«Ադրբեջանն աշխարհում այն երկրների շարքում է, որոնք թշնամական միջավայր են լրագրողների համար»,- ԵԽԽՎ-ի «Եվրոպայում լրագրողների և լրատվամիջոցների ազատությանը սպառնացող վտանգների» մասին զեկույցում այսպիսի ձևակերպում կա:
Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) ձմեռային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում քննարկվող այս զեկույցի հեղինակն է Միացյալ Թագավորությունը ներկայացնող պատվիրակ Ջորջ Ֆոլկեսը: Փաստաթղթում հատուկ կետով մտահոգություն կա Ադրբեջանում լրագրողների նկատմամբ ճնշումների և խոսքի ազատության սահմանափակումների վերաբերյալ: Նշենք, որ հատուկ կետով այս թեմայով մտահոգություններ կան նաև Ռուսաստանում և Թուրքիայում տիրող իրավիճակի մասին:
Փաստաթղի 9.1 կետով ԵԽԽՎ-ն Ադրբեջանի իշխանություններին պահանջում է արմատապես փոխել այն թշնամական միջավայրը երկրում, որը լրջորեն խոչընդոտում է լրատվամիջոցների ազատությանը, մասնավորապես, չչարաշահել քրեական օրենսդրությունը լրագրողներին լռեցնելու համար, վերանայել ազատազրկման մեջ գտնվող լրագրողների և մեդիայի ներկայացուցիչների դեմ հարուցված գործերը, դադարեցնել անկախ լրատվամիջոցների կայքերի արգելափակումը, դադարեցնել քաղաքական և վարչական ճնշումները երկրում միակ անկախ լրատվամիջոցի՝ Թուրանի և «Լրագրողների ազատության և անվտանգության» ինստիտուտի նկատմամբ:
Զեկույցում հեղինակը նշում է, 2017-ից ի վեր 18 քրեական դատավարություն, դատապարտում և բանտարկություն է իրականացվել լրագրողների դեմ: 2019-ի մայիսի դրությամբ այս երկրում դեռ 5 ազատազրկված լրագրող կա: Մինչդեռ շուրջ 400 լրագրողներ, որոնք խուսափում են կառավարության հասցեին քննադատությունից որպես շնորհակալություն՝ նրանց վերջին տարիներին հատկացվել են բնակարաններ:
Կարդացեք նաև
Զեկույցում նշված են նաև Ադրբեջանի կողմից լրագրողների առևանգման և ազատազրկման մասին փաստեր: Օրինակ՝ Աֆղան Մուխտարլին, որը 2017-ի մայիսի 29-ին առևանգվել է Թբիլիսիից, ազատազրկվել է Ադրբեջանում:
Պատասխանելով հայ գործընկերների հայտարարություններին, թե Ադրբեջանում մամուլի ազատության հետ կապված լուրջ խնդիրներ կան՝ ԵԽԽՎ-ում ադրբեջանական պատվիրակության անդամ Սահիբա Գաֆարովան հայտարարեց. «Մեր հայ գործընկերները խոսում են Ադրբեջանում տիրող իրավիճակի մասին, սակայն նրանց ուզում եմ հիշեցնել, որ զեկույցում նաև Հայաստանն է հիշատակվում, և Հայաստանում իրավիճակն այնքան էլ կատարյալ չէ, ինչպես այստեղ ներկայացվեց»:
Տեղեկացնենք, որ զեկույցում Հայաստանում լրագրողների նկատմամբ ճնշումների հետ կապված երկու դրվագ կա: Մեկը «Ազատություն» ռադիոկայանի նախկին լրագրող, այժմ ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիսակ Գաբրիելյանի նկատմամբ հարձակումն էր, որը, ինչպես զեկուցում է նշված կատարվել է ՀՀԿ-ի զինված ներկայացուցիչների կողմից՝ խորհրդարանական ընտրությունների լուսաբանման ժամանակ: Մյուսը «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ հարձակումն է, որը հարձակման է ենթարկվել կառուցապատող ընկերության ղեկավարի կողմից: Նաև նշված է, որ 2018-ի ապրիլի 18-23-ի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջով կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ ոստիկանության կողմից թիրախավորվել են մի շարք լրագրողներ:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ