Լրահոս
Օրվա լրահոսը

Իմքայլականները հորդորում են քաղաքական ընդդիմադիրի դիրքերից հանդես եկող Հրայր Թովմասյանին համեմատել զուսպ բառապաշարով Գագիկ Հարությունյանի հետ ու տեսնել տարբերությունը

Հունվար 29,2020 13:12

Այսօր ԱԺ ճեպազրույցի ժամանակ «Իմ քայլը» խմբակցության անդամներն անդրադարձան Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի վերջին հարցազրույցին: Ինչ վերաբերում է իշխանությունների՝ իր հետ չաշխատելու ցանկությանը՝ նա ասել էր. «Իսկ իրենց ո՞վ է հարցնում՝ իրենք ուզո՞ւմ են, թե՞ չեն ուզում։ Իրենց ո՞ր լիազորության մեջ է գրված, որ իրենք պետք է ուզեն, որ Հրայր Թովմասյանն աշխատի։ Նույն կերպ կարող ես հակառակ հարցադրումն անել՝ իսկ Հրայր Թովմասյանն ուզո՞ւմ է, որ իրենք աշխատեն, թե՞ ոչ, իշխանության երեք թևերից մեկի ղեկավարն ինքն է, մեկինը՝ ես, որքան ինքը կարող է ուզել կամ չուզել, նույնքան ես կարող եմ ուզել, թե չուզել։ Իր ուզել կամ չուզելն այս հարցում հինգերորդական կամ տասներորդական է»։

Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ նախ, հստակ պետք է տարանջատել անձերին. «Որպես ԱԺ պատգամավոր, ՍԴ-ի դատավորը, անդամը հետաքրքրում է միայն մասնագիտական անաչառության տեսանկյունից ու այն տեսանկյունից, որ նա չի ենթարկվում որեւէ արտաքին գործոնների, ընդ որում, ոչ միայն իշխանության ազդեցությունից է զերծ, այլեւ՝ ցանկացած: Հասկանանք, թե ինչ է ՍԴ-ի հետ տեղի ունենում: ՍԴ-ն, որպես ինստիտուտ, 2015-ի սահմանադրական փոփոխություններից հետո լիարժեք չի գործում, որովհետեւ ՍԴ-ում երկու տարբեր ռեժիմներ են գործում ՍԴ դատավորների եւ անդամների համար: Անցումային դրույթները բացակայում են, թերի են, որով պետք է նոր սահմանադրության անցնեն: Չմտնելով այն դաշտ, թե դա դիտավորությամբ է արվել, թերացում է, թե ինչ է, այն անցումային դրույթները, որոնք պետք է ապահովեին լիարժեք անցում սահմանադրական նախկին ռեժիմից ներկա ռեժիմին, այս պահին դա արված չէ: Մենք արձանագրում ենք այս խնդիրը: Բացի վստահության ճգնաժամը, վստահության խնդիրը, որը պետք է բարձրացվի, ՍԴ-ի լիարժեք գործելու համար այս խնդիրն էլ պետք է արձանագրել՝ լիարժեք գործելու համար»:

Վահագն Հովակիմյանն էլ ասաց, որ Հրայր Թովմասյանի հայտարարությունները քաղաքական ընդդիմախոսի համատեքստում են տեղավորվում, բայց նրա բառապաշարում որեւէ քաղաքական բառ չպետք է լինի. «Հրայր Թովմասյանի պրոբլեմն այդտեղ է հենց, որ ՍԴ նախագահը քաղաքական ընդդիմախոսի դիրքերից է հանդես գալիս, ինչն արդեն իր պաշտոնին իրեն անհամատեղելի է դարձնում»: Հարցին, թե ո՞րն է նրա օգտագործած քաղաքական բառապաշարը՝ Հովակիմյանը պատասխանեց, որ հենց միայն իր ասածը, որ «գնալու եմ մինչեւ վերջ», դրա մասին է խոսում: Հովակիմյանը հորդորեց ՍԴ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանի ելույթները լսել, երբ լարված իրավիճակում խոսում էր, ըստ պատգամավորի, նա երբեք իր բառապաշարում այնպիսի ձեւակերպումներ չի ունեցել, որոնցից կարելի էր եզրակացնել, որ հանդես է գալիս իշխանության կամ ընդդիմության դիրքերից:

Մակունցը Հրայր Թովմասյանի հարցազրույցից մեկ այլ օրինակ բերեց՝ ՍԴ նախագահը խոսում էր Արցախից, Արցախի հիմնախնդրից. «Սա ի՞նչ է, եթե ոչ քաղաքական խոսք»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031