Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Զրպարտում են Ջորջ Սորոսին, նենգափոխում հիմնադրամի գործունեությունն ու առաքելությունը». Լարիսա Մինասյան

Հունվար 29,2020 12:12

«Մենք աջակցում ենք կայուն եւ համակարգային փոփոխություններին, որոնք բացառում են ավտորիտար եւ կոռուպցիոն համակարգի վերադարձը, սակայն տեւական ժամանակ է՝ հիմնադրամի եւ մեր գործընկերների դեմ իրականացվում է լայնածավալ հակաքարոզչություն եւ տեղեկատվական աննախադեպ ագրեսիվ արշավ, որն ուղեկցվում է ատելության քարոզով, իսկ հաճախ՝ բռնության կոչերով»,-«Մեդիա կենտրոն»-ում լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց «Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան»-ի գործադիր տնօրեն Լարիսա Մինասյանը:

Նրա խոսքով՝ այդ արշավի հեղինակները նենգափոխում են հիմնադրամի գործունեությունն ու առաքելությունը, զրպարտում Ջորջ Սորոսին, խեղաթյուրում իրենց եւ իրենց գործընկերների աշխատանքին վերաբերող փաստերը. «Մենք գիտակցում ենք, որ ՀՀ-ում համակարգային փոփոխություններ պահանջելու եւ դրանց աջակցելու քաղաքացիական հասարակության ներուժն է մեզ եւ մեր գործընկերներին դարձրել այդ զրպարտիչ արշավի թիրախը»:

Լարիսա Մինասյանը նշեց, որ մինչ այս պահն իրենք ձեռնպահ ենք մնացել հիմնադրամի մասին տարածվող ստերին անդրադառնալուց՝ այս արշավը համարելով հետադիմական եւ ռեւանշիստական ուժերի սադրանք, սակայն վերջին ամիսներին նկատում են, որ որոշ լրագրողներ եւ լրատվամիջոցներ ներգրավվել են ապատեղեկատվության եւ զրպարտության տարածման գործընթացում՝ շրջանառելով կեղծ լուրեր եւ թողարկելով հարցազրույցներ, որոնք ստեր են մատուցում հանրությանը:

Մինասյանն ընդգծեց, որ հանրության շրջանում վախ եւ անվստահություն սերմանելու քաղաքականությունն իրականացվում է ոչ միայն ՀՀ-ում. «Այն լայնորեն կիրառվում է տարբեր երկրներում՝ ժողովրդավարության դեմ բացահայտ եւ քողարկված պայքարող երկրներում հատկապես: Հենց այս իրավիճակում առանցքային է ԶԼՄ-ների աշխատանքը, որոնց վերապահված է անաչառ տեղեկատվություն հաղորդել: ԶԼՄ-ներին հորդորում ենք չներգրավվել ատելության եւ ստի արշավում, փոխարենը՝ անաչառ լրագրությամբ բացահայտել եւ հանրությանը ներկայացնել ճշմարտությունը»:

Լարիսա Մինասյանը հավելեց, որ Ջորջ Սորոսի հիմնադրած ԲՀՀ-ն ՀՀ-ում գործում է դեռեւս 1997թ.-ից եւ աջակցում է մարդու իրավունքների պաշտպաններին, հետաքննող լրագրողներին, ընտանեկան բռնության եւ խոշտանգումների դեմ աշխատանք ծավալող կազմակերպություններին, կրթական, մշակութային եւ առողջապահական հաստատություններին. «Այն անփոխարինելի ներդրում ունի մարդու իրավունքների եւ ժողովրդավարական արժեքների տարածման գործում եւ հպարտությամբ շարունակելու է իր գործունեությունը»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031