Այսօր ԱԺ ճեպազրույցների ժամանակ «Իմ քայլը» խմբակցությանը հարցրեցին՝ դուք երկար ժամանակ համերաշխ աշխատել եք ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի հետ, բայց վերջին շրջանում «փոխհրաձգություն» է, ինչպե՞ս եք վերաբերում նրա վերջին հայտարարություններին: Հիշեցնենք, որ Վանեցյանը հորդորել էր իշխանական մեծամասնությանը գրիչի պատմությունից հետո վարչապետի նոր թեկնածու առաջադրելու հարց քննարկել:
Խմբակցության պատգամավոր Հայկ Կոնջորյանը պատասխանեց, որ Վանեցյանի հանրային, հասարակության համար ճանաչելի գործունեությունը սկսել է հեղափոխությունից հետո ու նա իր ճանաչման համար բացառապես պարտական է հեղափոխությանը, մասնավորապես՝ ՀՀ վարչապետին, որը վստահել է իրեն. «Այն հայտարարությունները, որ այսօր անում է Արթուր Վանեցյանը, մենք պիտի հասկանանք՝ դրան վերաբերում ենք ԱԱԾ նախկին պե՞տ Արթուր Վանեցյանի հայտարարություններ, թե՞ քաղաքական հայտ ներկայացնող Վանեցյանի հայտարարություններ: Դրանք, ըստ էության, նրբերանգներ ունեն: Քաղաքական հայտարարությունները, որ նա անում է, բավականին մակերեսային են, նա չունի որեւէ քաղաքական կապիտալ, իր հանրային գործունեությունը բացառապես տեղավորվել է ԱԱԾ տնօրեն լինելու շրջանակներում, իրականությունից կտրվածության դրսեւորումներ ունի եւ կոնկրետ քաղաքական ասելիքի բացակայություն եմ ես այդտեղ տեսնում»:
Խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն ասաց, որ իրենք այլեւս չեն անդրադառնալու Վանեցյանի հայտարարություններին, երբ նա կհայտարարի այն մասին, որ ինքը զբաղվում է քաղաքականությամբ, այդ ժամանակ հստակ կլինեն բոլորի դիրքավորումները ու կհասկանան՝ Արթուր Վանեցյանին որպես ի՞նչ են արձագանքում:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ