Լրահոս
Օրվա լրահոսը

Ավետիք Չալաբյան. Կոչ եմ անում իշխանությանը՝ չտրվել ոստիկանական մեթոդներով քաղաքական խնդիրներ լուծելու գայթակղությանը՝ Հայաստանում դրանք դատապարտված են

Հունվար 29,2020 11:32

Հունվարի 28-ին, երբ մեր ողջ ժողովուրդը միահամուռ նշում էր Հայոց բանակի օրը, տեղի ունեցավ մի տարօրինակ իրադարձություն, որը մթագնեց համաժողովրդական ցնծությունը՝ Ոստիկանությունը ակնհայտ շինծու մեղադրանքներով բերման ենթարկեց մի շարք քաղաքական ակտիվիստների։ Ու թեև բոլորը նույն օրվա ընթացքում ազատ արձակվեցին, դառը նստվածքը մնաց, և ես կուզեի այդ կապակցությամբ մի քանի դիտարկմամբ կիսվել՝

ա) Քաղաքականությունը, ըստ սահմանման, մրցակցային գործընթաց է՝ ավելին, այն խաղի կոշտ կանոններ ունի, և քաղաքական մրցակիցները և հակառակորդները իրար խոսքով հաճախ չեն խնայում։ Սակայն այն պահից, երբ կողմերից մեկը դիմում է բռնության, ահաբեկչության, կամ ոստիկանական ուժի անհամաչափ կիրառման, այն դուրս է դնում իրեն նույնիսկ այդ խաղի կանոններից, և դուռ է բացում ատելության ու շարունակական բռնության համար։ Մենք դա տեսել ենք անցյալում, տեսել ենք դրա դառը հետևանքները, և չենք ուզում այլևս այդպես շարունակել։

բ) Իշխանությունը լրացուցիչ պատասխանատվություն ունի այստեղ, քանի որ այն ոչ միայն քաղաքական մրցակցության կողմ է, այլև հանրության կողմից օժտված է բացառիկ իրավունքով և պատասխանատվությամբ՝ տնօրինել պետության ուժային ռեսուրսները, և տնօրինել դրանք ի բարօրություն նույն այդ պետության և հասարակության։ Երբ այն սկսում է օգտագործել այդ ռեսուրսները կամայական եղանակով, սեփական քաղաքական հակառակորդներին ահաբեկելու համար, վաղ թե ուշ հասարակությունը ըմբոստանալու է դրա դեմ, և զրկելու է նույն այդ իշխանությանը իր իսկ կողմից տրամադրած ուժային ռեսուրսներից։ Մենք դա էլ տեսել ենք մեր կյանքում տառացիորեն երկու տարի առաջ, այդ դասը պետք է բավարար լիներ, որ էլ ոչ մի իշխանություն Հայաստանում այլևս չփորձեր չարաշահել պետության ուժային ռեսուրսները։

գ) Մեզնից յուրաքանչյուրն ունի իր քաղաքական հայացքները, և կարող է կիսել կամ չկիսել երեկ բերման ենթարկված քաղաքական ակտիվիստների մոտեցումները։ Անձամբ ես իրենց շատ հայացքներ չեմ կիսում, բայց ես պատրաստ եմ պաշտպանել այդ հայացքները խաղաղ կերպով ներկայացնելու և իրենց քաղաքական նպատակները օրինական եղանակներով հետապնդելու իրավունքը՝ դա ոչ միայն իրենց, այլև մեր հասարակության իրավունքն է՝ ունենալ տարբեր տեսակետներ, տեղեկատվություն ստանալ տարբեր աղբյուրներից, ունենալ ընտրության հնարավորություն, և ի վերջո կատարել սեփական ընտրությունը գիտակից կերպով՝ սա է ժողովրդավարության ողջ իմաստը, և ոչ թե ժողովրդի անունից անընդհատ վերամբարձ խոսելը։

Այսքանով, ես իմ զորակցությունն եմ հայտնում երեկ բերման ենթարկված ակտիվիստներին, և կոչ եմ անում իշխանությանը՝ չտրվել ոստիկանական մեթոդներով քաղաքական խնդիրներ լուծելու գայթակղությանը՝ Հայաստանում դրանք դատապարտված են, և ժողովրդական բողոքի ալիքի վրա եկած այս իշխանությունը առաջինը պետք է դա հասկանա։ Բոլորիդ ցանկանում եմ լավ օր, առանց նոր փորձությունների։

Ավետիք ՉԱԼԱԲՅԱՆ

«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ

«Ազգային օրակարգ» կուսակցության հանրային կապերի թիմ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031