Լրահոս
Օրվա լրահոսը

Հեղափոխության սկզբից հիմնադրամը սատարել է սիրո ու համերաշխության վրա հիմնված փոփոխությունների գործընթացը. Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի ուղերձը

Հունվար 29,2020 13:24

Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանի ուղերձը լրատվամիջոցներին ու հանրությանը

Բաց հասարակության հիմնադրամները հիմնադրվել են Ջորջ Սորոսի կողմից, ով 1984 թ.-ից ի վեր 14 միլիարդ դոլար է նվիրաբերել բարեգործությանը: Հիմնադրամներն ամբողջ աշխարհում աջակցում են անհատներին ու կազմակերպություններին, որոնք պայքարում են մարդու իրավունքների պաշտպանության, արտահայտման ազատության, հաշվետու ու թափանցիկ կառավարման, արդարության և հավասարության համար:  Հայաստանում հիմնադրամն իր  գործունեությունը սկսել է 1997 թ-ին և այդ օրվանից աջակցում է մարդու իրավունքների պաշտպաններին, ընտանեկան բռնության և խոշտանգումների դեմ աշխատանք ծավալող  կազմակերպություններին, հետաքննող լրատվամիջոցներին, ընտրությունների ու պետական/հանրային/համայնքային եկամուտների մոնիթորինգ անցկացնող կազմակերպություններին, կրթական, մշակութային, առողջապահական հաստատություններին: Հիմնադրամն ուղղակի և անփոխարինելի ներդրում ունի ՀՀ-ում մարդու իրավունքների ու ժողովրդավարական արժեքների տարածման գործում և հպարտությամբ շարունակելու է այս ուղղությամբ աշխատանքը:

Հայաստանն արմատական փոխակերպման շրջադարձային փուլում է: Հեղափոխության սկզբից հիմնադրամը սատարել է սիրո ու համերաշխության վրա հիմնված փոփոխությունների գործընթացը: Մենք աջակցում ենք կայուն ու համակարգային փոփոխություններին, որոնք ուղղված են ավտորիտար ու կոռումպացված համակարգերի վերադարձի բացառմանը:

Սակայն արդեն տևական ժամանակ է հիմնադրամի և մեր գործընկերների դեմ իրականացվում է լայնածավալ հակաքարոզչություն ու տեղեկատվական աննախադեպ ագրեսիվ արշավ, որն ուղեկցվում է ատելության քարոզով ու հաճախ բռնության անթաքույց կոչերով: Այդ արշավի հեղինակները նենգափոխում են հիմնադրամի գործունեությունն ու դրա առաքելությունը, զրպարտում են  Ջորջ Սորոսին և խեղաթյուրում մեր և մեր գործընկերների աշխատանքին վերաբերող փաստերը:

Մենք գիտակցում ենք, որ Հայաստանում համակարգային փոփոխություններ պահանջելու և դրանց աջակցելու քաղաքացիական հասարակության ներուժն է մեզ ու մեր գործընկերներին դարձրել այս զրպարտիչ  արշավի թիրախը:  Թիրախի տակ է հանրային վստահությունը մեր երկրում ժողովրդավարական ինստիտուտների,  տասնամյակներ անց լեգիտիմ ճանապարհով ընտրված  Ազգային ժողովի ու ձևավորված  կառավարության հանդեպ:

Մինչ այս պահը մենք ձեռնպահ ենք մնացել հիմնադրամի մասին տարածվող ստերին անդրադառնալուց՝ այս արշավը համարելով ռևանշիստական եւ հետադիմական  ուժերի սադրանք՝ կեղծիքը ներմուծելու հանրային դիսկուրս: Սակայն վերջին ամիսներին նկատում ենք, որ որոշ լրատվամիջոցներ և լրագրողներ  ներգրավվել են այս ապատեղեկատվության և զրպարտության տարածման գործընթացին՝ շրջանառելով կեղծ լուրեր և թողարկելով  հարցազրույցներ, որոնց ընթացքում  ակնհայտ ստեր են հրամցվում լայն հանրությանը:

Հանրության շրջանում վախ և անվստահություն սերմանելու քաղաքականությունն իրականացվում է ոչ միայն Հայաստանում: Այն լայնորեն կիրառվում է  աշխարհի տարբեր ծայրերում, հատկապես ժողովրդավարության դեմ բացահայտ եւ քողարկված պայքար տանող  երկրներում: Հենց այս իրավիճակում առանցքային է դառնում լրատվամիջոցների աշխատանքը, որոնց վերապահված է բացահայտել ճշմարտությունը և անաչառ տեղեկատվություն հաղորդել հանրությանը:

Մենք հորդորում ենք լրատվամիջոցներին չներքաշվել ատելության ու ստի արշավի մեջ,  փոխարենը անաչառ լրագրությամբ բացահայտել և հանրությանը ներկայացնել ճշմարտությունը, հետաքննություններով  ու պրոֆեսիոնալ լրագրողական նյութերով դիմակայել ապատեղեկատվությանը, կեղծիքին, զրպարտությանը և մանիպուլյացիաներին:

Վերջին շրջանում որոշ լրատվամիջոցների կողմից առավել հաճախ շրջանառված կեղծ լուրերից  մի քանիսը ներկայացված են  ստորև։

Սուտ: Ջորջ Սորոսն իր ունեցվածքը ձեռք է բերել տարբեր երկրներում արհեստական ճգնաժամեր ու հեղափոխություններ հրահրելով և Բաց հասարակության հիմնադրամները դերակատարություն են ունեցել դրանում:

Փաստ: Ջորջ Սորոսն իր ունեցվածքը ձեռք է բերել ժողովրդավարական երկրների ֆինանսական շուկաներում, որոնք վերահսկվում են խիստ կարգավորիչ մարմինների կողմից:

Սուտ: Հիմնադրամը  ֆինանսավորել է Ադրբեջանի հանդեպ միակողմանի խաղաղասիրության քարոզը:

Փաստ: Հիմնադրամն Ադրբեջանի հանդեպ խաղաղասիրության քարոզ չի ֆինանսավորել:  Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ կապված որևէ նախաձեռնություն երբևէ չի ֆինանսավորել:

Սուտ: Հիմնադրամը դրամաշնորհներ է տրամադրել  ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին, նախարարի տեղակալ Գեմաֆին Գասպարյանին, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արևիկ Անափիոսյանին և պետական պաշտոն զբաղեցնող մի շարք այլ անձանց:

Փաստ: Հիմնադրամը կազմակերպություններին է դրամաշնորհներ տրամադրել, որտեղ մինչ պետական պաշտոն զբաղեցնելն աշխատել են նշված անձինք:

Սուտ: Հիմնադրամը կապ ունի  «Սասնա ծռեր» համահայկական կուսակցության հետ:

Փաստ: Հիմնադրամը երբևէ որևէ կապ չի ունեցել և չունի  «Սասնա ծռեր» կուսակցության հետ, չի աջակցել և չի աջակցում որևէ կուսակցության:

Սուտ: Հիմնադրամն աջակցում է Հայ առաքելական եկեղեցու դեմ հակաքարոզչության իրականացմանը:

Փաստ: Հիմնադրամը պաշտպանում է յուրաքանչյուրի խղճի և դավանանքի ազատությունը: Ի դեպ, Հայ Առաքելական եկեղեցին այն միակ կրոնական կառույցն է, որին հիմնադրամը երբևէ ֆինանսավորել է:  Մասնավորապես, դեռևս 2010-11 թթ-ին ՀԱԵ Արմավիրի թեմը   հիմնադրամից 50,000 դոլար դրամաշնորհ է ստացել՝ սոցիալապես անապահով 130 երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու  նպատակով։

Սուտ: Հիմնադրամը ֆինանսավորել է «Իմ մարմինն իմ անձնականն է» գրքի հրապարակումը, «Մել» ֆիլմը, «Հուզանք ու զանգ» ներկայացումը, «Բռնության ձայնը» անանուն նամակների հրապարակումը, Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարը:

Փաստ:  Հիմնադրամն աջակցում է մեր երկրում ամենաբարդ ու խնդրահարույց հարցերի բաց ու հանրային քննարկմանը, բայց չի ֆինանսավորել այդ նախաձեռնություններից որևէ մեկը:

Սուտ: Ջորջ Սորոսը և Հիմնադրամը քարոզում են աբորտները:

Փաստ: Հիմնադրամը պայքարում է սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների դեմ: Միևնույն ժամանակ Հիմնադրամն աջակցում է կանանց՝ առողջության պահպանման համապարփակ և անվտանգ ծառայություններ ստանալու իրավունքը, որ իրացնում են կամավոր եւ ինքնուրույն:

Սուտ: Հիմնադրամը խրախուսում է «տրանսգենդեր մարմնավաճառների  քարոզը»:   

Փաստ: Սա բացարձակ սուտ է: Հիմնադրամի կողմից երբևէ նման քարոզ չի իրականացվել:

Սուտ: Հիմնադրամն իրականացնում է մարդասպանների, ահաբեկիչների հերոսացման քարոզ:

Փաստ: Հիմնադրամը երբևէ նման քարոզ չի իրականացրել: Հիմնադրամը պայքարել և պաշտպանել է արդարադատության հասանելիության հիմնարար իրավունքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031