Այսօր Մալյանն ընդդեմ «Ռեստարտ»-ի անդամների գործով դատական նիստին ներկա չէին տուժող Նարեկ Մալյանն ու նրա ներկայացուցիչը:
«Ռեստարտ»-ի անդամ եւ ամբաստանյալ Դավիթ Պետրոսյանը նիստում ասաց, որ տուժող կողմի՝ դատարան չներկայանալը մտահոգիչ է: Դատախազն արձագանքեց՝ տուժող կողմի դատարան չներկայանալը չի համարում դատական նիստերին խոչընդոտել:
Դավիթ Պետրոսյանը նաեւ անդրադարձավ իրենց անձնագրերի՝ իրավապահ մարմնում պահելուն, նշելով. «Մեզ համար վիրավորական է այն մոտեցումը, եթե մենք անձնագիր ունենանք, ապա կփորձենք երկրից դուրս գալ: Մենք այս երկրից բացակայելու մտադրություն չունենք եւ այնքան ժամանակ չենք բացակայելու մինչեւ այս ու այլ շատ հարցեր չլուծվեն: Մեզ համար վիրավորական կլինի, դատախազը, ոստիկանությունը կամ ինչ-որ մեկը կարող են մտածել, որ մենք կարող ենք երկիրը լքել, որպեսզի ենթադրյալ մեր հանցանքի համար պատիժ չկրենք: Ես ընդունվել եմ արտասահմանյան երկու բուհ, ՍԵԿՏ-ի հետ կապված մեր մուտքը փակ է: Այսինքն, եթե անձնագիր ունենանք՝ երկիրը չենք կարող լքել, ԱԱԾ-ն մեր ՍԵԿՏ-ը փակել է»:
Ապա դիմելով մեղադրող դատախազին, Պետրոսյանն ասաց՝ դուք, որպես դատախազ, պետք է ապահովեք մեր ազատ տեղաշարժի իրավունքը, քանի որ մեր մեղքն ապացուցված չէ:
Կարդացեք նաև
Պաշտպան Կարեն Մեժլումյանն էլ ասաց՝ երբ մեղադրող կողմը պնդում է, թե անձնագրերը պետք մնան իրավապահների մոտ, դա շարունակությունն է այն մեղադրանքի հաստատման, որը տղաների նկատմամբ իրականացվել է՝ հատուկ բացասական առումով:
Դատավոր Դավիթ Հարությունյանը հայտարարեց՝ ամբաստանյալների անձը հաստատող բոլոր փաստաթղթերի բնօրինակները հնարավոր է վերադարձնել նրանց:
Հետո Դավիթ Պետրոսյանը հայտարարեց՝ տուժող կողմը շարունակում է սեռական բնույթի հայհոյանքները, որոնք տեղի են ունեցել դեպքից մի քանի օր առաջ եւ դեպքից հետո էլ. «Դեպքից առաջ եղել են սպառնալիքներ մեզ ոչնչացնելու: Տուժողը ոտնահարում է մեր իրավունքները, ապատեղեկատվություն է տարածում: Դատախազությանը կոչ եմ անում մեր տրամադրած տեսանյութի միջոցով հետեւի նրա վարքագծին»:
Մեղադրող դատախազն արձագանքեց՝ դատախազությունն, որպես քրեական հետապնդում հարուցող մարմին, յուրաքանչյուր դեպքով պարտավոր է համապատասխան գործողություն իրականացնել, եւ եթե Պետրոսյանն ունի փաստական տվյալներ, որ տվյալ անձը կատարել է ենթադրյալ հանցավոր արարք, կարող է ներկայացնել իրավապահներին:
Այս նիստին այլ հարցեր չքննվեցին, նիստը հետաձգվեց, հաջորդ նիստի օր այսօր չնշանակվեց, դատարանն այն կողմերի հետ կհամաձայնեցի, հետո կծանուցի:
Հիշեցնենք, Դավիթ Պետրոսյանը Յուրի Ավագյանի, Հրաչյա Խլղաթյանի, Արամայիս Պետրոսյանի, Գարիկ Միսակյանի եւ Դավիթ Սիմոնյանի հետ 2019թ. մարտի 4-ին` ժամը 00:40-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ամիրյան փողոցի 18 հասցեում փորձել են Նարեկ Մալյանին, Պետրոսյանի խոսքերով «աղբամանը տեղափոխել», ինչը նրանց չի հաջողվել:
Պետրոսյանի եւ նշված անձանց նկատմամբ մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 34-131 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առեւանգում կատարելը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ
Լուսանկարը՝ Գարիկ Միսկարյանի/Դավիթ Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից