Լրահոս
Օրվա լրահոսը

Հայագիտության վերազինված կենտրոն ԱՄՆ-ում. «Ամերիկայի ձայն»

Հունվար 29,2020 10:23

«Ամերիկայի ձայն». Միացյալ Նահանգների Բոստոն քաղաքի հարեւանությամբ գործող հայագիտության կենտրոնը՝ Հայագիտության ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ընկերակցությունը, վերջերս նոր վերազինված շենք է տեղափոխվել: Ընկերակցության գործադիր տնօրեն Սարա Իգնեյշսի խոսքով, նոր ժամանակակից գրասենյակը նոր հնարավորություններ է ընձեռում գիտական հետազոտություններ անցկացնելու համար. Խոշոր գրադարան, տեխնիկական սարքավորումներով հագեցած աշխատասենյակներ, գիտաժողովներ անցկացնելու համար նախատեսված դահլիճներ:

1950-ականներին Բոստոնում հիմնադրված Հայագիտության ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ընկերակցության սկզբնական նպատակն էր նպաստել հայագիտության ամբիոնների ստեղծմանը Միացյալ Նահանգների առաջատար գիտական կենտրոններում: Այսպես, կազմակերպության օգնությամբ ավելի քան կես դար առաջ հայագիտության ամբիոններ ստեղծվեցին Հարվարդում եւ Լոս Անջելեսի Կալիֆոռնիայի Համալսարանում: Վերջին տարիներին հայագիտության տարածման հետ միասին փոխվում են նաեւ ընկերակցության առաջնահերթությունները.

«Մեր կազմակերպությունը միայն վերջին տարիներին անհամեմատ ավելի մեծ դիմումներ է ստանում հայագիտության ոլորտում գիտական հետազոտություններ կատարելու համար. այստեղ կան գիտնականներ ոչ միայն ԱՄՆ-ից կամ Հայաստանից, այլեւ Եվրոպայից, Լատինական Ամերիկայից, պատմաբաններ, ովքեր ուսումնասիրում են քաղաքակրթության վաղ ժամանակահատվածը, հնագետներ, սակայն նաեւ գիտնականներ, ովքեր հետազոտում են ժամանակակից հայագիտության խնդիրներ»:

Այսօր Սարա Իգնեյշսի խոսքով կարելի է քննարկել ընկերակցությունը միջազգային կառույցի վերածելու հեռանկարը:

Ընկերակցության գիտական հետազոտությունների տնօրեն Մարք Մամիգոնյանի խոսքով հայագիտությունը վերջին տարիներին դիտարկվում է ավելի լայն համատեքստում.

«Գիտնականներ, ովքեր զբաղված են օսմանյան, թուրքական, ռուսական խնդիրների ուսումնասիրություններով, ովքեր ուսումնասիրում են համայնքների կամ ցեղասպանությունների ընդհանուր խնդիրները ավելի հաճախ են սկսել իրենց աշխատանքների մեջ ներառել հայագիտությունը»:

Նվիրատվություններով կառուցված Հայագիտության ուսումնասիրությունների եւ հետազոտությունների ազգային ընկերակցության նոր գրասենյակում այժմ վերջին մանրուքներն են շտկում, սակայն այստեղ արդեն իսկ ժամանում են թե՛ գիտնականներ եւ թե՛ պարզապես հայագիտությամբ հետաքրքրված մարդիկ՝ իրենց համար նոր մանրամասներ բացահայտելու հայ ժողովրդի անցյալի ու ներկայի մասին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031