նչ կարող եք ասել՝ Սեյրան Օհանյանը պատասխանեց. «Եզրակացության մեջ այդ ամենը կա: Ես նախօրոք կարող եմ ասել, որ ԶՈՒ հրամանատարական կազմը, ղեկավար կազմն իր պարտականություններն իմացել է եւ հենց այդպես գործառույթների շրջանակում իրականացրել է: ԶՈՒ-ն նյութատեխնիկական ապահովման շրջանակում որեւէ խնդիր չի ունեցել: Եթե ավելի ցածր մարտավարական օղակներում որոշակի բացթողումներ եղել են, դա գալիս է պատերազմական գործողությունների դժվարություններից, առանձնահատկություններից ու դաժանություններից: Որպեսզի մենք գնահատական տանք, ով ինչ պաշտոնի ուզում է լինի, եթե մեզանից յուրաքանչյուրս մարշալ էլ լինի, մենք գնահատական կարող ենք տալ այն ավագ լեյտենանտի, կապիտանի, սերժանտի եւ զինվորի տեսանկյունից, որն առաջին գծում մարտական գործողություններ է վարել՝ գտնվելով եւ հակառակորդի հոգեբանական եւ կրակային ճնշման տակ, բայց պատվով իր առջեւ դրած խնդիրը կատարել է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031