Լրահոս
Օրվա լրահոսը

Գագիկ Համբարյան. Այն ատելությունը, որը կա հասարակության մեջ, որը հիմնականում գեներացվում է գործող իշխանությունների կողմից. «Փաստ»

Հունվար 29,2020 12:07

Այն ատելությունը, որը կա հասարակության մեջ, որը հիմնականում գեներացվում է գործող իշխանությունների կողմից, մի օր մի տեղից պայթելու է»,-«Փաստի» հետ զրույցում ասաց քաղաքագետ Գագիկ Համբարյանը՝ նշելով, որ այս իրավիճակում իրենց մեծ լուման ունեն այսօրվա իշխանությունները։

«Իրենք են «թրենդը» տալիս ու ստիպում, որ մյուս ուժերը կամ գործիչները շարժվեն ըստ այդ «թրենդի»։ Իսկ ցածր մակարդակ ասելով՝ նկատի չունեմ միայն պատին, ասֆալտին ծեփելու կամ զուտ գոռգոռալու խնդիրը։

Այդ հարաբերությունների ու դիսկուրսի ինտելեկտուալ մակարդակը նույնպես սարսափելի ցածր է։ Այս ամենի վառ ապացույցը վերջին սկանդալն էր՝ կապված ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հետ։

Երկու օր դեգերելուց հետո Ն. Փաշինյանը գալիս ու գրիչ է ցույց տալիս՝ հայտարարելով՝ Հ. Թովմասյանը սրանով էր ինձ փորձում քծնել։ «Հուժկու», «արժանահավատ պատասխանը», որին ամբողջ հասարակությունը սպասում էր, գրիչ էր։

Իրավիճակն արդեն անգամ մանկապարտեզային չէ։ Սա նաև վիրավորանք է հասարակությանը։

Բացի այդ, ես մի վտանգավոր երևույթ էլ եմ տեսնում։ Հասարակության աչքին իրեն փչացնելով՝ Ն. Փաշինյանը իր հետ փորձում է տանել նաև իր թիմակիցներին։

Մեր օրերում անգամ կարող ենք տեսնել, թե ինչպես է վարչապետ բառը մեծատառով գրողը դիմացինին մեղադրում քծնանքի մեջ՝ գրիչ տալու կամ ջան բառը օգտագործելու համար։ Լավ, մենք, առհասարակ, այսպես ո՞ւր ենք հասնելու»,-նշեց Գ. Համբարյանը։

Սահմանադրական դատարանի շուրջ ստեղծված իրավիճակը, նոր զարգացումները, ըստ քաղաքագետի, տեղավորվում են հիմնականում բոլոր ինստիտուտներն իշխանությանը ենթարկեցնելու գաղափարի մեջ։

«ՍԴ-ի շուրջ իրավիճակը ստեղծվել է հենց այն պատճառով, որ Հրայր Թովմասյանը չի համաձայնել «համբուրել» Ն. Փաշինյանի աջը, ինչն արեցին շատերը։ Ն. Փաշինյանը մեծ ուրախությամբ համագործակցում է նախորդ իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչների հետ, բայց Կապանում առանց վատ զգալու հայտարարում է, որ ինքը ցանկություն չունի համագործակցել նախորդ՝ կոռումպացված ռեժիմի որևիցե ներկայացուցչի հետ։

Այս ամենը մանկամտություն է հիշեցնում։ Ծիծաղելի, այսպես ասած, ոտքի վրա սարքած փաստարկներ են բերվում, որոնցով, սակայն, հնարավոր չէ ազդել հասարակության ավելի խորը և սթափ մտածող հատվածի վրա։

ՍԴ-ի շուրջ ստեղծվածը արդեն խայտառակ իրավիճակ է, որովհետև պարզվեց, որ Ն. Փաշինյանն արդեն նաև դատավոր է։

Մենք իրավապահ մարմիններից որևէ քննության արդյունք չունենք, բայց Փաշինյանը կանխավ որոշել է, որ ՍԴ նախագահն ընտրվել է կեղծիքներով»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հետհեղափոխական շրջանում տարբեր մեթոդներով իշխանությանը հաջողվել է ենթարկեցնել մի շարք կառույցների և ինստիտուտների։

«Հիմա մնացել է ՍԴ-ն։ Ն. Փաշինյանն արհամարհում է կառավարման համակարգում գործող ինստիտուտների վարկանիշը։ Նա առաջնորդվում է անձնական ու ներթիմային շահերով՝ չընդունելով, որ որևէ ինստիտուտ կարող է անկախ լինել։

Միակը, որն այսօր չի վերահսկվում, ՍԴ-ն է, որին ամեն գնով փորձում է հասնել»,-հավելեց զրուցակիցը։

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031