Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լարիսա Մինասյանը՝ Փաշինյանին զանգելու, Թովմասյանի եւ Կոստանյանի՝ դրամաշնորհ ստանալու տեղեկությունների մասին

Հունվար 29,2020 14:46

«Հարցը հիմնված էր սուտ պնդման վրա առ այն, որ ԲՀՀ-ն հակահայկական գործունեությամբ է զբաղված: Հարցը մանիպուլատիվ ձեւով դրված էր այնպես, որ դու, կամա թե ակամա, պետք է պաշտպանվես: Նման ձեւակերպումից՝ Սովետական միության նախորդ տարի 50-ականների ժուռնալիստական հմտությունների բարիքներից է, որ մենք խնդրում ենք լրագրողներին հետ կանգնել»,-«Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ զրույցում այսօր անդրադառնալով օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսում նրան ուղղված հարցերից մեկին, ասաց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:

Հիշեցնենք՝ «Իրավունք» թերթի լրագրողը հետաքրքրվել էր. «Ակնհայտ է, որ սորոսականներ կան վերին օղակներում: Հավատում ենք, որ վարչապետը սորոսական չէ, բայց տպավորություն է, որ նա կամ զգուշանում է նրանցից, նաև տեսակետ կա՝ «գերի է» նրանց ձեռքում, ապա ինչո՞ւ վարչապետը չի զսպում նրանց ակտիվությունը, որը երբեմն ակնհայտ ապազգային է»:

Նիկոլ Փաշինյանն էլ պատասխանել էր. «Սորոսական գրասենյակը գործում է Հայաստանում տասնյակ տարիներով, այդ թվում այն իշխանության ժամանակ, որի կարկառուն ներկայացուցիչ է եղել ձեր թերթի հիմնադիրը: Եթե այդքան վատ բան էր, թող փակեին, ինչո՞ւ չեն փակել…Այսինքն՝ փաստորեն, դուք հիմա խոստովանում եք, որ պետական դավաճաններ եք, որովհետև թույլ եք տվել, որ 25 տարի Հայաստանում գոյություն ունենա քայքայիչ կազմակերպություն: Ուրեմն նախ սկսենք ձեզանից»։

Լարիսա Մինասյանն, անդրադառնալով վարչապետի պատասխանին, նշեց. «Շատ բարձր գնահատեցի այն, որ վարչապետը ներկայացրեց, թե ում կողմից եւ ինչ նպատակներով է մեր դեմ այս արշավը սկսված՝ վստահությունը խարխլելու նպատակով: Ո՞վ եւ ինչու է դա անում, հստակ հնչեց: Մեր լեգիտիմությունը ՀՀ-ում նրանում չէ, որ մենք դեռ գործել ենք նախորդ կոռումպացված եւ ավտորիտար ռեժիմի ներքո: Մեր լեգիտիմությունը նրանում է, թե ինչ ենք մենք անում: Դա անում ենք թափանցիկ եւ հաշվետու ձեւով»:

Մինասյանը շեշտեց. «Համաձայն եմ վարչապետի հետ, որ մեզ չփակելու պատճառը բավականին նենգ էր նախորդ ռեժիմի կողմից: Նման ռեժիմները, շատ ավելի ազնիվ գտնվելով, իրենց երկրներում փակել էին հիմնադրամը՝ Բելառուսը, Թուրքիան, Ադրբեջանը, Ուզբեկստանը: Մեր նախկին իշխանությունն ավելի հմուտ էր հարցին մոտեցել: Իրեն հիմնովին քննադատող հ/կ-ներին պահում էր մարգինալացված, իմպոտենտ վիճակում՝ ցույց տալու համար՝ «մենք հո Ադրբեջան չե՞նք»…ս ա վարկած է, համենայն դեպս՝ այսքանը»:

Տիկին Մինասյանն անդրադարձավ նաեւ «ՎԵՏՕ» շարժման հիմնադիր Նարեկ Մալյանի հայտարարությանն այն մասին, թե իր տեղեկություններով՝ Լարիսա Մինասյանը կոշտ խոսակցություն է ունեցել վարչապետի հետ և պահանջել, որ անգամ ապօրինի մեթոդներով արգելեն «ՎԵՏՕ»-ի գործունեությունը, որպեսզի անարգել իրականացնեն իրենց «ադրբեջանասիրական, տրանսվիստիտամարմնավաճառասիրական գործունեությունը»:

Հիշեցնենք, որ Նարեկ Մալյանը հունվարի 28-ին բերման էր ենթարկվել ապօրինի զենք ունենալու կասկածանքով, ապա՝ բաց թողնվել:

Այս առնչությամբ էլ Լարիսա Մինասյանը տեղեկացրեց, որ Փաշինյանի հետ հեռախոսային կամ առերես որեւէ խոսակցություն չի ունեցել. «Հարգելի լրագրողներ, մի մեջբերեք ակնհայտ գռեհիկ սուտը, որը նպատակ ունի նվաստացնելու հանրությանը, որն իշխանություն է ընտրել, եւ հիմա ինչ-որ անձինք փորձում են հանրությանը «բացատրել», որ դա իրենք չեն ընտրել, այլ ինչ-որ մեկը»:

Լարիսա Մինասյանը հաստատեց նաեւ տեղեկությունը, որ «Իրավունք» թերթի հիմնադիր, նախկին պատգամավոր Հայկ Բաբուխանյանն իրենց հիմնադրամից դրամաշնորհ է ստացել՝ Բուդապեշտում գիտաժողովի մասնակցության նպատակով: Մինասյանը հաստատեց, որ Գեւորգ Կոստանյանն էլ ժամանակին ստացել է դրամաշնորհ՝ Սինգապուրում տեղեկատվական անվտանգության համաշխարհային միջոցառման մասնակցելու նպատակով: Ինչ վերաբերում է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին, նա ԲՀՀ-ից դրամաշնորհ չի ստացել, փոխարենը՝ 2005թ.-ին սահմանադրական բարեփոխումների փորձագիտական քննարկման նպատակով դրամաշնորհ ստացել է այն կազմակերպությունը, որում ժամանակին աշխատել է Թովմասյանը:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031