Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Չեն կարող լինել առավել պարզ ապացույցներ առ այն, որ Հայաստանը դեմ է հակասեմականությանը. The Jerusalem Post

Հունվար 29,2020 14:56

Իսրայելական The Jerusalem Post պարբերականը ծավալուն հոդված է հրապարակել «Հայկական հակասեմականությո՞ւն. ճշմարտությունն այլ է» վերտառությամբ, որի հեղինակ հայագետ Յոավ Լոեֆը հակադարձում է նույն թերթում ավելի վաղ հրապարակված Մաայան Յաֆե-Հոֆմանի պնդումներին, թե հայերի շրջանում հակասեմական տրամադրություններ կան:

«Հոդվածը սկսվում է Երևանում Գարեգին Նժդեհի մասին հուշարձանով, որը տպավորություն է ստեղծում, թե «հակասեմական» հայերը նախընտրել են փառաբանել նացիստների հետ համագործակցողին,- գրում է Լոեֆը՝ անդրադառնալով Յաֆե-Հոֆմանի հոդվածին:- Բայց Նժդեհը նախ և առաջ ռազմական հերոս էր և հայ ազատագրական շարժման կենտրոնական առաջնորդ, որը հարյուրամյակների բռնազավթումից հետո ձգտում էր իր ազգի համար հասնել անկախության: Նա պայքարում էր Օսմանյան կայսրության դեմ, երբ վերջինս համակարգված կերպով սպանդի ենթարկեց հայկական փոքրամասնությունը, և մեծ դերակատարություն է ունեցել Հայաստանի առաջին հանրապետության կայացման գործում (1918-1920), որը, ցեղասպանությունից հետո տառապյալ հայ ժողովրդին տվեց նորացված հույսի կարճատև ժամանակահատված»:

Այդ հույսը, սակայն, դաժանորեն կտրվեց 1920թ. Կարմիր բանակի ներխուժմամբ, որից հետո Հայաստանը բռնակցվեց խորհրդային միությանը, շարունակում է հոդվածագիրը: Այդ ներխուժման ժամանակ Նժդեհը պայքարում էր կանխելու Հայաստանի հարավում խոշոր տարածքները ԽՍՀՄ-ի կողմից հիմնադրված նորաստեղծ Ադրբեջանին հանձնելու խորհրդային փորձը: Այդ պայքարը մասամբ հաջողվեց, չնայած հայկական երկու պատմական տարածքներ՝ Լեռնային Ղարաբաղը և Նախիջևանը հանձնվեցին ադրբեջանցիներին ՝ որպես խորհրդային «բաժանիր և տիրիր» քաղաքականության մաս:

«Ճիշտ է, որ Նժդեհը միացավ նացիստական Գերմանիայի բանակին, որտեղ ծառայեց կարճ ժամանակահատված: Այդ համագործակցության համար որևէ արդարացում չկա, չնայած միանգամայն պարզ է, որ Վերմախթին միանալու նրա շարժառիթը որևէ կապ չուներ հակասեմականության հետ, այլ ոչ իրատեսական հույս էր, որ այդ համագործակցությունը գուցե հանգեցներ հայ ժողովրդի ազատագրմանը,- բացատրում է հայագետը:- Դա նրա կատարած միակ սխալը չէր, քանի որ հենց այն բանից հետո, երբ նա հասկացավ, որ այս ճանապարհն արդյունավետ չէ, փորձեց նոր համագործակցություն հաստատել ՝ այս անգամ Ստալինի հետ»:

Հեղինակը կարևոր է նաև համարում նշել, որ այն ժամանակ, երբ հայկական լեգեոնը կռվում էր Գերմանիայի համար, հարյուր հազարավոր հայեր ծառայում էին խորհրդային բանակում և ակտիվ դերակատարություն են ունեցել նացիստների դեմ տարած հաղթանակում: «Նժդեհը Հայաստանում փառաբանվել է ոչ թե նացիստների հետ գործակցության, այլ իր ամբողջ կյանքի ընթացքում հայ ժողովրդին ազատագրելու անսասան պայքարի համար»,- փաստում է հոդվածագիրը:

«Ես բավականին շատ եմ ճամփորդել ամբողջ Հայաստանում, և՛ միայնակ, և՛ այլ հրեաների և իսրայելցիների հետ: Ես միշտ հստակեցրել եմ, որ հրեա եմ և իսրայելցի, և երբեք հակասեմականության որևէ ակնարկ չեմ լսել: Եթե կա որոշակի քննադատության, ապա դա վերաբերում է Իսրայելի կասկածներին՝ ճանաչելու Օսմանյան կայսրության կողմից իրականացված Հայոց ցեղասպանությունը, որին զոհ է գնացել մոտ 1.5 միլիոն հայ, և որը Հոլոքոստի «գլխավոր փորձն» էր: Մյուս քննադատությունը կապված է Հայաստանի թշնամու՝ Ադրբեջանի բռնապետության հետ Իսրայելի համագործակցության հետ: Դժբախտաբար, Հայաստանում ուժեղ ազգայնականություն է տարածված, ինչը այնքան էլ չի տարբերվում Իսրայելի փորձից»,- գրում է Լոեֆը :

Նա նաև փաստում է, որ Հայաստանի փոքրիկ հրեական համայնքը երբեք չի զգացել հակասեմականություն իր որդեգիր հայրենիքում: Նրանցից շատերը լքել են երկիրը 1990-ականներին՝ 1988թ. երկրաշարժից և ԽՍՀՄ փլուզումից հետո: Միաժամանակ, ղարաբաղյան պատերազմի ժամանակ Հայաստանը հայտնվել էր ծանր տնտեսական վիճակում, ուստի հրեաները չեն հեռացել, որովհետև իրենց վրա զգում էին հակասեմականությունը, այլ պարզապես ավելի լավ կյանք էին փնտրում:

«Յաֆֆե-Հոֆմանը խոսում է ինչպես ինքն է ասում՝ Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի «վայրի նվաճման» մասին: Բայց նա «մոռանում է» նշել, որ այս տարածաշրջանը հնուց հիմնականում հայաբնակ է եղել: Անգամ երբ 70 տարի Խորհրդային Ադրբեջանը տենչում էր փոխել այնտեղ ժողովրդագրական իրավիճակը, նրանք դեռ մեծամասնություն էին կազմում:

Հոֆմանը նաև արհամարհում է այն փաստը, որ Ղարաբաղի հայերն ազատություն է պահանջել ադրբեջանցիների կողմից Բաքվում, Շուշիում, Սումգայիթում և այլ վայրերում երկարատև ջարդերից հետո, որոնք սկսվել էին 190-ականների սկզբին, հետո 1920-ականներին, ու նորից՝ 1988-ին: Պատմությունը (եթե անտեսում ես այն փաստերը, որոնք չեն պաշտպանում քո թեզը) հոլիվուդյան ոճի հիանալի ֆիլմ է, որտեղ հստակ արտահայտված են վատ տղաներն ու լավ տղաները:

Կեզրափակեմ՝ ուշադրություն հրավիրելով երեք փաստերի վրա: Առաջին, երկար տարիների ի վեր Երևանի սրտում հուշարձան կա՝ հայերեն ու եբրայերեն գրություններով՝ նվիրված Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության հիշատակին: Դժբախտաբար, նման հուշարձան Իսրայելում չկա:

Երկրորդ, Հայաստանը Հոլոքոստի համաշխարհային ֆորումին Երուսաղեմ է ուղարկել իր ամենաբարձրաստիճան պաշտոնյային՝ նախագահ Արմեն Սարգսյանին:

Երրորդ, Հայաստանը որոշել է մոտ ապագայում դեսպանատուն բացել Իսրայելում՝ անկախ նրանից՝ Իսրայելը դա կանի Երևանում, թե ոչ: Չեն կարող լինել առավել պարզ ապացույցներ առ այն, որ Հայաստանը դեմ է հակասեմականությանը»,- իր հոդվածը եզրափակում է Յոավ Լոեֆը:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031