Արցախի Քարվաճառ քաղաքի բնակիչ Ալեքսանդր Քանանյանը, որը Քարվաճառում՝ Թարթառ գետի վերին հոսանքում ՀԷԿ-երի շինարարության դադարեցման պահանջով հացադուլ է իրականացնում, այսօր «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության երեւանյան գրասենյակում տեսակապի միջոցով անդրադարձավ խնդրին՝ մատնանշելով, որ իշխանությունն արդեն ՀԷԿ-երի շինարարության դեմ աճող դժգոհությունը փորձում է ճնշել, այդ թվում՝ այն դպրոցների ղեկավարությանը, որոնց աշակերտները պատրաստակամություն են հայտնել որպես բողոք՝ դասադուլի դիմել: Նրա փոխանցմամբ՝ շինարարությունն այս պահին չի ընթանում, բայց տեխնիկան չի հանվել, ուստի որեւէ երաշխիք չկա, որ գործընթացը դադարեցվելու է:
«ՀԷԿ-աշինությունը նպատակային է, եթե պահպանվում են նորմերը՝ ջրավազաններ, ջրամբարներ: Որոշակի ներդրումների պարագայում հնարավոր է ամբարտակներ կառուցել գետերի վրա՝ բնապահպանական նորմերի պահպանությամբ, որպեսզի լինի անհրաժեշտ քանակի ջուր՝ ոռոգման նպատակով: Քրեական օլիգարխիան չունի Արցախի զարգացման նպատակ, այլ ազատագրված շրջանները դիտարկում է որպես հարստանալու միջոց: Դիմել են էժան եւ կործանարար՝ փոքր ՀԷԿ-երի շինարարությանը: Գլխավոր գետերի վրա ՀԷԿ-եր կառուցելն անթույլատրելի է, դա կատարյալ աղետ է»,-նշեց Ալեքսանդր Քանանյանը՝ հիշեցնելով, որ ՀԷԿ-երի շինարարությունն իրականացվում է վերջին տարիներին:
Նա տեղեկացրեց, որ, օրինակ, Քաշաթաղի հյուսիսում գետերից մեկի վրա 11 ՀԷԿ կա, մի քանիսն էլ կառուցվում են. «Դրա պատճառով մի քանի անգամ նվազել է մեղրի արտադրության ծավալը, մարդկանց այգիները չորացել են: Խողովակաշարերը կառուցվել են այնպես, որ արգելակվել է գետի բնականոն ելքը դեպի արոտավայրեր: Քարվաճառի տարածքում էլ իրավիճակն այնքան ողբերգական չէ, որքան Քաշաթաղում, բայց գետերի 40%-ից ավելին արդեն հոսում է ոչ թե իր հունով, այլ խողովակաշարով: Դեռեւս դեկտեմբերին հայտնաբերել եմ, որ Քարվաճառում կառուցվող մի քանի ՀԷԿ-երի փաստաթղթերը բացակայում են: Դրանք ապօրինի են կառուցվում»:
Կարդացեք նաև
Ալեքսանդր Քանանյանի խոսքով. «Որոշ հանցագործներ հասել են նրան, որ անգամ խմելու ջրի աղբյուրներն են օգտագործում ՀԷԿ-ի համար: Արցախում շատ ՀԷԿ-եր կառուցվել են ոչ թե օլիգարխների, այլ պետական ներդրումային հիմնադրամի միջոցներով, որը Երեւանից է սնվում: Հիմնադրամը պետք է նպաստեր ճանապարհաշինությանը, խմելու ջրի մատակարարմանը, բայց այդ միջոցները լցվում են Արցախի օլիգարխների գրպանները: Հրավիրում եմ բոլորի ուշադրությունն Արցախում տիրող բնապահպանական աղետի վրա»:
Քանանյանը նաեւ ասաց, որ խնդրի մասին պարբերաբար խոսում է բնակիչների հետ, իրեն այցելում են նաեւ Արցախի նախագահի թեկնածուները: Հացադուլի սկզբից արդեն 9 օր է անցել:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Aravot.am-ի լուսանկարները՝ Քարվաճառում ՀԷԿ-երի շինարարության ընթացքից (2018թ. մայիս)
Խողովակի մեջ գետի ջրում թթվածնի քաղց է առաջանում: