Այսօր Իջևանի Թիվ 1 հիմնական դպրոցում տեղի ունեցավ միջոցառում՝ նվիրված Հայոց բանակի կազմավորման 28-ամյակին։ Միջոցառմանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Մանե Ղազումյանը և վարչության գլխավոր մասնագետ Արթուր Վանեսյանը։
Հայկ Չոբանյանը շնորհավորելով ներկաներին Հայոց փառապանծ և հերոսական բանակի 28-ամյակի առթիվ, իր խոսքում նշեց․ «Բանակն առաջին հերթին մեր պետականության թիվ մեկ խորհրդանիշն է։ Պետականություն, որ դարեր շարունակ իղձ է եղել մեր նախնիների համար։ Այսօր մենք ոչ միայն մեր փոխարեն ենք ապրում ու վայելում, այլ նաև մեր նախնիների։ Մեր բանակը հաղթանակի խորհրդանիշ է, որովհետև այն ծնվել է հաղթանակի բովում։ Մենք պատիվ ունենք ծառայելու հայոց հաղթանակած բանակում։ Բանակը ստեղծվում է այստեղ՝ դպրոցում, համայնքում, ընտանիքում։ Բանակն ուժեղ է, եթե ունենք ուժեղ ընտանիք, համայնք և դպրոց։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր ուսուցիչներին, որոնք այստեղ կերտում են հայրենասեր մարդիկ և զավակներ»։
Միջոցառման ընթացքում պարային համարներով և կատարումներով հանդես եկան դպրոցի աշակերտները։
Այնուհետև Հայկ Չոբանյանը ԿԳՄՍ հուշամեդալով պարգևատրեց դպրոցի զինվորական պատրաստության ուսուցիչ Ռոբերտ Քամալյանին՝ կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի, երեխաների կրթության և դաստիարակության գործում ունեցած անբասիր աշխատանքի, մանկավարժական երկարամյա գործունեության համար։
Կարդացեք նաև
Տավուշի մարզպետարան