Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՀ ժամանած Չինաստանի քաղաքացիների մոտ կորոնավիրուս չի հայտնաբերվել, նրանք հսկողության ներքո են

Հունվար 29,2020 14:07

Չինաստանում 132 մարդու մահվան պատճառ դարձած նոր կորոնավիրուսի տարածման համար Հայաստանը համարվում է ցածր ռիսկային երկիր:

Այսօր այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Այս նոր վիրուսը գրանցվել է դեկտեմբերին, առաջին անգամ են հիվանդացության դեպքեր գրանցվում: Նանուշյանն ասաց՝ առողջապահության համաշխարհային կազմակերպության՝ ԱՀԿ-ի տվյալներով՝ այս պահին կորոնավիրուսի 4537 հաստատված դեպք է գրանցվել, 106-ը՝ մահվան ելքով: Միաժամանակ, ըստ Նանուշյանի, Չինաստանից ստացված պաշտոնական տվյալների համաձայն, Չինաստանում 5997 դեպք է գրանցվել, 132-ը՝ մահվան ելքով: Դեպքերի մեծ մասը Չինաստանում է եղել, բայց կան դեպքեր նաեւ Ֆրանսիայում, Գերմանիայում, ԱՄՆ-ում, Ճապոնիայում, Կորեայում, Թաիլանդում, Ավստրալիայում:

Փոխնախարարի փոխանցմամբ՝ հիմնական դեպքերն արձանագրվել են այն անձանց մոտ, որոնք ճամփորդել են Չինաստանի Ուհան քաղաք: Հիմա Ուհանում եւ համապատասխան շրջանում կարանտին է հայտարարված:

Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ ԱՆ ՀՎԿԱԿ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանն էլ մեր քաղաքացիներին հորդորեց առաջիկա երկու ամիսներին սահմանափակել այցելությունը Չինաստան:

Հայաստան-Վրաստան սահմանին երկու դեպքի արձանագրման մասին էլ Թորոսյանն ասաց՝ նրանք Չինաստանի քաղաքացիներ են, զբոսաշրջիկներ են, որոնք Վրաստանից էին Հայաստան ժամանել. «Եռակի ջերմաչափվել են, որեւէ գրիպանման խնդիր չի եղել, նրանցից մեկի մոտ 37 աստիճան ջերմություն է եղել, մեկուսացվել են՝ անվտանգությունից ելնելով, հսկողության տակ են»: Այն քաղաքացիները, որոնք Վրաստանից ժամանել են ՀՀ, ըստ Թորոսյանի, երկար ժամանակ Վրաստանում են եղել, այսինքն, վիրուսի գաղտնի շրջանում գտնվել են Վրաստանում, այնպես որ՝ որեւէ վտանգ չկա:

Թորոսյանն ասաց, որ Վրաստանը հերքել է այն լուրը, թե այդ երկրում կորոնավիրուսով հիվանդացության դեպք է գրանցվել:

Հայաստանը Չինաստանի հետ առեւտրային գործընկեր է. արդյոք վարակի փոխանցման վտանգ կա՞ Չինաստանից կենցաղային ապրանքների միջոցով: Թորոսյանը բացառեց, ասելով՝ որպեսզի վիրուսը զարգանա՝ կենդանի օրգանիզմում պետք է ապրի 14 օր, այնպես որ կենցաղային ապրանքներում այն չի կարող ապրել, իսկ սպիրտային կամ քլորային նյութերով վիրուսը հեշտությամբ ոչնչանում է:

Բացի այս, հունվարի 26-ից արգելվել է Չինաստանից ՀՀ կենդանական ծագման եւ ծովամթերքների ներմուծումը:

Հայաստանում եւ մեր տարածաշրջանում, ինչպես ասացին բանախոսները, չկան կորոնավիրուսի լաբորատոր թեսթեր: Թորոսյանը հույս հայտնեց, որ տաս օրից կլինի, սակայն եթե շտապ անհրաժեշտություն լինի, ապա հետազոտելու համար նմուշը կարող են ուղարկել ՌԴ, սակայն ԱՀԿ-ն լաբորատոր թեսթերն առաջնային այն երկրներին է տրամադրում, որոնք բարձր ռիսկային գոտում են կամ Չինաստանի հետ սահմանակից են:

Թորոսյանն ասաց, որ կորոնավիրուսի՝ մարդուց մարդուն փոխանցման դեպքերը միայն Չինաստանում են գրանցվել, այլ երկրներում արձանագրված դեպքերն, այսպես ասած՝ բերովի են:

Արդյոք Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացիներին վերադարձնելու ուղղությամբ աշխատանքներ տանում են, կամ կա՞ դրա անհրաժեշտությունը, հարցին ի պատասխան Նանուշյանն ասաց, որ ՀՀ ԱԳՆ-ն աշխատում է այդ ուղղությամբ, հորդորել են մշտապես կապի մեջ լինել: Թորոսյանն էլ ավելացրեց՝ այդ քաղաքացիների ցանկությունից է կախված նրանց վերադարձը:

Նախարարությունը տեղեկատվական թերթիկներ է պատրաստել զբոսաշրջային օպերատորների համար, որպեսզի եթե թերթիկում նշված նախանշանները նկատեն՝ տեղեկացնեն նախարարությանը:

Նանուշյանը ներկայացնելով ԱՀԿ-ի տվյալներն, ասաց՝ նախնական գիտահետազոտական արդյունքներով, վարակի փոխանցման աղբյուրը Ուհան քաղաքի շուկայում ծովամթերքների եւ այլ կենդանիների վաճառքի կետերն են, հնարավոր է վիրուսը վայրի կենդանիներից կամ ծովամթերքից է փոխանցվել մարդուն:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031