«Վաղ կենսաթոշակից օգտվելը իրավունք է: ՍԴ դատավորներն, անդամները իրենք են որոշում՝ օգտվո՞ւմ են այդ իրավունքից, թե՞ ոչ: Տարբեր աղբյուրներում նշվում է գոյություն չունեցող ճնշումների մասին, բայց դա բացառապես իրավունք է»,- այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը:
Իմքայլականները գտնում են, որ ՍԴ-ի շուրջ ստեղծված իրավիճակի հանգուցալուծումը կարող է լինել արժանապատիվ, վաղ կենսաթոշակի գնալը:
Հարցին՝ երբ վարչապետն ասում է, որ ՍԴ նախագահը կեղծիքով է ընտրվել, կեղծիքով ընտրված ՍԴ նախագահին ճի՞շտ է նման հնարավորություն տալ, որ գնա թոշակի ու պետբյուջեից վճարվի՝ Վահագն Հովակիմյանը պատասխանեց. «Դա վերաբերում է ՍԴ անդամներին, չի վերաբերում է Հրայր Թովմասյան անձին: Խնդրում եմ տարբերակել: Այդ հնարավորությունից կարող է օգտվել ՍԴ անդամը, իսկ թե ինչ իրավական գնահատականի կարժանանա որեւէ անձի գործողություն` դա դատարանների խնդիրն է, երկուսը չխառնենք»:
Հարցին՝ անմեղության կանխավարկածը չի՞ խախտել վարչապետը՝ ասելով, որ Հրայր Թովմասյանը կեղծիքով է ընտրվել՝ Լիլիթ Մակունցը պատասխանեց. «Դա քաղաքական եւ բարոյական գնահատական է եւ ոչ մի կապ չունի այն գնահատականի հետ, որը պետք է տան իրավապահները:
Կարդացեք նաև
Իսկ Հայկ Կոնջորյանն ասաց, որ իրավական աճպարարությամբ է Հրայր Թովմասյանը հայտնվել այդ պաշտոնում ու քանի որ այդ հանգամանքի հետ խնդիր կա, նա չի կարող հավասարության նշան դնել իր եւ Նիկոլ Փաշինյանի միջեւ. «Նիկոլ Փաշինյանն ամբողջությամբ արտահայտում է Հայաստանի քաղաքացիների կամքը եւ որևէ իրավական խնդիր այսօրվա իշխանության ձեւավորման հետ կապված գոյություն չունի»:
Վահագն Հովակիմյանն էլ հավելեց. «Հրայր Թովմասյանը երբեք չի կարող ո՛չ գործադիրի, ո՛չ նոր Հայաստանի ընտրված որեւէ պաշտոնյայի հետ հավասարը հավասարի հետ խոսել, որովհետեւ ինքը չունի այն լեգիտիմությունը, որն ունեն ՀՀ ընտրված իշխանությունները»:
Հարցին, թե ինչպե՞ս կարձագանքեք երեկվա «բռնել-բաց թողնելու» օպերացիային, որը հանրային քննարկման առարկա դարձավ՝ Մակունցը պատասխանեց, որ իրավապահ մարմինները պետք է հիմքեր ներկայացնեն, վաղը ոստիկանապետի հետ են հանդիպելու խմբակցության պատգամավորներով, այդ հարցն ուղղելու են նրան:
Դիտարկմանը, որ քննադատություն կա, որ քաղաքական հետապնդում է դա՝ Հայկ Կոնջորյանը պատասխանեց. «ՀՀ-ում չկա քաղաքական հետապնդում: ՀՀ-ում գործում է լիովին ժողովրդավարական համակարգ: Այն անձինք, որոնք երեկ բերման են ենթարկվել, քաղաքական գործիչներ չեն, հետեւեք նրանց բառապաշարին, ընդհուպ հայհոյանքներով, ընտանիքի, ծնողների նկատմամբ տարածվող խոսույթ, որը որեւէ կերպ չի տեղավորվում քաղաքական խոսույթի տրամաբանության մեջ: Հետեւաբար զուր են ջանքերը քաղաքական շղարշ քաշել երեւույթների վրա, որոնք ամենեւին քաղաքական չեն: ՀՀ-ում չկա քաղաքական որեւէ հետապնդում որեւէ մեկի նկատմամբ»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ