Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական շահարկումներից դուրս

Հունվար 29,2020 10:00

Անցած շաբաթ Երուսաղեմում կայացավ Հոլոքոսթի՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ կատարված հրեաների ցեղասպանության հիշատակին նվիրված համաժողովը: Այդ միջոցառումը ժամանակի առումով (բնականաբար, ոչ պատահաբար) համընկավ լեհական Օսվենցիմ քաղաքում գտնվող նացիստական համակենտրոնացման ճամբարի՝ խորհրդային զորքերի կողմից ազատագրման 75-ամյակի հետ: 1945 թվականի հունվարի 27-ին տեղի ունեցած այդ իրադարձությունը հիմք դարձավ ամեն տարի այդ օրը Հոլոքոսթի զոհերի հիշատակը նշելու համար: Համաժողովի հյուրերի թվում էին մի քանի տասնյակ երկրների ղեկավարներ, այդ թվում՝ ՌԴ, Ֆրանսիայի, Իտալիայի, Ավստրիայի, Գերմանիայի նախագահները, ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը, Բրիտանիայի արքայազն Չարլզը: Միլիոնավոր անմեղ զոհերի հիշատակն օգնել է համաշխարհային լիդերներին գոնե մեկ օրով մոռանալ տարաձայնությունների մասին:

Միանգամայն տեղին էր, որ համաժողովին մասնակցում էր նաեւ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը: Մենք՝ հայերս, այդ իրադարձության հետ կապ ունենք երկու հանգամանքով՝ նախ հաղթանակ տարած Խորհրդային բանակում մեր հայրենակիցներն ունեն իրենց պատվավոր տեղը: Եվ երկրորդ՝ որպես ցեղասպանություն ապրած ազգ մենք չենք կարող չզգալ ուրիշի ցավը:

Ցավոք, պատմական հայտնի իրադարձություններն այս դեպքում էլ ոչ բոլորին են միավորել: Պատճառն այն է, որ պատմությունը տարբեր ազգեր եւ պետություններ տարբեր ձեւով են մեկնաբանում:

Ուկրաինայի ղեկավար Վլադիմիր Զելենսկին, օրինակ, կարծում է, որ Օսվենցիմն ազատագրել է ոչ թե Խորհրդային բանակը, այլ ուկրաինական զորքերը՝ այն հիմքով, որ Լեհաստան մտած զորամիավորման անունն էր «Առաջին Ուկրաինական ճակատ»: (Երիտասարդ ընթերցողների համար նշեմ, որ Խորհրդային բանակի մաս կազմող այդ ճակատը կազմավորվել է Ստալինի հրամանով 1943 թվականի հոկտեմբերի 20-ին: Այդ ճակատի մարտիկների թվում էին ԽՍՀՄ բոլոր ժողովուրդների ներկայացուցիչները: Բնականաբար՝ նաեւ հայերը): Զելենսկին Երուսաղեմում հրաժարվեց մասնակցել համաժողովի գլխավոր միջոցառումներից մեկին (այդպիսով արտահայտելով իր վերաբերմունքը Պուտինի հանդեպ), իսկ հետո Լեհաստանում լիքը վատ բաներ խոսեց Խորհրդային միության եւ նրա ժառանգորդ Ռուսաստանի մասին:

Այնպես չէ, իհարկե, որ այդ պետությունների մասին ծանր խոսքեր ասելու տեղ չկա: Բայց մի բան է, երբ խոսում ես Ստալինի կամ Պուտինի ռեժիմի մասին (որոնց գենետիկական կապն ակնհայտ է), մեկ այլ բան է, երբ խոսքը Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին է, որտեղ միլիոնավոր մարդիկ, նաեւ տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ կռվում եւ զոհվում էին հանուն հայրենիքի:

Այդ է պատճառը, որ այս հարցում պետք է հնարավորինս խուսափել քաղաքական շահարկումներից եւ առավելագույն նրբանկատություն դրսեւորել: Նաեւ դա է պատճառը, որ իմ ընկալմամբ, այդ պատերազմը, ի հեճուկս բոլոր «ժամանակակից հովերի», շարունակում է մնալ Մեծ Հայրենական պատերազմ:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Seyran says:

    Հետաքրքիր է,որ երկրորդ համաշխարհայինում միայն զոհեր տված և փոխարենը ոչինչ չստացած հայերս ենք հպարտանում հաղթանակի համար,իսկ լեհերը,ուկրաինացիները,որոնց տարածքները ավելացել են 1/3-ով,դժգոհում են ….

  2. Gohar says:

    ԱՄՆ-ում էլ սկսած տարրական դպրոցներից այն միտումն է, որ 2-րդ Համաշխարհայինում հաղթողը եղել է հզոր Ամերիկան։ Ուղեղների համատարած լվացում ։

Պատասխանել

Օրացույց
Հունվար 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Դեկ   Փետ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031