Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ ԲՀԿ խմբակցության պատգամավորներին հարցրեցինք` համաձա՞յն են «Լուսավոր Հայաստանի» պատգամավորների հետ, որ ներկայիս իշխանությունները սկսում են ՀՀԿ-ին նմանվել եւ «դեւին հաղթողը նմանվում է դեւին»:
Խմբակցության քարտուղար Արման Աբովյանն ասաց, որ եթե չեն ուզում նմանվել որեւէ մեկին, պետք է լինեն բացառապես իրավական դաշտում. «Ես զերծ կմնամ կտրուկ գնահատականներ տալ»:
Իսկ ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանն ասաց, որ վաղուց արդեն անցել է իշխանությունների փորձաշրջանը, տեսանելի առաջընթաց են ակնկալում մարդիկ. «Տեսարաններ միշտ կարելի է ապահովել, ցանկալի ցուցանիշներից միշտ կարելի է խոսել»:
Իվետա Տոնոյանը, խոսելով ՍԴ շուրջ ստեղծված իրավիճակի եւ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցազրույցի մասին, ասաց․ «Ցանկացած գործընթաց՝ կապ չունի այն իրականացվում է իշխանությունների, թե Հրայր Թովմասյանի, բացառապես պետք է իրավական տառին համապատասխան իրականացվի։ Հրայր Թովմասյանը կարող է ունենալ իր օբյեկտիվ կամ սուբյեկտիվ մոտեցումները, իշխանություններն էլ իրենց հերթին հավատացած լինեն սեփական գործողությունների ճշմարտացիության մեջ։ Վստահ եմ, որ եթե ՍԴ դատավորներին վաղ կենսաթոշակի ուղարկելու «պատվավոր» գործիքակազմն անհաջողության մատնվի, իշխանությունը գործի կդնի այլ գործիքներ: Ես չեմ կարծում, որ Սահմանադրական դատարանի խնդիրն այսօր օրհասական խնդիր է մեր երկրի համար, որ մեր իշխանությունների ամբողջ ներուժը կենտրոնացված է այս խնդրի լուծման վրա»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հայտարարությանը, թե խախտվում է անմեղության կանխավարկածը, Իվետա Տոնոյանը նշեց․ «Որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ անմեղության կանխավարկածի իրավական ձեւակերպումը որոշակի լղոզվածություն ունի։ Սակայն երկրի առաջին դեմքի կողմից, երբ այս կամ այն գործընթացի հետ կապված հնչում են գնահատականներ, տրվում են մանրամասներ, ապա նուրբ սահման կա, որը պետք է պահել։ Բայց կարող եմ վերահաստատել, որ ցանկացած անձի կամ գործընթացի ժամանակ պետք է անմեղության կանխավարկածը պահել»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «քուանշ» էր տվել Գեւորգ Պետրոսյանին, սրելո՞ւ է ԲՀԿ-ն քուանշը: Ի պատասխան՝ Արման Աբովյանն ասաց, որ երբ քաղաքական դաշտը թղթախաղային տերմինոլոգիայով է, տեղին չէ. «Ես խորհուրդ կտամ բլոտի տեղը գոնե պոկեր խաղան ավելի խորքային է ու հետաքրքիր»:
Իսկ Իվետա Տոնոյանը Ալեն Սիմոնյանին հորդորեց Գեւորգ Պետրոսյանի ֆեյսբուքյան գրառումներին հետեւելու փոխարեն նույն ջանասիրությամբ Ծառուկյանի հայտարարություններն ուսումնասիրի, որովհետեւ վերջինս ասել էր, որ կառուցողական աշխատանքի ժամանակն է, ոչ թե խորհրդարանը ցրելու ժամանակը, նա տվել է Ալեն Սիմոնյանի պատասխանը. «Որեւէ մեկը չի կարող ԲՀԿ-ի հետ խոսել վերջնագրերի տեսքով»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ